ҽ

Թայլանտցի Թանիան պատմում է իր անցած հոգեւոր ճանապարհի մասին Թայլանտցի Թանիան պատմում է իր անցած հոգեւոր ճանապարհի մասին   Պատմութիւնը

Թանիա. երիտասարդ թայլանտցի աղջկայ հաւատքի ճանապարհը :

«Երբեմն կան պատմութիւններ, որոնք անսպասելի եւ անհաւանական են, սակայն պատահում են կեանքում»: Ծնուած Պուտտայականութեան կրօնի հետեւորդ թայլանտական ընտանիքում՝ Թանիան ընդունեց կաթողիկէ դաւանանքը: Նոյեմբեր ամսին Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի Թայլընտ կատարած այցելութիւնը Թանիային ուժ տուեց «սկսելու իր հանրային կեանքը»:

Մարի Դուհամել – Վատիկան

Տարրական դպրոց յաճախելու տարիներին էր, որ Թանիան իր համար բացայայտեց քրիստոնէութիւնը: Թայլընտի մէջ Եկեղեցին ղեկավարում է 370-ից աւելի հաստատութիւն, որտեղ իրենց դպրոցական կրթութիւնն են ստանում աւելի քան 500 000 աշակերտ, ինչը զգալիօրէն գերազանցում է երկրում ապրող 390 000-ից պակաս կաթողիկէների թիւը:
Համալսարանները, վարժարանները, տարրական դպրոցները կամ նախակրթարանները շատ լաւ համբաւ ունեն, սակայն, այն ժամանակ Թանիայի ծնողների ընտրութեան դրդապատճառն այս հաստատութիւնների բարձր վարկանիշը չէր: Լինելով պուտտիսթ, ինչպէս Թայլընտի բնակչութեան աւելի քան 95%-ը, նրանք իրենց դստերը կաթողիկէ դպրոց են ուղարկել գործնական նկատառումներից ելնելով՝ դպրոցի շէնքը շատ հեռու չէր:

Եկեղեցու ձգողականութեան ուժը

Սա ամենեւին էլ չէր նշանակում, որ փոքրիկ աղջնակը դառնում է կաթողիկէ, այնուամենայնիւ, Թանիան շատ վաղ հասակից սկսած համակւում է Աւետարանի խօսքով, եւ յատկապէս՝ Յովհաննէսի Գրքի առաջին տողերով. «Սկզ¬բից էր Բա¬նը եւ (...) եւ Բա¬նը մար¬մին եղաւ»: «Այն ժամանակ այս խօսքերի իմաստը բոլորովին չէի հասկանում», - խոստովանում է նա: Այնուհետեւ, հազարաւոր հարցեր են ծագում նրա մտքում: Աղջնակը զգում է՝ ինչ-որ բան պակասում է եւ ստիպում նրան փնտռել. «Գուցէ՞ Սուրբ Հոգին»: Նա մտածում է, որ խաղաղութիւն չի գտնի այնքան ժամանակ, քանի դեռ իր այս հարցերին պատասխան չունի: Թանիան կանխազգալով այս տողերի կարեւորութիւնը ինքն իրեն խոստանում է բացայայտել այս խօսքերի «խորհուրդը»:
Իր հոգեւոր վերածնունդի համար Թանիան պարտական է նաեւ դպրոցի ուսուցիչներից մէկին: Վերջինս «շատ բարի եւ սրտաբաց» մարդ էր եւ, չնայած իր կաթողիկէ պատկանելիութեանը՝ երբեւէ չի փորձել դաւանափոխ անել իր ուսանողներին: «Նա ինձ շատ է օգնել հաւատքի այս ճանապարհին»: Ուսուցչի շնորհիւ նա սկսում է գիտակցել, որ քրիստոնէութիւնն «իր կեանքն» է, եւ «այն է, ինչ փափաքում եւ փնտռում է»:
Այս համոզումից ելնելով՝ երիտասարդ աղջնակը մկրտուելու ցանկութիւն է յայտնում: 12 տարեկան հասակում, նա թախանձագին խնդրում է մեծ մօրը, ով մօտ է կանգնած ճիզվիթներին, օգնել իրեն: «Համալսարանում, դասախօսներից մէկը ճիզվիթ էր, եւ ես պարզեցի, որ ամուսնութեան ժամանակ նա էր խօսք ասել»: Սակայն մեծ մօր միջնորդութիւնը ձախողւում է: Թանիայի ծնողները պուտտիսթներ են, ուստի, «այս միտքը շատ վատ ընդունելութեան արժանացաւ»:
«Ես այլեւս այդ մասին չը խօսեցի»: Նա ընտանիքից թաքցնում է Յիսուսի եւ քրիստոնէութեան նկատմամբ իր տածած սէրը, սակայն մտքում միշտ ունենալով այս գաղափարը, ինքն իրեն խոստանում է դաւանափոխ լինել, «եթէ օրերից մէկ օր» առիթ ընձեռուի կամ «բախտ վիճակուի առաջ շարժուել սեփական հաւատքի մէջ եւ մկրտութիւն խնդրել»:
Նա տարիներ շարունակ լռութիւն պահպանեց: Պանքոքում չի կարելի այդ մասին խօսել ո՛չ վարժարանում, եւ ո՛չ էլ համալսարանում:

Սուրբ Իգնատիոս Եկեղեցու հիւրընկալութիւնը

Ի վերջոյ, Ֆրանսան նրան հնարաւորութիւն պէտք է ընձեռի «վերստին դառնալ այն խոստումին, որ փոքրիկ աղջնակն էր տուել Տիրոջը»: Վարժարանում երեք տարի ֆրանսերէն ուսումնասիրելուց յետոյ Թանիան Ֆրանսայի կառավարութեան կողմից կրթաթոշակ ստացաւ՝ մայրաքաղաքի խոշոր ուսումնական հաստատութիւններից մէկում մագիստրոսական դասընթացքին յաճախելու համար: 2015 թուականին ծնողները թոյլ են տալիս, որ նա մեկնի:

Թանիան Փարիզի «SciencesPo» քաղաքական հետազօտութիւնների ինստիտուտի իր ընկերների հետ
Թանիան Փարիզի «SciencesPo» քաղաքական հետազօտութիւնների ինստիտուտի իր ընկերների հետ

Sciences-Po-ի հաստատութիւններում երիտասարդ թայլանտցի աղջկայ համար բաւականին դժուար էր աշխատանք գտնելը:
«Այնտեղ ամէն ինչ շատ հաճելի էր, եւ շուտով, ինչ-որ մէկն ինձ առաջարկեց Սուրբ Իգնատիոս Եկեղեցում մասնակցել պատարագի... Կարծում եմ, որ դա իմ ճանապարհի սկիզբն էր»:
Առաջին անգամ, երբ Թանիան այցելեց Սեւր փողոցում գտնուող եկեղեցի՝ «ամէն ինչ կարծես պատրանք լինէր»: Երիտասարդ կինը դժուարանում էր խօսքեր գտնել: Այն, ինչ զգում էր, գրեթէ առեղծուածային մի բան էր: Նա անմիջապէս ճանաչում է այդ վայրը, թէեւ նախկինում երբեք այն չէր տեսել: Ինչ-որ ձայն նրան յուշում է, որ սա տուն է եւ Թանիան այստեղ իրեն ընդունուած է զգում:

(Փիլիսոփայութեան եւ Աստուածաբանութեան դպրոց) ուսանողների հետ
(Փիլիսոփայութեան եւ Աստուածաբանութեան դպրոց) ուսանողների հետ

Ներշնչուած Սուրբ Իգնատիոս Եկեղեցու ոգով՝ Թանիան աւելի է ամրապնդւում իր մտադրութեան մէջ եւ որոշում ուսումնառութիւնը շարունակել Centre Sèvres-ում, որը 1974 թուականին ճիզվիթների կողմից հիմնուած համալսարան է՝ մասնագիտացած Փիլիսոփայութեան եւ Աստուածաբանութեան մէջ ուսումնասիրութիւններ եւ հետազօտութիւններ իրականացնելու գործում: Ֆակուլտետում նա ամենաերիտասարդ ուսանողուհին է եւ միակ թայլանտցին: Իր ուսումնառութեան տարիների մասին խօսելիս Թանիայի դէմքին յայտնւում է խանդավառ մի ժպիտ: Այնուամենայնիւ, նա գիտակցում է, որ դեռեւս ճանապարհ ունի անցնելու, որպէսզի կարողանայ ընկալել որոշ դասեր, ինչպէս օրինակ՝ Քրիստոֆ Թէոբալդի դասաւանդած Աստուածաբանութեան հիմնական եւ դաւանաբանական սկզբունքները:
Լեզուն ուսուցանելու եւ հաւատքի այս ճանապարհին իրեն ուղեկից լինելու համար Թանիան իր առանձնայատուկ երախտագիտութիւնն է յայտնում Հայր Ժագ Անժալբերին, ինչպէս նաեւ այն մարդուն, ում տանը բնակւում էր եւ իր համալսարանական ընկերներին: Ոմանց համար անակնկալ էր Թանիայի մկրտութիւնը, որը տեղի ունեցաւ 2018 թուականին՝ Փարիզի Սուրբ Իգնատիոս Եկեղեցում:

Թանիան իր մկրտութեան օրը՝ Փարիզի Սուրբ Իգնատիոս Եկեղեցում
Թանիան իր մկրտութեան օրը՝ Փարիզի Սուրբ Իգնատիոս Եկեղեցում

Աւետարանումը
Անցեալ տարի Թանիան վերադարձաւ Պանքոք: 26 տարեկան հասակում նա անգլերէն լեզուով աշխատում է ճափոնական դրամատանը: Չնայած այս ամէնին, երիտասարդ կինն ընդգծում է, որ դրամը պէտք է լինի միջոց, այլ ոչ թէ նպատակ, յատկապէս՝ Եկեղեցու ներսում:
Ինչպէս եւ երիտասարդներից շատերը, այնպէս էլ Թանիան, դեռեւս իր կոչման, «իր իսկական ցանկութեան, Իր Ճշմարիտ Կամքի» փնտռտուքների մէջ է: Նա շարունակում է փնտռել՝ ապաւինելով աղօթքի ուժին եւ մտքում ունենալով Սուրբ Իգնատիոս Լոյոլացու հետեւեալ խօսքերը. «Գործիր այնպէս՝ կարծես ամէն ինչ կախում ունի քեզանից, թէեւ քաջ գիտակցում ես, որ իրականում, ամէն ինչ Աստուծոյ ձեռքերում է»: Ուստի, Թանիան չի յուսալքւում:
Նա ափսոսանք է յայտնում՝ տեսնելով, որ երիտասարդ թայլանտցիները միայն նիւթականի փնտռտուքի մէջ են: «Նրանք ուշադրութիւնը կենդրոնացնում են այն ամէնի վրայ, ինչը կարող է յուզել իրենց: Եւ, եթէ նրանք Եկեղեցի չեն յաճախում, ապա՝ միայն այն պատճառով, որ դա իրենց համար ոչ մի նշանակութիւն չունի: Նրանք իրենք իրենց հարց են տալիս, թէ որն է Եկեղեցու անհրաժեշտութիւնը եւ միշտ անդրադառնում են կարեւորութեան խնդրին»: Նա բերում է քրոջ օրինակը, ով թւում է, թէ «ընդհանրապէս ոչինչ չի զգում»: Թանիան տեսնում է քրոջ «անտարբերութիւնը» կրօնի նկատմամբ, քանի որ «ըստ նրա՝ առանց կրօնի էլ կարելի է ապրել շատ հանգիստ եւ չունենալ խնդիրներ»:
Երիտասարդ կնոջ ցանկութիւնն է վերստին կենդանացնել իր ընկերների հոգիներն ու սրտերը, որպէսզի նրանք կարողանան տեսնել աւելին, քան թոյլ են տալիս տեսնել նրանց աչքերը, ընդլայնել իրենց մտահորիզոնը եւ դուրս գալ գիտութեան եւ սեփական բանականութեան շրջանակներից: «Գոյութեան խնդիր է», - պնդում է Թանիան:
Անշուշտ, գաղափարախօսութիւն կամ մտածելակերպ փոխելը ամենեւին էլ դիւրին չէ, քանի որ «սա ենթադրում է համակողմանի աշխատանք», սակայն Թանիան իրեն պարտուած չի համարում, ընդհակառակն, աշխատանքային ժամերից դուրս համացանցային կայքէջի (https://themomentum.co/author/tanyabhorana/) համար քրիստոնէութեան մասին յօդուածներ է գրում:
Առցանց համակարգում Թանիան փորձում է «գործնական» եւ «ընդհանուր» բառամթերք գործածել, որը յարմարեցուած կը լինի երիտասարդներին եւ, յատկապէս՝ հասանելի աւելի լայն շրջանակների, օրինակ՝ թայլանտցի ոչ քրիստոնեայ երիտասարդներին: Իրականում, - ինչպէս նշում է Թանիան, - Աստուածաշնչի թարգմանութիւնը, նաեւ պատարագի լեզուն պատկանում են «արքայական» լեզուին, այլ կերպ ասած՝ անհասկանալի են մարդկանց մեծամասնութեան համար:

Հանրային կեանքը

Թանիան ուզում է, որ բոլորը ճանաչեն իր Եկեղեցին, ինչը նաեւ նշանակում է փոխել այն կանխակալ կարծիքները, որ կարող են ունենալ թայլանտցիները: Օրինակ, պուտտիսթների մօտ հոգեւորականները եւ աշխարհիկները երկու տարբեր աշխարհներ են, իսկ Եկեղեցում քահանաները օտար կամ անհասանելի մարդիկ չեն: «Նրանց մօտ նաեւ այն տպաւորութիւնն է, թէ քրիստոնէութիւնը Յիսուսն է, ով փորձում է մեզ ինչ-որ բան պարտադրել եւ, որ Նա մեզ զրկում է ազատութիւնից, մինչդեռ ամէն բան հակառակն է»: Ինչո՞վ է բացատրւում այս տպաւորութիւնը: Գուցէ այն հանգամանքով, որ թայլանտական մշակոյթի մէջ մեծահասակների եւ «նախնիների» խօսքը քննարկման ենթակայ չէ: «Երիտասարդներին ոչինչ չի մնում, քան լռել»:
Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի այցից յետոյ Թանիայի համացանցային գործունէութիւնը աւելացաւ: Նրա հետ կապ հաստատեցին շատ կարեւոր առցանց լրաթերթից (https://thestandard.co/author/tanyabhorana/), որպէսզի խօսի Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսի եւ Եկեղեցու մասին: Թայլանտերէն լեզուով գրուած իր յօդուածների միջոցով Թանիան ուզում է գրաւել այն ընթերցողների ուշադրութիւնը, ովքեր գրեթէ ծանօթ չեն կաթողիկէ դաւանանքին:
Նա յօդուածներ է գրել ինչպէս տրաբեան գարեջրի, այնպէս էլ սիւնհոդոսների վերաբերեալ: Վերջին շրջանում գրուած յօդուածների մեծ մասը նուիրուած էին Ֆրանցիսկոս Պապին: Թանիան պատմում է «բարեսիրտ մարդու», «հոգեւոր առաջնորդի» մասին, բայց նաեւ մարդու, ով անցեալում՝ Արժանթինի բռնապետութեան տարիներին, դժուարութիւնների միջով է անցել, ինչը նրան ստիպում է դատապարտել անհաւասարութիւնները: Նա խօսում է հաւատքի մարդու եւ Պետութեան ղեկավարի մասին: «Իմ ընթերցողները շատ հետաքրքրուած էին Միացեալ Նահանգների եւ Քուպայի միջեւ Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի ստանձնած հաշտարարութեամբ» եւ ընդհանուր առմամբ՝ Սուրբ Աթոռի վարած դիւանագիտական աշխատանքով:

Թանիայի ժպիտը Պանքոքի Ազգային մարզադաշտում Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ձեռամբ մատուցուած պատարագից յետոյ
Թանիայի ժպիտը Պանքոքի Ազգային մարզադաշտում Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ձեռամբ մատուցուած պատարագից յետոյ

Սրբազան Քահանայապետի Թայլընտ կատարած այցելութիւնը միտուած էր տեղի կաթողիկէ փոքրաթիւ համայնքին խրախուսելուն, որպէսզի նրանք կարողանան վկայել Աւետարանը՝ քայլելով XVI դարում այստեղ ժամանած միսիոնարների հետքերով: Նորին Սրբութիւնը հաստատեց այս յանձնառութիւնը Պանքոքի Ազգային մարզադաշտում մատուցած պատարագի ժամանակ: Թանիան, ով գրի էր առնում այդ ամէնը՝ կը շարունակի իր աշխատանքն ի նպաստ աւետարանացման:
Նորին Սրբութեան ժամանումը ժպիտի երկիր կարող էր նաեւ կեանքի կարեւոր փոփոխութեան սկիզբ դառնալ երիտասարդ կնոջ համար: Իրականում, թէեւ չհաւատալով, սակայն լռութեան մէջ Թանիան մէկ այլ ցանկութիւն էր յայտնել եւ խոստացել՝ «սկսել իր հանրային կեանքը», եթէ Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը երբեւէ այցելեր իր երկիր: Այժմ, երբ Նորին Սրբութիւնը եկել է իրենց հետ միասին աղօթելու՝ «շատ հնարաւոր է», որ Թանիան շուտով խօսի իր ծնողների հետ, ովքեր դեռեւս չգիտեն, որ իրենց դուստրը դաւանափոխ է եղել: Նա կը ցանկանար «ճիշտ պահ» ընտրել եւ «առանց խոցելու» ծնողներին ամէն բան պատմել, որպէսզի հասկանան, թէ «որքան շատ է դուստրը նրանց սիրում»: Թանիայի ամենամեծ ցանկութիւններից մէկն էլ այն է, որ ծնողներն իրեն «իսկապէս» ճանաչեն:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը


 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

05/02/2020, 08:38