ҽ

Բիշչէի Եկեղեցին Ուկրաինայում Բիշչէի Եկեղեցին Ուկրաինայում   Պատմութիւնը

Լքուած Եկեղեցու վերածնունդը

Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ընթացքում գերմանացի սպայ Գէորգ Ֆրանց Մօրաւեչին յաջողւում է Ուկրաինայի Բիշչէ գիւղի 18-րդ դարի հռոմէա-կաթողիկէ Եկեղեցւոյ աւերակներից դուրս բերել եւ կորստից փրկել արժէքաւոր սրբապատկերներ: 70 տարի անց, ԱՄՆ-ում ապրող քահանայ Ստանիսլաւ Զակը ձեռնամուխ է լինում Եկեղեցւոյ վերակառուցման աշխատանքներին:

Կոստիանտին Չաւագայ – Լվով

Ստանիսլաւ Զակը ծնուել է Լեհաստանում՝ մի ընտանիքում, որը սերում է Արեւմտեան Ուկրաինայից, որտեղ մինչ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի աւարտը ապրել են բազմաթիւ հռոմէա-կաթողիկէ լեհեր: Լեհաստանում կոմունիստական իշխանութիւնները նրանց բնակեցնում են արեւմտեան շրջաններում, որտեղից էլ, աւելի ուշ՝ տեղափոխում Գերմանիա: Լեհաստանի հարաւում՝ Չեխիայի Հանրապետութեան սահմանից ոչ հեռու գտնուող Ռացուաւիչէ Շլոսկիէ գիւղի հին լիւթերական եկեղեցում ուկրաինական ծագում ունեցող լեհ հայրենադարձները տեղադրում են Բիշչէի Աստուածամօր սրբապատկերը եւ ջերմեռանդօրէն աղօթում:

Բիշչէն Հեռաւոր Արեւելքում գտնուող այն գիւղն է, որտեղից սովետական իշխանութիւնները արտաքսել էին Ստանիսլաւի ծնողներին:  Եկեղեցին, որտեղ գտնւում էր Սուրբ Կոյսի հրաշագործ սրբապատկերը, կրակի էր մատնուել էթնիկ բախումների պատճառով: Իր հայրենի գիւղի վերաբերեալ արձանագրուած պատմութիւններից Ստանիսլաւը անուններով եւ ազգանուններով ճանաչում էր բոլոր գիւղաբնակներին: Նա լաւ է յիշում ոչ միայն իր ուկրաինուհի տատիկին, ով իրեն սովորեցրել է մայրենի լեզուն, այլեւ՝ Սուրբ Հաղորդութեան Եկեղեցւոյ եւ այրուած սրբապատկերների մասին այն պատմութիւնները, որ լսել էր իր ընտանիքի անդամներից: 

Դօն Ստանիսլաւ Զակը պատարագ է մատուցում Բիշչէի Եկեղեցում
Դօն Ստանիսլաւ Զակը պատարագ է մատուցում Բիշչէի Եկեղեցում

Անկարելի է այլ կերպ վարուելը

«Հօրաքոյրս Եկեղեցում էր, երբ այն կրակի մատնուեց», - պատմում է Հայր Ստանիսլաւ Զակը: «Նրան յանձնարարուած էր հետեւել խորանին, այդ իսկ պատճառով, գիտէր, թէ որտեղ են տապանակի բանալիները, ուստի, բացում է այն, վերցնում երկու սկիհերը եւ Սուրբ Հաղորդութեան մասունքը, այնուհետեւ՝ փաթաթում խորանի ծածկոցի մէջ ու թաքցնում դրանք իր քրոջ տան նկուղում: Ամբողջ գիշեր երկու կանայք աղօթում եւ երկրպագում են Սուրբ Հաղորդութեան մասունքի առջեւ: Լուսաբացին հօրաքոյրս դստերն ուղարկում է, որպէսզի մասունքը փոխանցի Բերեժանիում թաքնուող ծխական եկեղեցւոյ քահանայ Հայր Ֆիլիպ Զայացին: «Եթէ եկել հասել էք այստեղ եւ ձեզ հետ բերել էք Սուրբ Հաղորդութեան մասունքը, ապա՝ տարէք այն Եկեղեցի», - նրանց յորդորում է քահանան: Կանոնիկոս Ադամ Գացուցկին վերցնում է Սուրբ Հաղորդութեան մասունքը եւ երիտասարդ աղջկայ հետ միասին այն տանում Եկեղեցի: Քահանան խնդրում է իր երախտագիտութիւնը յայտնել հօրաքրոջս, ով տեղեկացրել էր նաեւ, որ Բիշչէի Եկեղեցւոյ սրբապատկերները չեն վնասուել հրդեհից, քանի որ կրակը մարել էր՝ հասնելով Սուրբ խորանին:

Դօն Ֆիլիպը որոշում է փրկել Բիշչէի Եկեղեցւոյ Աստուածամօր հրաշագործ սրբանկարը եւ միւս սրբապատկերները: Այս նպատակն իրականացնելու համար նա օգնութիւն է խնդրում Վերմախտի սպայ Գէորգ Ֆրանց Մօրաւեչից, ով կաթողիկէ էր եւ պատերազմից առաջ երաժշտութեան դասեր էր տալիս ու երգեհոն նուագում Միւնխէնի եկեղեցիներից մէկում:

«Մօրաւեչը կանչում է չորս զինուորի, ովքեր մեծ հորս եւ մէկ ուրիշ մարդու օգնութեամբ գնում են Բիշչէ, Եկեղեցուց դուրս են բերում սրբապատկերները եւ տեղափոխում Բերեժանի», - շարունակում է Հայր Ստանիսլաւ Զակը: «Նրանք վտանգեցին իրենց կեանքը: Ճանապարհին նրանց կանգնեցնում է Գէստապոն (պետական գաղտնի ոստիկանութիւն) եւ հարցնում, թէ ինչ են տեղափոխում: Գէորգ Ֆրանց Մօրաւեչը ոստիկաններին յայտնում է, թէ Բիշչէի Եկեղեցւոյ սրբապատկերները պէտք է տեղափոխեն Գերմանիայի թանգարաններից մէկը՝ պահպանութեան»: Այսպէս նրան յաջողուեց փրկել սրբապատկերները: 1945 թուականին, երբ Բիշչէում ապրող լեհերը տեղափոխուեցին Լեհաստան՝ իրենց հետ տարան նաեւ այս սրբապատկերները, աւելի ուշ՝ կորսուեց դրանց հետքը: Երկարատեւ փնտռտուքներից յետոյ՝ 1975 թուականին, Գէորգ Ֆրանց Մօրաւեչը Լեհաստանում գտաւ Բիշչէի սրբապատկերները: Սպան պատմում էր, որ Հայր Զայացը, ի նշան երախտագիտութեան, Սուրբ Կոյսի պատկերով շքադրամ էր նուիրել իրեն: Երբ նրան Բերեժանիից տեղափոխեցին ռազմաճակատ, շքադրամը փրկեց նրա կեանքը՝ կասեցնելով հրազէնի գնդակի ներթափանցումը: Մինչեւ իր կեանքի վերջին օրը սպան խորը ակնածանք էր տածում Բիշչէի Աստուածամօր նկատմամբ: Նոյնիսկ պատճէնել էր սրբապատկերը: Մինչ մահը՝ 2005 թուականը, նա պարբերաբար այցելում էր Ռացուաւիչէ: Ուստի, կը ցանկանայինք պատուել նրա յիշատակը, քանի որ, չնայած մահուան սպառնալիքին՝ միշտ անսասան մնաց իր հաւատքի մէջ», - եզրափակում է խօսքը քահանան:

Աստուծոյ համար անհնարին ոչինչ չկայ

Հայր Ստանիսլաւ Զակն իր հովուական առաքելութիւնն իրականացրել է Լեհաստանում, Անգլիայում եւ Միացեալ Նահանգներում: Բիշչէ այցելելը միշտ նրա երազանքն է եղել, սակայն Սովետական Կառավարութիւնն այդպէս էլ նրան մուտքի արտօնագիր չտրամադրեց: Միայն Ուկրաինայի անկախացումից եւ 2001 թուականին Սբ. Յովհաննէս Պօղոս II-ի հովուական այցելութիւնից յետոյ Հայր Ստանիսլաւը վերջապէս կարողացաւ այցելել իր նախնիների երկիր: 

Պատարագ ձեռամբ՝ Դօն Ստանիսլաւ Զակի
Պատարագ ձեռամբ՝ Դօն Ստանիսլաւ Զակի

«Երբ մօտեցայ Բիշչէին՝ նկատեցի Եկեղեցւոյ աւերակների վերածուած զանգակատունը եւ ծառները, որ աճել էին տանիքին», - վերյիշում է քահանան: «Եկեղեցւոյ դուռը ծածկուած էր հին փայտէ տախտակների պատնէշով: Ինձ յաջողուեց ներս մտնել: Ծնկի եկայ գլխաւոր խորանի առջեւ եւ համակուեցի շատ արտասովոր մի զգացումով: Ինքս ինձ ասացի, որ անհրաժեշտ է ինչ-որ բան ձեռնարկել այս Եկեղեցին վերակառուցելու համար: Լուսանկարեցի Եկեղեցւոյ աւերակները եւ, երբ վերադարձայ Միացեալ Նահանգներում գտնուող իմ ժողովրդապետութիւն՝ պատմեցի Ուկրաինա կատարած իմ ուղեւորութեան մասին եւ ցոյց տուեցի լուսանկարները: Մեր ժողովրդապետութեան մէջ գործում է «Քոլոմպոսի Ասպետներ» բարեսիրական կազմակերպութիւնը, որն այսօր իր ներկայութիւնն ունի նաեւ Ուկրաինայում: Հայկական ծագում ունեցող ծխականներից մէկն ինձ ասաց. «Հա՛յր, պէտք է ինչ-որ բան ձեռնարկենք», - եւ, անմիջապէս 300 տոլարի վճարագիր տուեց ինձ: Ես դրամատանը հաշիւ բացեցի ու սկսեցի նուիրատուութիւններ հաւաքել: Դօն Անդրիյ Ռեմինեցը՝ Բերեժանի ծխական համայնքի հոգեւոր հովիւը, պաշտօնապէս գրանցում է Բիշչէի հռոմէա-կաթողիկէ համայնքը եւ 2012 թուականին Եկեղեցին վերանորոգելու արտօնութիւն է ստանում: 2015 թուականի յուլիսի 31-ին, Լէոն Մալիյը՝ Լվովի Լատին Եկեղեցւոյ եպիսկոպոսի օգնականը, օծում է Եկեղեցւոյ հին սրբապատկերների կրկնօրինակները: Յաջորդ տարի կառուցուեց նոր աւագ խորանը, վերականգնուեցին պատերը, ապա՝ ստորերկրեայ դամբարանները, որտեղ գտնւում են հոգեւորականների եւ հաւատացեալների շիրիմները: Անցեալ տարի վերականգնուեցին նաեւ չորս կողմնային խորանները»: 

Աղօթք եկեղեցում՝ սպասելով վերանորոգման աշխատանքների աւարտին
Աղօթք եկեղեցում՝ սպասելով վերանորոգման աշխատանքների աւարտին

Այսօր, Բիշչէի գրեթէ բոլոր բնակիչները յաճախում են Ուղղափառ Եկեղեցի, բայց եկեղեցական արարողութիւնների համար այցելում են նաեւ Կաթողիկէ Եկեղեցի: «Սա Լվովի լատին թեմի ամենահին սրբավայրն է», - ասում է Դօն Անդրիյ Ռեմինեցը: Այժմ, տարուայ մէջ երկու անգամ՝ օգոստոսի 15-ին եւ սեպտեմբերի 8-ին, կազմակերպւում են ուխտագնացութիւններ, որոնց մասնակցում են Լեհաստանից ժամանած ծխականների ժառանգները»: Լվովի Լատին Եկեղեցւոյ Արքեպիսկոպոս Մեչիսլաւ Մոկշիցկիի հովանու ներքոյ եւ ուկրաինական հասարակական կազմակերպութիւններից մէկի կազմակերպութեամբ իրականացւում է նաեւ փառատօն՝ երիտասարդ արուեստագէտների մասնակցութեամբ: 

Դօն Ստանիսլաւ Զակը, իսկ ետին պլանում երիտասարդ արուեստագէտների կտաւներից երկուսը
Դօն Ստանիսլաւ Զակը, իսկ ետին պլանում երիտասարդ արուեստագէտների կտաւներից երկուսը

Հայր Ստանիսլաւ Զակը շարունակում է նուիրատուութիւններ հաւաքել եւ ամէն տարի այցելել Բիշչէ: «Ես՝ Միացեալ Նահանգներում, իսկ Հայր Էնդրիւն՝ Ուկրաինայում, իւրաքանչիւր ամսուայ առաջին կիրակի օրը, աղօթք ենք բարձրացնում առ Աստուած բոլոր այն բարերարների դիտաւորութեամբ, ովքեր աջակցում են այս Եկեղեցւոյ վերակառուցման աշխատանքներին եւ սպասում ենք, որ մեր նուիրատուների շարքում օրերից մէկ օր կ'ունենանք միլիոնատէր», - կատակում է Հայր Զակը: «Եթէ նման մեծահարուստի ճանաչում էք, ապա՝ ուղղորդէք նրան եպիսկոպոսի կամ ինձ մօտ, - շարունակում է նա, - քանի որ դեռեւս շատ աշխատանք կայ եւ շատ դրամ անհրաժեշտ կը լինի Եկեղեցւոյ վերանորոգումը աւարտին հասցնելու համար»:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

18/03/2020, 09:55