Արարողութիւն գահակալութեան արհիապատիւ Տէր Գէորգ Արքեպիսկոպոս Նորատունկեանին
Սեպտեմբեր 26, 2024թ. Գիւմրի Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցում տեղի ունեցաւ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուքրանիայի և Արևելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէների նորանշանակ Առաջնորդ՝ Արհիապատիւ Տեր Գէորգ Արքեպիսկոպոս Նորատունկեանի գահակալութեան արարողութիւնը, ձեռամբ՝ Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ամենապատիւ և Գերերջանիկ Տէր Տէր Ռաֆայէլ Պետրոս ԻԱ․ Կաթողիկոս Պատրիարքի:
Սուրբ և Անմահ Պատարագը մատուցուեց ձեռամբ Ն.Ա.Գ.Տ.Տ. Ռաֆայէլ Պետրոս ԻԱ․ Կաթողիկոս Պատրիարքի, առընթերակայութեամբ՝ Հալէպի Հայ Կաթողիկէ Թեմի Առաջնորդ Արհի. Տեր Պետրոս Արքեպս. Միրիաթեանի և Հայաստանի և Արևելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէների նորանշանակ Առաջնորդ Արհի. Տէր Գևորգ Արքեպս. Նորատունկեանի:
Գահակալութեան արարողութիւնն իրենց ներկայութեամբ պատուեցին Հայաստանում Սուրբ Աթոռի նորանշանակ Առաքելական Նուիրակ Նորին Գերազանցութիւն Արհիապատիւ Տէր Անտէ Յոզիչը, Վատիկանի Արևելեան Եկեղեցիների Գերատեսչութեան փոխ քարտուղար Հայր Ֆիլիպ Չիամպանելին, Հայաստանում Սուրբ Աթոռի Առաքելական Նուիրակութեան քարտուղար և Նորին Սրբութեան պատուոյ մատրանապետ Հայր Ալիակսանդր Ռահինիան, Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ և Լիազօր Դեսպան Ն.Գ. Օլիվիե Դըկոտինյին, պետական այրեր, ներկայ էին Թեմի բոլոր հոգևոր հայրերը, Անարատ յղութեան միաբանութեան և Մայր Թերեզայի Գթութեան քոյրերը, «Հայկական Կարիտասի» աշխատակազմը, ներկայացուցիչներ՝ «Կարիտաս Վրաստանից», ինչպէս նաև հաւատաւոր ժողովուրդի հոծ բազմութիւն:
Արարողութեան ողջ ընթացքը լուսաբանուեց զանգուածային լրատւութեան տարբեր միջոցների կողմից:
Աւետարանի ընթերցումից յետոյ՝ Վատիկանի Արևելեան Եկեղեցիների Գերատեսչութեան փոխ քարտուղար Հայր Ֆիլիպ Չիամպանելին ներկայացրեց Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից Առաջնորդի նշանակման Կոնդակը, որով Զմմառու Պատրիարքական Կղերի Միաբանութեան անդամ և մինչ օրս՝ այդ նոյն Միաբանութեան Ընդհանուր Տեղապահ Հայր Գէորգ Թ.Ծ.Վ. Նորատունկեանը կարգւում է Հայաստանի և Արևելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէների Առաջնորդ՝ ստանալով Սեբաստիոյ Հայոց Տիտղոսաւոր Արքեպիսկոպոսի աստիճան:
Նորանշանակ Առաջնորդին ուղղուած Սրբազան Քահանայապետի յորդորն էր. «… սիրեցեալ Որդի, յանձնելով Քեզ Սուրբ Կոյս Մարիամի պաշտպանութեանը, յորդորում ենք Քեզ՝ փութաջանութեամբ հովուել Քեզ յանձնուած ժողովրդին, առաջնորդելով նրան դէպի յաւիտենական կեանքը՝ Քո կեանքի նկարագրով և օրինակով»։
Ն.Ա.Գ.Տ.Տ. Ռաֆայէլ Պետրոս ԻԱ ․Կաթողիկոս Պատրիարքի Քարտուղար Գերյարգելի Հայր Նարեկ Ծ. Վրդ. Մնոյանի կողմից ընթերցուեց Հայրապետական Գահակալութեան Կոնդակը, որում Հոգևոր Տէրը՝ Հայ Կաթողիկէ Եկեղեցու Սինոդոսական Հայրերի և Իր անունից ուրախութիւն էր յայտնում ինչպէս օրերս՝ Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկէ Եկեղեցում տեղի ունեցած Եպիսկոպոսական ձեռնադրութեան, այնպէս էլ այսօր՝ Գիւմրի Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Աթոռանիստ Եկեղեցում տեղի ունեցող պաշտօնական Գահակալութեան արարողութիւնը կատարելու համար: Ամենապատիւ և Գերերջանիկ Հոգևոր Տէրը՝ հայցելով Ամենակարող Աստծոյ շնորհքը, սէրը, խաղաղութիւնը և օրհնութիւնը՝ նորօծ Եպիսկոպոս Նորատունկեանին փոխանցեց Աստուծոյ և Եկեղեցու կողմից իր հոգածութեանը յանձնուած հօտը: Այնուհետև, իրեն շնորհուած Հայրապետական իշխանութեամբ՝ Հոգևոր Տէրը հրաւիրեց Գահակալ Արքեպիսկոպոսին՝ Աւետարանական սպասաւորութեան հոգով ստանձնելու Եպիսկոպոսական Գահը և գործի դնելու Իր Հովուական իշխանութեան լրումը:
Նորանշանակ Առաջնորդի գահակալութեան առթիվ՝ իր պատգամը յղեց Հայաստանում Սուրբ Աթոռի նորանշանակ Առաքելական Նուիրակ Նորին Գերազանցութիւն Արհիապատիւ Տէր Անտէ Յոզիչը: Վերջինս իր ուրախութիւնը յայտնեց, որ Հայաստանում Առաքելական Նուիրակի պաշտօնը ստանձնելուց յետոյ առաջին անգամ է Գիւմրիում՝ իր մասնակցութիւնը բերելով այս հոգեպարար արարողութեանը: Առաքելական Նուիրակն իր խօսքում նշեց. «Սիրելի՛ Գերապայծառ Տէր, նախ ևառաջ, օգտուելով այս ծիսական արարողութեան բարեպատեհ առիթից՝ թոյլ տուէք իմ ջերմեռանդ մաղթանքները յղել Հռոմում վերջերս տեղի ունեցած Ձեր Եպիսկոպոսական ձեռնադրութեան և Գիւմրիում այսօր տեղի ունեցող Գահակալութեան արարողութեան առթիւ, որով դուք այսուհետ ստանձնում էք տեղի հայերի և Արևելեան Եւրոպայի տարբեր երկրների կաթողիկէների Առաջնորդի պաշտօնը:
Սրբազան Հայր, Ֆրանչիսկոս Պապի կողմից Ձեզ վստահուած այս նոր յանձնարարութեամբ, Ձերդ Գերազանցութիւնը հրաւիրուած է նշուած երկրներում հայ ժողովրդին հասցնելու Բարի Լուրն ու Բարի Հովիւի Եկեղեցական վկայութիւնը»:
Ն.Գ. Արհիապատիւ Տէր Անտե Յոզիչը՝ հայցելով Կոյս Աստուածածնի բարեխօսութիւնը, խնդրեց, որ Տէրն իր ամենառատ շնորհներով աջակից լինի Սրբազան Հօր եկեղեցանուէր ծառայութեանն ու գործունէութեանը՝ խոստանալով իր անկեղծ համագործակցութիւնը՝ ի պայծառութիւն Եկեղեցու և ի բարօրութիւն հայ ժողովրդի:
Նորին Գերազանցութիւն Անտե Յոզիչն իր խօսքը եզրափակեց շնորհակալութիւն յայտնելով Առաքելական կառավարիչ՝ Հոգեշնորհ Հայր Միքայել Վրդ. Բասսալեէին՝ վերջին տարիներին Հայ Կաթողիկէ Եկեղեցուն մատուցած գնահատելի ծառայութեան համար:
Իր շնորհաւորական խօսքով հանդէս եկաւ նաև Հայաստանում Սուրբ Աթոռի Առաքելական Նուիրակութեան քարտուղար և Նորին Սրբութեան պատուոյ մատրանապետ Հայր Ալիակսանդր Ռահինիան: Վերջինս իր խօսքը սկսեց ջերմ յիշողութիւններով՝ կապուած հայ ժողովրդի հետ, ովքեր բազմիցս վկայել են իրենց հաւատքը՝ դիմակայելով անաստուածութեան տարիների հալածանքներին. «Ժայռոտ հաւատքը բնորոշ է հայերին, այն ժողովրդին, որ կարողացաւ կարծր քարից կերտել հաւատի ու յոյսի նշանը՝ խաչքարը, Զատիկն աւետող ծաղկած խաչը, որը մեզ հրաւիրում է յիշողութիւն կերտելու, նորից սկսելու, դարձըալ յառնելու՝ ապաւինելով Աստուծոյ հեզ զօրութեանը:
Գերապայծառ Տէր, Սրբազան Քահանայապետը Ձեզ կոչեց հովիւ լինելու այստեղ, որտեղ երկրաշարժից յետոյ կարողացան քարը քարին դնել ու, ես, Հռոմից գալով, Պապից Ձեզ վստահուած յանձնառութիւնն ընդունելու համար շնորհակալութիւն յայտնելիս՝ չեմ կարող չմէջբերել Սուրբ Պետրոսին, որի անունը ծագել է վէմից, և որն իր Ընդհանրական առաջին թղթում յիշեցնում է քրիստոնեաներին, որ իրենք «կենդանի վէմեր են»:
… Ձերդ Գերազանցութիւն, Աստծոյ սիրած այս կենդանի վէմերը վստահուած են Ձեր Հովիւի սրտին: Շնորհակալութիւն այն բարիքի համար, որ նրանց համար կը գործէք, յոյսի համար, որով կը համակէք նրանց սրտերը, խիզախութեան համար՝ նրանց ճշմարիտ բարիքն անխոնջ առաջ մղելու»:
Սուրբ և Անմահ Պատարագի աւարտին, նորօծ Գահակալ Արքեպիսկոպոս գէորգ Նորատունկեանն արտայայտեց իր երախտիքի խօսքը՝ ներկաներին յայտնելով իր մտքի և սրտի զգացումները. «Ամենապատիւ և Գերերջանիկ Հոգևոր Տէր, գերապայծառ, գերյարգելի, գերապատիւ և արժանապատիւ հայրեր, պաշտօնական, դիւանագիտական, քաղաքական իշխանութիւնների ներկայացուցիչներ, պարոն Դեսպան, շատ սիրելի հայ հաւատացեալներ, երբ քսան տարի առաջ Հալէպի Թեմի Առաջնորդի առաջ ծնկի եկայ՝ քահանայութեանս շնորհքը ստանալու, չէի սպասում և չէի ակնկալում, որ ևս մէկ անգամ պէտք է ծնկի գամ Վեհափառի առջև՝ կրկին ընդունելու Սուրբ Հոգու շնորհքը և նաև կարգուելու որպէս Հայաստանի Առաջնորդ: Կարո՞ղ եք պատկերացնել, որ սկսեցի վախենալով, և վախը, ինչպէս որ անցեալում կար, այդպէս էլ այսօր կայ: Եւ, այդ վախից դուրս գալու համար ապաւինում եմ Աստծուն, Ով կանչեց և առանց որևէ յատուկ արժանիքի արժանացրեց, բայց և իմ առաքելութիւնը վստահելու եմ իմ ապագայ գործակիցներին՝ Թեմի հոգևորականներին և Առաջնորդարանին: Եկէ՛ք համաձայնուէք այսօրուանից, որ միայն փոխադարձ սիրով և վստահութեամբ կարող ենք, ինչպէս նշեց Ամենապատիւ և Գերերջանիկ Հոգևոր Տէրը, նաւը առաջ տանել դէպի խորերը՝ փնտռելով, աշխատելով և նուիրեալ կերպով գործելով ի սպաս Աստուծոյ Արքայութեան»:
Սուրբ և Անմահ Պատարագից յետո՝ Արհիապատիւ Տեր Գևորգ Արքեպս. Նորատունկյանն ընդունեց ներկայ հիւրերի և հաւատաւոր ժողովրդի շնորհաւորանքներն ու բարեմաղթանքները, ապա, ներկաները հրաւիրուեցին մասնակիցը լինելու Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի կողմից կազմակերպուած հիւրասիրութեանը:
Քաղուած Հայաստանի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի կայքէջէն
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ