Յաւիտենութեան Քաղաքացին. (Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի վախճանման 25-րդ տարելիցի առիթով)
Մարդիկ հեռանում են կեանքից, յետոյ` նաեւ մեր յուշերից, ասես երբեք էլ չեն եղել: Ոմանց այնուամենայնիւ յաջողւում է շրջանցել այս իրողութիւնը, ովքեր շարունակում են մեզանում ապրել իրենց գործերով եւ նոյնիսկ արարել ներկաներում` կերտելու համար ապագան:
Աւազանի անուամբ Նշան Սարգիսեանը ծնուեց Քեսապում 1932-ին, 1977-1995-ը զբաղեցրեց Կիլիկիոյ կաթողիկոսութեան աթոռն իբրեւ Գարեգին Բ. կաթողիկոս, 1995-ից գահակալեց որպէս Գարեգին Ա. Ամենայն Հայոց հայրապետ եւ 1999-ի յունիսի 29-ին վախճանուեց Ս. Էջմիածնում:
Ինչպիսին էր նա` երկու կաթողիկոսութիւնների գահակալը, ինչով էր առանձնայատուկ, ինչ գործունէութիւն ծաւալեց, ինչպէս ընկալուեց իւրայինների ու օտարների կողմից եւ ինչպիսի հետք թողեց մեր գրուող պատմութեան մէջ:
Կենդանի վկայութիւններ
Ժամանակակիցների վկայութեամբ նա օժտուած էր մարդկանց հետ հաղորդակցուելու իւրայատուկ կարողութեամբ:
Նրա գեղեցիկ դէմքը անընդհատ բարութիւն էր ճառագայթում. նա զուարթ էր, աշխուժ, սրամիտ եւ վերին աստիճանի անմիջական: Սակայն մի սահման կար, երբ կանգ էր առնում` թոյլ չտալով, որպէսզի մարդիկ ներթափանցէին իր հոգու խորքը ու այդպիսով ինչ որ խորհուրդ էր ստեղծւում նրա անձի շուրջ: Օտար բարձրաստիճան հոգեւորականների եւ պաշտօնեաների հետ յարաբերութիւններում դրսեւորում էր Հայ եկեղեցու հոգեւոր պետի իր վեհութիւնը, յարգանք պարտադրում, բայց նաեւ ցուցաբերում էր եղբայրական հոգի ու համեստութիւն` նրանց ներկայացնելով մեր մշակոյթն ու պատմութիւնը:
Կիլիկիոյ դպրեվանքում լինէր դասաւանդելիս, թէ համալսարաններում թեւի տակ դրուած գրքերով նա մտնում էր լսարան, խօսում ինքնամոռաց, երբ յուզմունքն ու ոգեւորութիւնը, տագնապն ու ուրախութիւնը միախառնւում էին իրար:
Երկրագնդի վրայ ուր էլ լինէր, իր առաջին գործը գրատներ մտնելն էր, որտեղից կատարում էր պատկառելի գնումներ:
Անթիլիասից Երեւան այցելելիս եւս, իր սիրելի երթուղով` Հրազդանի գեղատեսիլ կիրճով անցնելուց յետոյ, իր առաջին պարտքն էր գրախանութներ այցելելը: Գրքի հանդէպ իր պաշտամունքն արտայայտւում էր հայ գրքին նուիրուած իր քարոզախօսութիւններով եւ նոյնիսկ` գրքերին ձօնուած, հեղինակած մի գրքով, ինչպէս եւ հրատարակչական իր մոլուցքով. հարիւրաւոր հեղինակներ էին դիմում գրքեր տպագրելու խնդրանքով, որոնց վեհափառը միշտ էլ ընդունում էր գրկաբաց…:
Անթիլիասում յորդառատ անձրեւին Գարեգին կաթողիկոսին կարելի էր տեսնել, թէ ինչպէս է նա իր ճտքաւոր կօշիկի մէկը հագին միւսով դատարկում կուտակուած ջրերը, որպէսզի դրանք յանկարծ չներհոսէին տպարանի տարածք: Իսկ երբ տասնեակ ռումբեր էին ընկնում կաթողիկոսարանի վրայ, եւ բոլոր միաբաններն արդէն պատսպարուել էին գետնայարկում նա միայնակ մատենադարանում էր, որպէսզի ապահով վայր տեղափոխէր թանկարժէք ձեռագրերը: Նրա աշխատասենեակի դռները բոլորի առջեւ մշտապէս բաց էին, մինչ ուշ գիշեր` լոյսը վառ, բայց առաւօտեան նա պարտադիր մասնակցում էր ժամերգութեանը:
Գարեգին կաթողիկոսն այնպիսի հնչեղ ձայնով էր քարոզում, որ նրա ձայնը կարող էր յաւիտեան մնալ ունկնդրի ականջներում եւ իր կառուցողական ներգործութեամբ այդ մարդու կեանքը վերափոխէր: «Նրա խօսքը ծարաւ յագեցնող եւ հոգիներ ջերմացնող մի առատաբուխ ակնաղբիւր էր», ասում էին մարդիկ: Իսկ երբ իր միտքը լիարժէք ներկայացնելու համար պահանջուած հայերէն բառը նա չէր կարողանում գտնել` տեղում ստեղծում էր նորը: Խօսքն առաւել գրաւիչ եւ նպատակային դարձնելու համար Գարեգին վեհափառն այն նաեւ յաճախ համեմում էր իր բացառիկ հումորով:
Նրա խօսքն ինքնաբուխ էր եւ սրտաբուխ, չէր արտասանւում ի պաշտօնէ` որպէս սոսկ պարտականութիւն, ընդօրինակուած կամ խմբագրուած չէր ինչ որ աղբիւրից, եւ ի հարկէ այն երբեք զուրկ չէր աւետարանական հիմքից: Իւրօրինակ ձեւով էր նա մատուցում իր ասելիքը:
Իր հռետորական տաղանդով վայրկեանների ընթացքում նա գերում էր ցանկացած լսարան` ազատ արտայայտուելով մի քանի լեզուներով: Տպաւորիչ եւ ազդեցիկ էին նրա ելոյթները միջեկեղեցական մարդաշատ համաժողովներին, որոնք ընդհատւում էին յոտնկայս ծափահարութիւններով:
Գարեգին Առաջինը նաեւ բացառիկ կամքի եւ արիութեան տէր մարդ էր: Մինչ նրա անբուժելի հիւանդութեամբ տառապողները, որպէս կանոն, լինում են անտրամադիր եւ ընկճուած, այդ սոսկալի ցաւերով իսկ նա չէր կորցնում իր հոգեկան անդորրը, չէր դժգոհում կամ բողոքում ճակատագրից, շարունակում էր աշխատել, ապաւինում գրչին եւ այդպէս փորձում փոքր-ինչ մեղմացնել իր ցաւերը: Հիւանդութեան շրջանում եւս գրիչը նրա ձեռքին էր, երբ գրի էր առնում իր մտքերը, յոյզերը, աղօթքներն ու երազանքները: Վիրահատութիւնից առաջ իր անտիպ եւ անաւարտ ձեռագրերը նա յանձնել եւ պատգամել էր վիրահատութեան ձախողման դէպքում դրանք տպագրել, բայց յաջորդ առաւօտեան յետ էր պահանջել դրանք եւ բժշկական սարքերը վրան շարունակել գրել…:
&ܴ;̸արդը&Բ;Հանդիպման&Բ;Հանգոյցն&Բ;Է
Երկնքի&Բ;Եւ&Բ;Երկրի&Բ;̸իջեւ&ܴ;
Գարեգին կաթողիկոսի գործունէութիւնն առանձնայատուկ էր իր բնոյթով:
Լինելով մեծ աստուածաբան եւ մտածող, սակայն, Գարեգին Առաջինը նախընտրում էր, իր իսկ խօսքերով` «չտարուել սոսկ գաղափարներով, այլ ամէնուրեք ընդգծել ճշմարտութեան կապը մարդկային կեանքի հետ», նրա համար քրիստոնէական հաւատքը «մարմնացած հաւատք» էր:
«Նախ եւ առաջ, ես ինձ հովիւ եմ զգում եւ իմ առաքելութիւնը պատկերացնում եմ որպէս ծառայութիւն ժողովրդին` կապուած ու հաղորդ լինելով բոլոր մարդկանց տառապանքներին, ուրախութիւններին, մտքերին ու ցանկութիւններին», ասում էր նա: Հաւատարիմ իր` «Քրիստոսն աշխատասենեակ չունէր» կարգախօսին, եկեղեցիներում, տարբեր ամպիոններից, հեռաւոր գիւղերում, մարզադաշտերում, թէ այլուր նա խօսում եւ շփւում էր մարդկանց հետ, բայց նրա խօսքն ու քարոզչութիւնը միշտ էլ ուղեկցւում էր գործով:
Գարեգին Առաջինի թէ՛ խօսքը, եւ թէ՛ գործն ունէին յստակ նպատակաուղղուածութիւն: Դրանց նշանակէտը մարդն էր:
Նրա համար «մարդը հանդիպման հանգոյցն էր երկնքի եւ երկրի, Աստծու ու աշխարհի միջեւ»: Աստուած մարդուն ստեղծել էր որպէս Իր գործակից երկրի վրայ գործունէութիւն ծաւալելու համար: Արարիչը նրան օժտել էր նաեւ կատարելապէս երջանիկ լինելու կարողութեամբ, ինչը սակայն, չէր կարող տեղի ունենալ նիւթապաշտութեան եւ սպառողական ապրելակերպի պայմաններում: Հարկաւոր էր «տարբերակել երջանկութիւն եւ հաճոյք հասկացութիւնները», քանի որ «ուրախութիւնը տրւում է Աստծուց եւ կախուած չէ նիւթական պայմաններից»:
Վեհափառի համոզմամբ մարդու կոչումն էր նուիրուելու վեհ եւ անանձ արժէքներին, ինչպիսիք են հաւատքը, հայրենիքն ու ազգը, մշակոյթը, արդարութիւնն ու ճշմարտութիւնը: Մարդու էութեան մէջ պէտք է գերիշխէր սէրը, զարմանահրաշ «այն միակ ուժը, որը բաշխելիս սպառուելու փոխարէն, ընդհակառակը` աւելանում է», եւ որը չի սահմանափակւում միայն զգացմունքով եւ խօսքից պարտադիր վերածւում է գործի:
Գարեգին հայրապետը մեզ սովորեցնում էր, որ հայ ազգին պատկանելու զգացողութիւնը անքակտելիօրէն կապուած է քրիստոնէական հաւատքի հետ, քանի որ մեր մշակոյթն ու պատմութիւնը ձեւաւորուել էր հէնց այդ հաւատքով: Եւ հայութիւնը հանդիսանում է իւրայատուկ ազգային-կրօնական մի ցեղային խումբ, երբ ի սկզբանէ ազգն ու քրիստոնէութիւնը շաղկապուել են միմեանց: Նրա համար` հանդիսանալ ճշմարիտ հայ, նշանակում էր լինել նաեւ ճշմարիտ քրիստոնեայ, եւ սրանով է պայմանաւորուած, որ Գարեգին կաթողիկոսը չափազանց աշխուժ էր միջեկեղեցական բեմահարթակներում եւ մեծագոյն եռանդ էր ցուցաբերում, որպէսզի աշխարհի եկեղեցիներն ու քրիստոնեաները չշեղուէին Քրիստոսի մատնանշած ուղուց:
Աշխարհում լայնօրէն ճանաչուած էկումենիկ մեծ գործիչն ու առաջնորդն իր միջեկեղեցական բազմաբեղուն գործունէութեան ընթացքում քարոզում էր, որ քրիստոնէական հաւատքը փիլիսոփայութիւն չէ եւ այն պէտք է յստակօրէն դրսեւորուի կեանքում` մարդկանց հանդէպ մատուցած ծառայութեամբ ու գործերով:
Իր ժողովրդի առաջնորդն ու ծառան
Հայոց երկնակամարում իր ժողովրդի իմաստուն առաջնորդն էր Գարեգին կաթողիկոսը, նրա նուիրեալ ծառան:
Աշխարհացրիւ հայութեան շրջանում, որտեղ էլ որ ծառայելիս լինէր` Լիբանանում, Իրանում, Միացեալ Նահանգներում, թէ այլուր նա հայութեանը քարոզում էր «լինել Ուխտի՛ ժողովուրդ` հաւատարիմ Աստծուն եւ ազգին»: Յորդորում էր նուիրուել հոգեւոր արժէքներին, ազգային աւանդոյթներին, մշակոյթին, հայ գրքին եւ զգուշանալ արեւմտեան կենցաղակերպի աշխարհայնապաշտական եւ սպառողական բարքերից, որոնք պակաս վտանգաւոր չէին, քան արտաքին թշնամին:
Չլինե՛լ եսասէր, լոկ նիւթականով գոհացող եւ այդպէս կեանքից անհետ հեռացող մի արարած, ինչպէս Աստուածաշնչում սաղմոսերգուն է ասում, «ում օրերը խոտի կը նմանին` կը բուսնին, կը ծաղկին, հով մը կը փչէ, կը չորնան ու կ՛երթան, եւ չես գիտեր, թէ եղած են, թէ չեն եղած»: Եւ Գարեգին կաթողիկոսը կարողանում էր իր խրատներով նրբանկատօրէն ներգործել բոլոր նրանց վրայ, ովքեր գայթակղուած էին շռայլելու, ցուցադրականութեան, մսխելու հոգեբանութեամբ, որպէսզի միջոցներ հաւաքագրուէին ազգային նպատակների համար. «Եթէ տէրն ենք մեր ունեցածի, այն գործածենք արժէքաւոր ձեւով, այլապէս մենք կը դառնանք գերին մեր ունեցածի, մենք չէ, որ կ՛ունենանք, այլ մեր ունեցածն է, որ մեզ կ՛ունենայ», ասում էր նա:
Կիլիկիոյ կաթողիկոսութեան գրեթէ ամբողջ շրջանում Լիբանանի քաղաքացիական պատերազմն էր, բայց այդ իսկ պայմաններում վեհափառը կարողացաւ ծաղկեցնել կաթողիկոսութեան հոգեւոր եւ մշակութային կեանքը: Մարդիկ կանգնած էին կեանքի ու մահուան խնդրի առջեւ, սակայն իր ազդեցիկ խօսքով եւ բեղուն գրչով նրան յաջողուեց ժողովրդին սնուցել նուիրական գաղափարներով եւ ազգային-հոգեւոր մշտնջենական արժէքների տեսլականով: Եւ շնորհիւ նրա լիբանանահայութիւնը միակն էր այս բազմամշակոյթ երկրում, ով գրեթէ անկորուստ դուրս եկաւ երկարատեւ այդ պատերազմից: Իր բարձր հեղինակութեամբ, իւրայինների եւ այլոց հետ հաղորդակցուելու նրա բացառիկ կարողութեամբ, միջազգային ամենաբարձր հարթակներում իսկ համայն հայութեան ազգային նպատակների ու շահերի նուիրեալ պաշտպանն էր նա:
Վեհափառը նախաձեռնեց նաեւ, որպէսզի Կիլիկիոյ Աթոռի ու Սուրբ Էջմիածնի միջեւ ի վերջոյ, տասնամեակներ անց հաստատուէին բարիդրացիական եւ բարեկամական յարաբերութիւններ, նրա գործունէութիւնը մշտապէս ուղղուած էին տարատեսակ ներազգային ու ներքաղաքական տարակարծութիւնների հարթեցմանը: Սպիտակի երկրաշարժի, Հայաստանի անկախացման գործընթացի առաջին իսկ օրերից մինչ հայրենիքում իր հաստատուելը նա ըստ ամենայնի զօրավիգ կանգնեց Հայաստանի առջեւ ծառացած կենսական խնդիրների լուծմանը:
Եւ հայութիւնը հաւատում էր վեհափառին, նրա ճանապարհին մարդիկ ծաղիկներ էին շաղ տալիս, որոնց բոլորի համար նա զօրութիւններով օժտուած մի առաջնորդ էր:
«Ես չեմ հաւատում հայապահպանութեանը, ես հաւատում եմ հայակերտումին», հէնց իր այս խօսքերը կարող են լաւագոյնս բնութագրել նրա գործունէութեան նախահայաստանեան ամբողջ շրջանը:
Դէպի երկիրը հայրերի
Այլ էին պայմաններն ու իրավիճակը, երբ Գարեգին Բ. Սարգիսեան Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսը սփիւռքից ժամանեց Հայաստան` որպէս Գարեգին Ա. Ամենայն Հայոց կաթողիկոս: Նորանկախ Հայաստանում կարճ տեւեց նրա կեանքը` միայն չորս տարի, սակայն մինչ այժմ էլ պատշաճ կերպով չեն լուսաբանուել եւ գնահատուել անցեալն ու հայոց ապագան կամրջող իր բեկումնային առաքելութիւնը:
Այստեղ եւս, մեր հայրերի հաւատքն ու հայոց երկրի շահը անառարկելիօրէն շաղկապւում էին միմեանց, եւ այս մտածումով էլ վեհափառի գործունէութիւնն ուղղորդուած էր Հայաստանի քաղաքացու բարոյական կերպարի ձեւաւորմանը եւ երկրի պետականութեան անխորտակ հիմքերի կազմաւորման սրբազան գործին:
Գարեգին վեհափառը լաւ գիտէր, որ Աստծուն մերձենալու մէջ է կայանում մեր ազգի ներուժը: Եւ եթէ այլ ժողովուրդներն ունէին դարերով ձեւաւորուած աշխատանքի եւ հանրային կեանքի կազմակերպման զարգացած աւանդոյթներ կամ էլ բնական հարստութիւններ, ապա հայերինս մեր հայրերից ժառանգած քրիստոնէական կրօնն էր, որն իր բարոյակերտ բովանդակութեամբ պէտք է ապահովէր մեր առաջընթացն ու բարեկեցութիւնը: Իսկ քրիստոնէական գիտակցութեան բացակայութիւնը, յատկապէս այդ կրօնով «դրոշմուած» մի ժողովրդի պարագայում, պարարտ հող էր ստեղծելու արատաւոր դրսեւորումների համար եւ կարող էր խարխլել հասարակութեան հիմքերը:
Խորհրդային տարիներին հաւատքը խորը յետընթաց էր գրանցել մեր երկրում, եւ` որպէս Ամենայն Հայոց կաթողիկոս, իր ընտրութիւնից անմիջապէս յետոյ Գարեգին Առաջինը յայտարարեց. «Ձեռնարկել պէտք է առաքելութեան մը, որ վերաքրիստոնէացնէ մեր ժողովուրդը, այնպէս ինչպէս եղած է միշտ»:
Վեհափառը համարում էր, որ մեր ժողովուրդը չափազանց զգացմունքային է եւ միշտ չէ, որ սթափ բանականութեամբ է առաջնորդւում, որի պատճառով էլ յաճախ է սխալուել եւ տուժել:
Նա նկատել էր տալիս, որ մեզանում առկայ է անցեալը գովերգելու, սակայն ներկայ իրականութեան մէջ չգործելու խնդիրը: Յորդորում էր` «չլինել նեղմիտ, ինքնաբաւ, ինքնագոհ, կարծես թէ մեզանից աւելի արժանաւոր ազգ գոյութիւն չունի»: Լինել ի հաղորդութեան ուրիշ ազգերի, մեծ մշակոյթների, բացել սեփական աշխարհը համայն աշխարհի առջեւ եւ մեր ուրոյն արժէքահամակարգով մասնակից լինել մարդկութեան կեանքին:
Որպէս մէկ այլ կարեւոր խոչընդոտ էլ նա մատնանշում էր մեր` միայն սեփական, անձնական շահով առաջնորդուելու հանգամանքը. «Ընդհանուրի շահի մէջ է անհատի շահը, ոչ թէ անհատականի մէջ է ընդհանուրի շահը: Մարմին է ազգը: Այդ մարմինն իր ամբողջութեան մէջ, եթէ առողջ չլինի, ես` նրա մի մասնիկս, չեմ կարող այդ վատառողջ մարմնի մէջ լինել առողջ», ասում էր նա եւ տալիս այս ամէնի բացատրութիւնը: Դա այն էր, որ դարերով գտնուելով ուրիշների տիրապետութեան ներքոյ մենք չենք կարողացել ինքնուրոյն գործել, սակայն այժմ, երբ այլեւս անկախ երկիր ենք` պարտաւոր ենք «կերպարանափոխուել»:
Դժուար չէր նաեւ տեսնել, որ այստեղ` Հայաստանում եւ Արցախում մարդկանց մօտ առկայ էր աշխատանքից արդիւնք ստանալու հարցում անվստահութիւն, նախաձեռնողականութեան ու աշխատասիրութեան պակաս, եւ դեռ շատերն էլ, կարծես, ձգտում էին բարեկեցիկ կեանքով ապրել առանց քրտինք թափելու: Հոգեւոր-քրիստոնէական արժեհամակարգի բացակայութեան պայմաններում, ահա, նիւթապաշտութիւնն ու սպառողական հոգեբանութիւնը իրենց խորը արմատներն էին գցում հասարակութեան մէջ` հարստութիւն կուտակածների եւ միւս բոլոր խաւերի միջեւ գոյացնելով հսկայական մի անդունդ, երբ փողի ուժը խաղում էր մարդկանց արժանապատուութեան հետ: Ետեւ էին մղւում ստեղծագործ ոգին ու ազնիւ աշխատանքը, մշակութային ու մտաւոր արժէքները եւ վատառողջ հասարակական յարաբերութիւնները ջլատում էին երկիրը ներսից: Առաջին քրիստոնեայ համարուող երկրով մէկ յաճախ կարելի էր առերեսուել երեսպաշտութեանն ու ագահութեանը, ծուլութեանն ու խաբէութեանը, որոնց դրսեւորումները գնալով կատարելագործւում էին եւ հասնում ծայրայեղութեան:
Մինչդեռ ազնուութիւնը, ճշմարտութիւնը, աշխատանքը պէտք է հանդիսանային երկրի կառուցման գրաւականը, իսկ արդարութիւնը պիտի վեր հանէր արժանիներին, որպէսզի երկրի կարողութիւնն աւելանար, փոխանակ սպառուելու. «Ազգի մը թշնամին միայն երկրի սահմաններէն անդին չի գտնուիր: Այդ թշնամին կրնայ գործել, եւ յաճախ կը գործէ, մեր ներքին աշխարհին ու կեանքին մէջ: «Աներեւոյթ թշնամին» է այդ, որուն դէմ պէտք է պայքարել: Վերջ տալ շահագործումներուն, վերջ դնել զեղծումներուն, ի սպառ հեռացնել եղբայրասպան արարքները: Քրիստոնեայ հայու կերպարին յատուկ պատիւով պէտք է ապրել Աստուծոյ տուած կեանքը, որպէսզի այն դառնայ երջանկութեան աղբիւր մեր նոր հայրենիքին նոր կեանքին մէջ», ասում էր վեհափառը…
Շարունակուող առաքելութեամբ
Իր կեանքի ընթացքում Գարեգին Առաջինը կառուցեց ու վերակառուցեց բազմաթիւ եկեղեցիներ, հիմնեց տասնեակ ազգային, կրօնական եւ բարեսիրական հաստատութիւններ, գրեց անգնահատելի աշխատութիւններ, տպագրեց բազում գրքեր, իր ոսկեղենիկ հայերէնով հարստացրեց մեր լեզուն, սերունդներ կերտեց` նուիրական գաղափարներով…: Նրա շնորհիւ մէկուկէս հազարամեակ անց կառուցուեցին կամուրջներ հայ եկեղեցու եւ քրիստոնէական աշխարհի միջեւ, հարթուեցին ներեկեղեցական տարակարծութիւնները, համախմբուեցին սփիւռքն ու հայրենիքը, բարձրացուեց մեր ժողովրդի ու երկրի հեղինակութիւնը: Դժուար ընկալելի իր ներքին ներուժով Գարեգին կաթողիկոսը փոփոխութեան ենթարկեց իր ժամանակի մարդկանց մտածողութիւնը` դէպի հոգեւորն ու լուսաւորը: Արեց առաւելագոյնը մեր եկեղեցու սպասաւորների մօտ ձեւաւորելու դէպի ժողովուրդն ընթանալու եւ նրան ծառայելու գիտակցութիւն: Առանց նրա մեր կեանքն այսօր որոշակիօրէն տարբեր կը լինէր. պատմական մեր գործող եկեղեցիները կարող էին մեզ ներկայանալ սոսկ անշունչ յուշարձանների տեսքով, խրախուսելի չէին համարուի նորանոր եկեղեցիների բացումը, շատ աւելի քիչ կը լինէին շփման հնարաւորութիւններն օտար եկեղեցիների հետ, առանց թէկուզ համացանցով տարածուող նրա խօսքերի մեզանում առաւել տիրապետող կը լինէին եսապաշտութիւնը, ագահութիւնը, ատելութիւնը եւ ցաւալի այլ դրսեւորումներ: Գարեգին կաթողիկոսը մեծ համոզմունքով պայքարեց նաեւ, որպէսզի քրիստոնէութիւնն աշխարհում յաղթահարի անցեալի իր բաժանումներն ու թշնամութիւնները, ինչը յեղափոխիչ գործօն հանդիսացաւ համայն քրիստոնեայ աշխարհում, կրօնական գործիչների մտայնութեան մէջ նա կշիռքի նժարը ծանրացրեց դէպի սպասաւորութիւն…
Գարեգին Առաջինի ապրած կեանքը, կատարած գործը եւ թողած ժառանգութիւնն իրօք անգնահատելի են, հսկայական արժէք ներկայացնող, ազգային եւ համաշխարհային մակարդակներով` եզակի: Բայց միթէ ընդունելի՞ է իր առաքելութիւնն այսքանով համարել աւարտուած: Անկասկած, այդ չէր նաեւ նրա ուզածը:
Գարեգին կաթողիկոսը կեանքի վերջին շրջանում իր վաղեմի ընկերոջը, լուսահոգի բարերար Հայկ Տիտիզեանին պատգամեց, որ հիմնուի իր անունը կրող «Հայագիտական-աստուածաբանական կենտրոն» եւ հրատարակուի իր աշխատութիւնների ամբողջական մատենաշարը: Կենտրոնը հիմնուեց, այն կառուցուեց Մայր Աթոռում, թէեւ վեհափառի անունը յիշեցնելուց զատ լաւ կը լինէր, որպէսզի կենտրոնը եկեղեցականներին եւ հանրութեանը ներկայացնէր Գարեգին Ա. վեհափառի գործն ու աշխատութիւնները, ասելիքն ու քարոզախօսութիւնները: Փառք Աստծու, հրատարակուեց նաեւ նրա աշխատութիւնների մատենաշարը: Այնպէս որ, Գարեգին Առաջինը, փաստօրէն, ստեղծեց նաեւ բոլոր նախադրեալներն իր առաքելութիւնը երբեւէ շարունակելու համար:
Իր գործերով, իր գրաւոր ժառանգութեամբ, մեր գիտակցութեան մի անկիւնում թաքնուած նրա կերպարի կենդանի ներկայութեամբ եւ Երկնային խորհրդաւոր ազդեցութեամբ Գարեգին հայրապետը մեզանում շարունակելու է գործել նրա իսկ բառերով բնութագրուող` մարդակերտումի ու հայրենակերտումի առաքելութեամբ:
Իսկ առաքելութիւնը չի սահմանափակւում միայն ներկայով. «Մարդ կայ, որ ժամանակին մէջ անժամանակ արժէքներուն նժարը կը ծանրացնէ իր ապրումներով, յարաբերութիւններով եւ գործերով եւ կը դառնայ քաղաքացի յաւիտենութեան», երեւի թէ դարձեալ երկնային ներգործութեամբ գրել էր վեհափառը:
21-րդ դարը դեռ չի հատել իր միջնագիծը, իսկ Գարեգին կաթողիկոսը ներկայ հարիւրամեակում մարդկութեան կեանքում նշմարում էր արշալոյս, հոգեւոր զարթօնք, Արարչի ներկայութեան վերադարձ դէպի արարուածներիս կեանք…: Նա տեսնում էր դրանց նախանշանները կամ աստուածաշնչական արտայայտութեամբ ասած` «ժամանակի նշանները»:
Անկասկած, Գարեգին Առաջինը պատկերացնում էր, որ այս ամէնը նախ եւ առաջ տեղի է ունենալու իր երազած Հայաստանում, ուր տիրելու է սէրը, աշխատանքն ու մնայուն խաղաղութիւնը:
Գուցէ նաեւ նա գիտէր, որ ինչպէս եդեմական եւ համաշխարհային ջրհեղեղի ժամանակներում էր մարդկութիւնն առաջացել եւ ապա` փրկագործուել այս երկրում, ինչպէս քրիստոնէական կրօնն էր իր խորը արմատները տարածել այստեղ, միեւնոյն նախախնամութեամբ նաեւ մարդկութեան իրական երջանկութիւնն էր ծագելու Հայաստանից` ամէնուր տարածուելու հեռանկարով…:
Չէ որ նա ուղարկեալ մի մարգարէ էր ի Հայաստան աշխարհ, նրա մշտաբնակ «յաւիտենութեան քաղաքացին»: Եւ նաեւ` գործի մարդ, ով չէր սիրում սկսուած գործը թողնել կիսատ:
̸տածումներ
Գարեգին&Բ;Ա.&Բ;Ամենայն&Բ;Հայոցէն
– Մէկ բան ես կ՛ուզեմ ձեզի հետ այսօրուայ ձեր հացին եւ աղին հետ բաժնել. ոչ գովենք եւ ոչ էլ պարսաւենք, այլ` կառուցենք: Այս անձը, այս կազմակերպութիւնը, այս հաստատութիւնը, գովել կամ այդ անձը կամ հաստատութիւնը դատապարտել, ասոնք բաւարար չեն ինձ համար, այլ ինչպէս կրնանք աշխատիլ միասնաբար, երկրորդական հարցերէն վեր բարձրանալ, հանրայինը, ընդհանրականը տեսնել, հայրենիքը տեսնել: Պէտք է բոլորս միասին դրական ձեւով մտածենք, ժխտականին ժխտականը ըսենք, բայց հոն կանգ չառնենք, ժխտականը դրականին վերածելու մասին մտածենք: Եթէ պիտի տկարանայ մեր հայրենիքը, ուրիշներին, մէկս միւսին մեղադրելով ինչ ըրած կը լինենք: Տունը քանդուելէն ետքը պատասխանատուութիւններու մասին վիճելը պատմութեան հարց է այլեւս: Հիմա կարեւորը պատմութիւն կերտելն է: Հայրենիքը վերաշինելն է: Եւ այս մօտեցումով, փոխանակ խօսելու, փոխանակ գրելու աշխատենք եւ գործենք…:
– Ես մեծ յոյսով, անկեղծ սպասումով կ՛ուզեմ, որ այլեւս հայրենասիրութիւն բառը նոր անուն մը առնէ` հայրենաշինութիւն: Հայրենասիրութիւնը զգացումի հարց է, հայրենաշինութիւնը կեանքի, գործի հարց է: Եւ նոյնիսկ Յիսուսն ինչ ըսաւ. «Եթէ ինձ էլ չէք հաւատում, գործերի՛ն հաւատացէք»: Գործն է փորձաքարը ճշմարտութեան, ապրումներու հարազատութեան, վաւերականութեան եւ անկեղծութեան:
***
– Եթէ մենք քրիստոնեայ ազգ ենք բառին իրաւ եւ ամբողջական իմաստով, եւ ոչ թէ սոսկ պատմական տուեալներով եւ ձեւական, անուանական եղանակով, եթէ հաւատարիմ ենք մեր ազգի 1700-ամեայ պատմութեան ոգիին եւ ուղիին, մեր հայրերու սուրբ աւանդութեան, եթէ նայիլ գիտենք դէպի հայոց ապագան, ուրիշ ճանապարհ չկայ մեզի համար, բայց միայն Սիրոյ ճանապարհը, Քրիստոսի ճանապարհը, որուն մէջէն եթէ քալենք, իրարմով զօրացած կ՛ըլլանք եւ զօրացուցած կ՛ըլլանք մեր ազգը: Մէկ կողմ շպրտենք նեղմիտ, մասնակի, կողմնակցական, խմբակցային նկատումները եւ շահերը եւ Սիրոյ կապով մեր սիրտերը եւ ձեռքերը իրար միացուցած` քալենք ճշմարտօրէն որպէս մէկ ազգ…:
***
– Տարբեր կրնանք ըլլալ իրարմէ, բայց ո՛չ հակադիր իրարու, տարակարծիք կրնանք ըլլալ, բայց ոչ թշնամանող իրարու: Ամէն տեսակի ու չափի պառակտում ուրախութեան քրքիջ է մեր բոլոր թշնամիներուն եւ տրտմութեան դառն կսկիծ մեր նահատակներուն:
***
– Ընդհանրական շահերի գերադասման, երկրորդական ու մասնաւոր եւ ժամանակաւոր շահերի ստորադասման իմաստութեան մէջ է կայանում ազգի հզօրութեան գաղտնիքը:
***
– Աշխարհը սպասում է եւ կարծէք ուզում է տեսնել, թէ այս ազգը արժանի՞ է անկախութեան, թէ` ոչ: Մենք մեր միասնականութեամբ պիտի փաստենք, որ իսկապէ՛ս արժանի ենք: Եթէ այսօր ինձանից ձեր կէսօրուան ճաշին պէս հոգեւոր սնունդ էք սպասում` առէք այս պատգամը, խառնեցէք ձեր արեանը, ձեր կեանքին: Ամէն բանից վեր նկատենք հայրենիքի, եկեղեցու, ազգի եւ պետութեան ընդհանրական շահը, մասնաւոր, փոքրիկ, ճղճիմ, մանր, փոքրոգի հարցերից վեր բարձրանանք, իբրեւ ազգ մտածենք, իբրեւ պետութիւն մտածենք…:
***
– Այժմ մենք մեր երկրի տէրն ենք, բայց իբր տէր պարտաւոր ենք ծառայել այս երկրին: Հէնց դա է ասել ու արել Յիսուսը. նա լուացել է առաքեալների ոտքերը, նա, որ Ուսուցիչն էր ու Տէրը, ասել է, որ եկել է ծառայելու եւ ոչ թէ ծառայութիւն ընդունելու:
Աշոտ Վավյան
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ