ҽ

Իտալացի նաւապետ Ջեննարօ Արման եւ «Diamond Princess» նաւը Ճափոնի նաւահանգստում Իտալացի նաւապետ Ջեննարօ Արման եւ «Diamond Princess» նաւը Ճափոնի նաւահանգստում   Պատմութիւնը

Քորոնա ժահր. «Diamond Princess»-ի ոդիսականը

«Diamond Princess» զբօսանաւն իր ճանապարհորդութիւնը մեկնարկում է 2020 թուականի յունուարի 20-ին Ճափոնի նաւահանգստային քաղաք Եոքոհամայից՝ Հարաւչինական ծովի տարբեր երկրներով երկշաբաթեայ ուղեւորութիւն իրականացնելու համար: Նաւի վրայ էին գտնւում 50 երկրներից տարբեր մշակոյթների եւ կրօնների 3800 ներկայացուցիչներ՝ 2700 ուղեւորներ եւ անձնակազմի 1100 անդամներ: Նաւը գրեթէ մէկ ամիս հանգրուանում է Ճափոնական ծովի ափերին՝ ուղեւորների շրջանում Քորոնա ժահրի տարածման պատճառով:

Քորոնա ժահր. «Diamond Princess»-ի ոդիսականը

«Diamond Princess» զբօսանաւն իր ճանապարհորդութիւնը մեկնարկում է 2020 թուականի յունուարի 20-ին Ճափոնի նաւահանգստային քաղաք Եոքոհամայից՝ Հարաւչինական ծովի տարբեր երկրներով երկշաբաթեայ ուղեւորութիւն իրականացնելու համար: Նաւի վրայ էին գտնւում 50 երկրներից տարբեր մշակոյթների եւ կրօնների 3800 ներկայացուցիչներ՝ 2700 ուղեւորներ եւ անձնակազմի 1100 անդամներ: Նաւը գրեթէ մէկ ամիս հանգրուանում է Ճափոնական ծովի ափերին՝ ուղեւորների շրջանում Քորոնա ժահրի տարածման պատճառով:

Էլիանա Աստորրի – Վատիկան

2020 թուականի փետրուարի 3-ի երեկոյեան ճափոնական իշխանութիւնների ներկայացուցիչները նաւ բարձրացան: Նախորդ օրը պարզուել էր, որ ուղեւորներից մէկը, ով յունուարի 25-ին ափ էր իջել Հոնքոնկում, COVID-19-ի թեստաւորման արդիւնքում դրական ախտորոշում է ունեցել: Փետրուարի 4-ին նաւապետին հրաման է տրւում նաւի վրայ արտակարգ դրութիւն յայտարարել: Ճափոնի Առողջապահութեան նախարարութեան արձակած հրամանագիրն ուժի մէջ է մտնում փետրուարի 5-ին: Նաւի վրայ յայտարարուած արտակարգ իրավիճակն աւարտւում է մարտի 1-ին՝ անձնակազմի վերջին անդամների տարհանմամբ, որը սկսուել էր դեռեւս փետրուարի 27-ին: Ստեղծուած իրավիճակը ծանր էր. 712 վարակակիր եւ 7 մահուան դէպք: Վերջին մարդը, որ յայտնւում է կամրջակի վրայ՝ նաւապետն է: Իտալացի Ջեննարօ Արման հայրենիք վերադառնալուն պէս պարգեւատրւում է եւ, Նախագահ Սերճօ Մաթթարելայի կողմից արժանանում Իտալիայի Հանրապետութեան Պատուաւոր Հրամանատարի  կոչման՝ իր օրինակելի գործելակերպի համար: Նաւագնացութեան մէջ 25 տարուայ փորձառութիւն ունեցող Ջեննարօ Արման, ով 22 տարի է, ինչ աշխատում է «Princess Cruises Company»-ում, ստիպուած էր գործել արտակարգ եւ նախադէպը չունեցող մի իրավիճակում՝ հետեւելով Ճափոնի Առողջապահութեան նախարարութեան հրահանգներին:

Գործի են դրւում կանխարգելիչ միջոցառումները

Նաւապետը, հետեւելով ճափոնական իշխանութիւնների հրահանգներին, յորդորում է ուղեւորներին ինքնամեկուսանալ իրենց նաւախցերում: «Առողջապահութեան նախարարութիւնը բուժանձնակազմ յատկացրեց, - ասում է Ջեննարօ Արման, - որպէսզի բժշկական զննութեան ենթարկեն բոլոր ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին, ովքեր ջերմում են կամ հարբուխի ախտանշաններ ունեն՝ համաձայն հակահամաճարակային իրավիճակի վերահսկողութեան կանոնների: Ստիպուած եղանք փոխել սնունդի մատակարարման կարգը եւ իւրաքանչիւր նաւախուց, որոնք թուով 1350-ն են, սնունդ ուղարկել, նաեւ վերահսկող խմբեր կարգեցինք, որոնք պէտք է վերահսկողութիւն իրականացնէին միջանցքներում, որպէսզի ուղեւորները մնային իրենց սենեակներում»: Միեւնոյն ժամանակ, պահպանութեան խմբերը հսկողութիւն էին իրականացնում, որպէսզի ուղեւորները կարողանային օգտուել մէկ ժամ զբօսանքի իրաւունքից՝ դուրս գալով նաւի բաց տախտակամած, որը թոյլ կը տար նրանց մաքուր օդ շնչել:

Համերաշխութիւն

Այս ոդիսականի օրերին, Ջեննարօ Արման բազմաթիւ յուզիչ տեսարանների ականատեսը եղաւ: Դրանցից մէկը զբօսանքների համար յատկացուած ժամին էր վերաբերում: «Այն ուղեւորները, ովքեր իրենց սենեակներից բացուող պատշգամբներ ունէին, - պատմում է նաւապետը, - յօժարակամ հրաժարւում էին դուրս գալ սենեակներից եւ բարձրանալ տախտակամած՝ յօգուտ այն ուղեւորների, որոնց նաւախցերը տեղակայուած էին նաւի ներքին հատուածում եւ, նրանք հնարաւորութիւն չունէին արեւի լոյսը տեսնելու կամ՝ գոնէ թարմ օդ շնչելու: Սա զոհողութեան լաւագոյն օրինակ էր»:

Ազնուութիւն

Նաւի վրայ գտնուող 2700 մարդկանց, ովքեր այստեղ էին իրենց արձակուրդն անցկացնելու նպատակով, սակայն մեկուսացման մէջ էին յայտնուել նաւախցերում՝ շատ դժուար էր բացատրել, որ այսուհետ կերակուրը թողնելու ենք նրանց սենեակների դռների առջեւ եւ, որ ողջ օրուայ ընթացքում, նրանք միայն մէկ ժամ զբօսանքի հնարաւորութիւն կ'ունենան: Չնայած այս ամէնին, Ջեննարօ Արման ընտրել էր ազնիւ ու թափանցիկ գործելակերպը եւ, ամէն անգամ, ճշգրիտ կերպով ներկայացնում էր, թէ ինչպիսին է իրավիճակը: Ի շահ նաւի վրայ գտնուող բոլոր ուղեւորների եւ անձնակազմի՝ ձեռնարկուել էին բոլոր անհրաժեշտ միջոցառումները:

Երախտագիտութեան խօսքեր անձնակազմին

Նաւի անձնակազմն արեց աւելին, քան իրենց ամենօրեայ առաքելութիւնն էր պահանջում: Նաւի հրամանատար Արման երախտապարտ է իր բոլոր աշխատակիցներին, որոնց անուանում է «իմ գլադիատորներ» եւ հպարտ է նրանցով: Հրամանատարի համար նրանք բոլորը մաս են կազմում միեւնոյն ընտանիքի: «Ամէն բան զգալի եւ տեսանելի էր. այն բոլոր դրական հաղորդագրութիւնները, որ ուղեւորները թողնում էին իրենց սենեակների մօտ՝ միջանցքներում, որպէսզի անձնակազմի անդամները կարողանային դրանք կարդալ, ինչպէս նաեւ այն շնորհակալական նամակները՝ ուղղուած ինձ, անձնակազմին եւ ընկերութեանը այն ամէնի համար, ինչ անում էինք՝ նկատի առնելով առկայ պայմանները, հնարաւորինս յարմարաւէտ դարձնելու այն ժամանակահատուածը, որ ուղեւորները ստիպուած էին անցկացնել նաւի վրայ: Ես չէի կարողանում զարմանքս թաքցնել, թէ ստեղծուած դժուարին կացութեանն ինչպէս էր յարմարուել ողջ անձնակազմը, որը շարունակական զարգացման մէջ էր գտնւում, քանի որ իրավիճակը փոխւում էր ոչ թէ օրէցօր, այլ՝ ժամ առ ժամ», - իր խօսքում ընդգծում է նաւի հրամանատար Արման:

Ջեննարօ Արման իր անձնակազմի անդամներից մի քանիսի հետ ինքնաթիռի սրահում՝ Իտալիա վերադարձի ճանապարհին
Ջեննարօ Արման իր անձնակազմի անդամներից մի քանիսի հետ ինքնաթիռի սրահում՝ Իտալիա վերադարձի ճանապարհին

Հաւատքը՝ որպէս մխիթարութիւն

«Ստեղծուած իրավիճակում ես սկսեցի աղօթել փոքր-ինչ աւելի, քան սովորաբար, որպէսզի իմ մէջ ուժ գտնէի մինչեւ վերջ այս ճանապարհն անցնելու, քանի որ ինձ համակել էր այն երկիւղը, որ ես նոյնպէս կարող եմ COVID-19-ի վարակակիր լինել, ուստի, մեծ յոյսով ու խաղաղութեամբ կարողացայ թեստաւորուել, որի արդիւնքում պարզուեց, որ ախտորոշումը բացասական է: Աղօթում էի նաեւ այն մարդկանց համար, որոնց նաւից տարհանելուց յետոյ տեղափոխել էին հիւանդանոց, յատկապէս այն ժամանակ, երբ, դժբախտաբար, մեզ յայտնեցին, որ նրանցից ոմանք մահացել են: Հաւատքն իմ միակ մխիթարութիւնն էր դարձել, մասնաւորապէս երեկոները, քանի որ շատ երկար եւ յոգնեցուցիչ օրուանից յետոյ, երբ ստիպուած էի լինում բազմաթիւ դժուարութիւնների միջով անցնել՝ վերադառնալով իմ սենեակ, աղօթքի մէջ խորասուզուելն ինձ համար հոգեկան մեծ աջակցութիւն էր», - խոստովանում է նաւապետը:

Վերադարձ Իտալիա

«Դէպի Իտալիա վերադարձի թռիչքը շատ երկարատեւ էր, այնուամենայնիւ,- համաձայնում է «Diamond Princess»-ի հրամանատարը, - շատ աւելի երկար էր Հռոմից մինչ իմ տուն ճանապարհը, որ անցայ ինքնաշարժով: Տուն վերադարձող իտալացիների հետ միասին, մենք բոլորս չափազանց յուզուած էինք եւ շտապում էինք վերամիաւորուել մեր ընտանիքների հետ: Նշանակալից էր այն պահը, երբ ինքնաթիռ բարձրացանք, քանի որ բոլորս անհամբեր էինք, բացի այդ, սա նաեւ այն պահն էր, երբ փակում էինք այս արտասովոր ու էպիկական պատմութեան էջը, պատմութիւն, որի բացառիկութիւնն արտայայտւում էր նաեւ այն ձեռնարկուած միջոցառումներով, որոնք միտուած էին իրավիճակի վերահսկմանն ու կառավարմանը»:

Ճգնաժամը թոյլ է տալիս խորհել, թէ ինչն է կեանքում առաջնահերթ

«Բնոյթով ես շատ ինքնավստահ մարդ եմ, սակայն «Diamond Princess»-ի վրայ անցկացրած փորձութեան այս օրերից եւ այն ամէնից յետոյ, ինչին այս պահին ականատես եմ լինում իմ հայրենիքում՝ Իտալիայում, համոզուեցի, որ միասնականութեան ուժը եւ ինքնազոհութեան պատրաստակամութիւնը՝ ինչպէս մենք էինք վարւում նաւի վրայ, ապացուցում են, որ նոյնիսկ այնպիսի վտանգաւոր խոչընդոտը, ինչպիսին Քորոնա ժահր կոչուող այս անտեսանելի թշնամին է՝ յաղթահարելի է դառնում: Պարզ է, որ յետագայում եւս դժուարութիւններ կը լինեն, սակայն այս օրերին մարդկանց կողմից անձնազոհութեան դրսեւորումներն օրինակելի կը լինեն ապագայի համար: Համոզուած եմ, որ դուրս կը գանք այս ճգնաժամից, եթէ խօսենք մարդասիրութեան լեզուով: Կարծում եմ, որ սա նաեւ բացառիկ հնարաւորութիւն է խորհրդածելու, միմեանց հետ մտքեր կիսելու եւ մարդկանց նկատմամբ մօտիկութիւն ցուցաբերելու: Մեզանից իւրաքանչիւրին ժամանակ է տրուած հոգ տանելու ինչպէս մեր, այնպէս էլ մեր ընտանիքների մասին: Յուսով եմ, որ կը սովորենք արժեւորել այն ամէնն ինչ ունենք, նոյնիսկ, եթէ դրանք մեզ անկարեւոր են թւում»: 

Ջեննարօ Արման ցոյց է տալիս այն շապիկը, որը նրա 10-ամեայ որդի Դիեգոն է նկարել հայրիկի համար
Ջեննարօ Արման ցոյց է տալիս այն շապիկը, որը նրա 10-ամեայ որդի Դիեգոն է նկարել հայրիկի համար

Իտալիայի Հանրապետութեան Պատուաւոր Հրամանատարի կոչում ունեցող Ջեննարօ Արման չէր կարող երբեւէ պատկերացնել, որ այսպիսի մեծ ճանաչում է ձեռք բերելու: Նա շատ հպարտ է, երախտապարտ եւ խանդավառուած այն մտքից, որ Հանրապետութեան Նախագահը գնահատել է իր գործունէութիւնը: Հրամանատարն իրեն հերոս չի համարում, աւելին՝ կարծում է, որ ընդամէնը իր աշխատանքն է կատարել: Այժմ, երբ վերադարձել է տուն՝ շատ երջանիկ է, որ կրկին ընտանիքի հետ է: Բայց նաւաստու իր ոգին մղում է վերականգնելու բաց թողնուածը. «Հէնց որ հնարաւոր լինի՝ կը վերադառնամ նաւագնացութեանը: Զբօսանաւ վարելը եւ դրանով ճամբորդելը աներեւակայելի փորձառութիւն է: Մեծ անհամբերութեամբ եմ սպասում նորից նաւի տախտակամած բարձրանալուն, որպէսզի տեսնեմ, թէ ինչպէս են մարդիկ վերադառնում նաւով ճանապարհորդութիւններին»: Նրա մտքում են այդ ողբերգական ուղեւորութեան բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները, իսկ սրտում ու աղօթքներում՝ այն բոլոր մարդիկ, ովքեր չկարողացան դիմակայել Քորոնա ժահրին եւ դրա զոհը դարձան:

Իսկ «Diamond Princess»-ը՞

«Նաւն ամբողջութեամբ ախտահանուել է Ճափոնի իշխանութիւնների վերահսկողութեան ներքոյ: Եւ, ընդամէնը մի քանի օր առաջ, նրանք կարողացան աւարտին հասցնել ախտահանման մեծածաւալ աշխատանքները: Համաձայն նոր արտօնագրի՝ իրականացուել են անհրաժեշտ բոլոր ստուգումների ընթացակարգերը: Նաւերի նորոգման կայանից նաւը փոխադրուել է այսպէս կոչուող լողացող կայան՝ որոշ ժամանակով, որը մենք անուանում ենք «wet dock»: Աշխարհում համաճարակային իրավիճակի բարելաւումից յետոյ նաւը լիովին պատրաստ կը լինի նաւարկութեան», - խօսքը եզրափակում է նաւի հրամանատար Արման:

(Պատմութիւնը քաղուած է «Diamond Princess» նաւի հրամանատար Արմայի հետ ունեցած հեռախօսային զրոյցից՝ 2 ապրիլի, 2020 թուական, համագործակցութեամբ՝ «APCO Worldwide»-ի տնօրէնի օգնական Վալերիա Ռուբելլոյի):

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

08/04/2020, 06:53