ҽ

Չիլիացի Ջանեթ Զուրիտան Չիլիացի Ջանեթ Զուրիտան  Պատմութիւնը

Աստուծոյ շնորհիւ ես վերագտայ իմ ազատութիւնը եւ որդուս

Չիլիացի Ջանեթ Զուրիտան, ով 2018 թուականին Սանթիակոյի կանանց բանտում ելոյթ ունեցաւ Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի այցելութեան ժամանակ, վճռականօրէն է տրամադրուած կոտրելու աղքատութեան եւ սոցիալական մեկուսացման օղակը, սակայն, այս ամէնը հնարաւոր չէ իրականացնել առանց տառապանքի, ցաւի եւ բազմաթիւ ջանքերի: Ջանեթը 15 տարուայ ազատազրկման է դատապարտուել թմրանիւթերի առուվաճառքի համար եւ տասներորդ տարին է, ինչ իր պատիժն է կրում բանտում, սակայն, այժմ նա հաւատով է լցուած ճակատագրի հանդէպ, քանի որ յաջողուեց փոխել այն՝ հանդիպելով Աստծուն մի այնպիսի վայրում, որտեղ ամենաքիչն էր ակնկալում գտնել Նրան: Դարձի գալու եւ հոգեպէս նորոգուելու այս ճանապարհին կարեւոր դերակատարութիւն ունեցաւ մի միանձնուհի:

Ֆելիպէ Էրրերա-էսպալիատ – Վատիկան Նիուզ

«Եթէ ես չյայտնուեի բանտում, ապա՝ երբեք կրթութիւն չէի ստանայ»: Ջանեթ Զուրիտայի արտայայտած այս միտքը հակասական է, քանի որ Չիլիում ազատազրկման ժամկէտի աւարտից յետոյ, օրինազանց անձանց հասարակական կեանքի մէջ վերստին ներգրաւելու փոխարէն, էլ ավելի է սաստկանում նրանց սոցիալական մեկուսացումը: Սակայն, բոլորովին այլ է 37-ամեայ այս կնոջ պատմութիւնը, ով մէկ տասնամեակ է, ինչ ազատազրկուած է եւ արդէն երեք տարի է, ինչ էսթետիկ բժշկութեան ոլորտում մասնագիտական կրթութիւն է ստանում: Ի հեճուկս բոլոր կանխատեսումների՝ նա թօթափում է անարդարութեան, աղքատութեան եւ յանցաւորութեան կապանքները՝ շնորհիւ իր անձնական ջանքերի, սեփական կեանքի վկայութեան եւ աստուածային միջամտութեան:

Նոյնիսկ, եթէ Չիլիի բանտում իրենց պատիժը կրող կանանց գրեթէ կէսը կրկին յայտնւում են բանտում, քանի որ ազատութեան մէջ նրանց չեն ընձեռւում այնպիսի հնարաւորութիւններ, որոնք թոյլ չեն տայ նորից յանցանք գործել, ապա՝ «Զուրիտան», - ինչպէս բոլորն են նրան անուանում, - կարողացաւ հաստատ մնալ իր վերափոխման ճանապարհին: Նիւթական անկայուն վիճակով եւ սոցիալական միջավայրով պայմանաւորուած ծանր կեանքը թոյլ չի տուել, որ դառնութիւնը արմատներ գցի նրա սրտում, ընդհակառակն, նրան յաջողւում է հզօր կենսական էներգիա հաղորդել ամէն անգամ, երբ այլոց հետ կիսում է իր վկայութիւնը՝ արտայայտուած հաւատքով եւ լաւատեսութեամբ: Այս ամէնն ակներեւ դարձաւ Նորին Սրբութեան եւ հազարաւոր մարդկանց համար, ովքեր հետեւում էին Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի առաջին պատմական այցելութեանը կանանց բանտ, երբ 2018 թուականի յունուարի 16-ին՝ երեքշաբթի օրը, Ջանեթը՝ իր եւ իր բանտակիցների անունից ելոյթ ունեցաւ Սուրբ Պետրոսի յետնորդի ներկայութեամբ:

Այդ օրից ի վեր, Զուրիտային այլեւս ոչինչ չի կարող կանգնեցնել: Նա պատրաստ է լքել բանտը գլուխը բարձր պահած, մասնագիտական վկայագիրը գրպանում եւ որդու հետ կապը վերահաստատելուց յետոյ, որը ստիպուած էր եղել խզել, երբ թմրանիւթերի առուվաճառքի զոհ դարձավ:

Խոցելի՝ դեռեւս վաղ մանկութիւնից

Ջանեթը դեռեւս երեխայ էր, երբ 80-ական թուականների սկզբին գողութիւն կատարելու համար ձերբակալուեց հայրը: «Ես յաճախ նրան այցելում էի բանտում: Մանկութեան տարիներից սկսած ծանօթ եմ բանտին», - ասում է Չիլիի մայրաքաղաքի ամենաաղքատ թաղամասերից մէկում ծնուած այս կինը: Նա ընտանիքի չորս երեխաներից աւագն էր: Նրանց մասին հոգ էին տանում մեծ ծնողները, մինչ մայրը՝ որպէս շրջիկ վաճառական, Սանթիակոյի փողոցներում փորձում էր ապրուստ վաստակել իր ընտանիքին կերակրելու համար: Սա ոչ միայն անկայուն, այլեւ վտանգաւոր աշխատանք էր, քանի որ ապօրինի գործունէութեամբ զբաղուելու համար նա շարունակ պէտք է խոյս տար ոստիկանութեան ստուգումներից, եւ, երբ նրան բռնում էին, ապա՝ յայտնւում էր բանտում, իսկ ապրանքը բռնագրաւում էին: Նման դէպքեր բազմիցս են եղել, ինչպէս օրինակ՝ Սուրբ Ծննդեան այն տխուր նաւակատիքին, որը Ջանեթը դեռեւս առանձնայատուկ ցաւով է վերյիշում, երբ մայրը տուն չվերադարձաւ, որպէսզի իր գիրկն առնէր դստերը:

Չնայած այս դժուարութիւններին, Ջանեթին յաջողուեց ուսումն աւարտել՝ մինչ հայրը 18 տարուայ ազատազրկման դատապարտուած լինելով կրում էր իր պատիժը: Դժբախտաբար, դպրոցն աւարտելուց յետոյ, Ջանեթի համար այլեւս ոչ մի հեռանկար չկար: «Ինչպէս կարող էինք յաջողել, եթէ ուսման համար վճարելու դրամ չունեինք, - ասում է նա, - աւելացնելով, որ այսօր եւս, նման ճակատագրի են արժանանում հազարաւոր չիլիացի երիտասարդներ, ովքեր իրենց վիճակը բարելաւելու ոչ մի հնարաւորութիւն չունեն: Այսուհանդերձ, հօր վերադարձը ֆինանսական օգնութիւն եւ թեթեւութիւն է բերում, թէեւ շատ կարճ ժամանակով, քանի որ հայրը սպաննուեց, երբ Ջանեթն ընդամէնը 22 տարեկան էր: Ի յաւելումն այս վշտի, ընտանիքը ստիպուած եղաւ բախուել ծայրաստիճան անկայուն սոցիալական վիճակի մի նոր փուլի:

«Ես ուզում էի, որ իմ եղբայրներն ու քոյրերը կարիքի մէջ չապրեին, ունենային ամէն ինչ, որպէսզի կարողանային համալսարան յաճախել, մասնագիտական գործունէութիւն ծաւալել», - ասում է Ջանեթը՝ նկարագրելով այն իրավիճակը, որը նրան ուղղորդեց դէպի յանցագործ աշխարհ: Նա գիտակցում է, որ իր բարի նպատակները չեն արդարացնում ընտրած սխալ ճանապարհը՝ թմրանիւթերի առուվաճառքը: «Այս յանցանքը, - ընդգծում է նա, - չիլիացի բանտարկեալներից շատերի դատապարտման եւ ազատազրկման պատճառն է: Ի հարկէ, սա աղքատութեան ճիրաններից ազատուելու շատ վատ միջոց է: Դժբախտաբար, թւում է, թէ կարող ես յաղթահարել այն, սակայն դա պարզապէս ինքնախաբէութիւն է: Ես սխալւում էի», - խոստովանում է Ջանեթը:

Զուրիտան երբեք փողոցում թմրանիւթ չի վաճառել, ուստի, նա ոչ մի կապ չի ունեցել գնորդների, առաւել եւս սպառողների հետ: Նա հինգ տարի շարունակ համակարգել է թմրավաճառների ցանցը, մինչեւ որ 2010 թուականի յունիս ամսին ձերբակալուեց եւ դատապարտուեց 15 տարուայ ազատազրկման: Այսպիսով, սկսուեց նրա կեանքի ամենադժուար եւ ամենամռայլ ժամանակաշրջանը, որը միեւնոյն ժամանակ մարտահրաւէր էր՝ փոխելու սեփական ճակատագիրը:

Նա 27 տարեկան է, իսկ որդին դեռեւս չի բոլորել երկու տարին: Բանտը անջրպետ է նրանց միջեւ: Նոյնիսկ, եթէ որդին, օրէնքի համաձայն, գտնւում է մօր խնամակալութեան տակ, այնուամենայնիւ, սա նրա ամենամեծ ցաւն ու ամենախորը անհանգստութիւնն էր Սանթիակոյի Կանանց Բանտի իր բանտախցում: Այս ուժգին հարուածը Ջանեթին ստիպեց հասկանալ այն, ինչը տարիներ անց նա պէտք է ասէր Սրբազան Քահանայապետին. «Երեխաները բոլորից շատ են տանջւում, երբ ստիպուած են լինում բաժանուել մայրերից, երբ այլեւս չկայ մայրական այն կերպարը, որն անքուն գիշերներ է անցկացնում իր երեխաների կողքին, փորձում իրականացնել նրանց երազանքները, շրջապատում նրանց սիրով ու հոգածութեամբ, քանի որ ոչինչ եւ ոչ ոք չի կարող փոխարինել մօրը»: 

Յուսահատութեան գիշերներից մէկի ժամանակ Ջանեթը լուսանկարուել է իր բանտախցում: 2010 թուականի դեկտեմբեր՝ մի քանի ամիս է, ինչ նա բանտարկուած է:
Յուսահատութեան գիշերներից մէկի ժամանակ Ջանեթը լուսանկարուել է իր բանտախցում: 2010 թուականի դեկտեմբեր՝ մի քանի ամիս է, ինչ նա բանտարկուած է:

Վնաս պատճառելու գիտակցումից դէպի դարձի ճանապարհ

Ջանեթը հաւաստում է, որ ազատազրկման առաջին երեք տարիները շատ պասիւ են եղել, քանի որ նա նոյնիսկ չի ընդունել հաստատութեան կողմից առաջարկուած վարձատրուող աշխատանքը: Այն ամէնն, ինչի կարիքը նա ունէր, ֆինանսական օգնութիւնն էր, որ ստանում էր դրսից: Նա դրանից օգտւում էր, որպէսզի վճարէր այն բանտարկեալներին, ովքեր մաքրում էին իր բանտախուցը: Ջանեթը հրաժարւում էր նաեւ այս աշխատանքից:
Այսպիսով, Ջանեթ Զուրիտան կարողացաւ խուսափել բանտային աշխատանքից, սակայն ոչ դաժան իրականութիւնից եւ իրեն շրջապատող մարդկանցից, ովքեր իր հետ միասին կիսում էին ազատազրկման դժնդակ օրերը: Միայն բանտի ճաղերի ետեւում յայտնուելուց յետոյ է, որ նա սկսում է տեսնել ուրիշների կեանքը, դէմ առ դէմ կանգնում թմրանիւթերի զոհ դարձած մարդկանց եւ ուղղակիօրէն նայում նրանց ցաւի աչքերի մէջ: Ազատազրկման կենդրոնի աւելի քան 600 բանտարկեալներից շատերին յաջողւում էր առաջուայ պէս ձեռք բերել թմրանիւթ, որը շարունակում էին օգտագործել: Մինչ այդ Ջանեթը երբեւէ չէր մտածել թմրանիւթերի առուվաճառքի յորձանուտում յայտնուած իր նախկին յաճախորդների ֆիզիքական, հոգեբանական եւ մարդկային կործանման մասին:
«Ես ականատեսը եղայ այն բանի, թէ ինչպէս էին թմրանիւթերը կործանում այս մարդկանց, թէ ինչպէս էին նրանք անքուն գիշերներ անցկացնում, օրեր շարունակ ոչինչ չէին ուտում եւ կամաց-կամաց հիւծւում: Միայն այդ ժամանակ ես իսկապէս գիտակցեցի, թէ ինչպիսի չարիք է թմրանիւթերի վաճառքն ու օգտագործումը, եւ ինքս ինձ ասացի, որ այլեւս չեմ կարող այսպէս շարունակել: Ինձ սարսափեցրեց այն միտքը, որ օրերից մէկ օր որդիս նոյնպէս կարող է յայտնուել այս նոյն յորձանուտում: Կարծում եմ այս միտքն ինձ ստիպեց, որպէսզի ոտքերս վերստին դիպչեն գետնին»:
Ջանեթը սկսում է բանտի ներսում հոգ տանել թմրանիւթերի զոհ դարձած կանանց մասին: Պատահում է այնպէս, որ կարիք է լինում զսպել այս կանանց, քանի որ իրենք իրենց վնասում են սառը զէնքով կամ փորձում կախուել՝ թմրանիւթերի բացակայութեան հետեւանքով առաջացած տագնապի պատճառով: Այս կանանց օգնելը Ջանեթի համար պատճառած վնասի հատուցում էր, եւ նրանց տառապանքների նկատմամբ կարեկցանքի դրսեւորում: Այդ իսկ պատճառով, նա ընդգծում է, որ «միշտ փորձել է այս աղջիկների կողքին լինել, աջակցել նրանց, թոյլ չտալ, որպէսզի իրենք իրենց վնաս պատճառեն, ինչպէս նաեւ ապագայի եւ նրանց բարօրութեան համար խորհուրդներ տալ ու բացատրել, որ այն ինչ անում են ճիշտ չէ եւ, որ դա չէ իրական կեանքը»:
Միջավայրը եւ տեւական յուսահատութեան գործօնը ստիպում են, որպէսզի Զուրիտան անընդհատ աւելի մեծ դատարկութիւն զգայ, ինչն էլ հարց էր առաջացնում, թէ ինչու էր Աստուած զայրացել եւ, թէ ինչու էր իրեն այդպէս պատժում: Նա փորձեց պատասխաններ գտնել իր հոգեվիճակը կիսելով բանտ այցելող աւետարանական քրիստոնեայ համայնքի անդամների հետ: Ի դէպ, սա այն նոյն հաւատքն էր, ինչ դաւանում էին նրա ընտանիքում, սակայն նա այդպէս էլ չգտաւ այն, ինչ փնտռում էր, մինչեւ որ ընկերուհիներից մէկը հրաւիրեց նրան մասնակցելու կիրակնօրեայ պատարագին, որտեղ էլ տեղի ունեցաւ Ջանեթի եւ Տիրոջ նշանակալից հանդիպումը, երբ լսեց Նրա Խօսքը:
«Պատարագի ընթացքում անդադար արտասւում էի, թէեւ երբեք չեմ ցանկացել, որ ինձ արտասուելիս տեսնեն, քանի որ բանտում, աւելի ուժեղ թուալու համար պէտք է, որ միշտ պաշտպանական վահան կրենք: Մինչդեռ ես արտասւում էի եւ կարծես մաքրագործւում ու զգում, որ Աստուած իմ մէջ է: Այսպիսով, ես սկսեցի իւրաքանչիւր կիրակի պատարագի յաճախել», - ասում է Ջանեթը եւ ներկայացնում Նելլի Լէոնին՝ որպէս վերանորոգուած հաւատքի փորձառութեան այս գործում իր մեծ նպաստը բերող մի անձնաւորութեան:
Քոյր Նելլին կամ «Մայր» Նելլին, ինչպէս նրան անուանում է Ջանեթը, Բարի Հովիւ Միաբանութեան միանձնուհիներից է, ով իր կեանքը նուիրել է ազատազրկման դատապարտուած կանանց համար նոր հորիզոններ բացելու եւ սահմանուած պատժաժամկէտը կրելուց յետոյ հասարակութեան մէջ նրանց վերստին ներգրաւելու գործին: Քոյր Նելլին էր, որ Զուրիտային վստահեց բանտի ներսում նրա առաջին վարձատրուող աշխատանքը՝ մատուռի մաքրութեան գործը: Տարածքը նախատեսուած է աւելի քան 250 մարդու համար, ուստի, ժամերգութիւնների ու համայնքային հանդիպումների համար այն պէտք է անթերի վիճակում լինէր:
Իր բարեխիղճ աշխատանքի շնորհիւ նա արժանացաւ ոչ միայն միանձնուհու վստահութեանը եւ սիրուն, այլեւ՝ բարեկամութեանը եւ առողջ գործակցութեանը: «Մենք շատ լաւ յարաբերութիւններ կառուցեցինք եւ, Քոյր Նելլին ինձ մշտապէս աջակցել է վշտի պահերին»: Այս նոյն միանձնուհիներն են, որ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ներկայութեամբ դատապարտեցին, որ Չիլիում «աղքատութիւնը բանտարկուած է»՝ այս, արդէն իսկ յայտնի արտայայտութեան մէջ ամփոփելով հազարաւոր մարդկանց պատմութիւնները, ովքեր ազատազրկման մէջ են գտնւում, միայն այն պատճառով, որ սոցիալական մեկուսացման արդիւնքում նրանց կեանքը դարձել է խոցելի եւ այլ ելք չի թողնում:

"Mujer, levantate" նախաձեռնութեան հիմնադիր Քոյր Նելլի Լէոնը, ով աջակցել է Ջանեթին եւ հարիւրաւոր այլ կանանց հասարակութեան մէջ վերստին ներգրաւուելու գործընթացին
"Mujer, levantate" նախաձեռնութեան հիմնադիր Քոյր Նելլի Լէոնը, ով աջակցել է Ջանեթին եւ հարիւրաւոր այլ կանանց հասարակութեան մէջ վերստին ներգրաւուելու գործընթացին

«Կին, վե՛ր կաց»

Լաւ վարքի, աւելի ու աւելի մեծ պատասխանատուութիւն ստանձնելու եւ հոգեվիճակի բարելաւման շնորհիւ, արդէն երեք տարի է, ինչ Ջանեթը կարող է օգտուել կիսով չափ ազատ բանտային համակարգի փոխադրուելու իրաւունքից: Նրան տեղափոխեցին «Talita Kum» կենդրոն, որտեղ նա ապրում է 50 այլ կանանց հետ, ովքեր, ինչպէս եւ ինքը, աշխատում են եւ պատրաստւում մօտ ապագայում վերստին ներգրաւուել հասարակական կեանքի մէջ: Բանտային այս համակարգը թոյլ է տալիս այս կանանց ամէն օր դուրս գալ եւ, նոյնիսկ, մի քանի գիշեր անցկացնել իրենց ընտանիքների հետ:
Այդ օրից ի վեր, Զուրիտան գործարանում հաւաքարարի աշխատանքին զուգընթաց վերսկսել է իր ուսումնառութիւնը մասնագիտական կրթութեան հեղինակաւոր կենդրոններից մէկում եւ յուսով է, որ 2020 թուականին էսթետիկ բժշկութեան եւ գեղեցկութեան մասնագէտի վկայագիր կը ստանայ: Այս որակաւորումը նրան թոյլ կտայ աշխատել ինչպէս վարսայարդար, այնպէս էլ դիմայարդար, մատնայարդար կամ մերսող:
«Համոզուած եմ, որ Աստուած ամէն ինչ նախապէս ծրագրել էր: Նա հրեշտակների ուղարկեց, ովքեր այս ճանապարհին իմ ուղեկիցը պէտք է լինեին եւ հնարաւորութիւն ընձեռեց կրթութիւն ստանալ»:
Ուսման ծախսերը ֆինանսաւորուել են "Mujer, levantate" Հիմնադրամի միջոցներով եւ աջակցութեամբ: Քոյր Նելլին ձեռնամուխ եղաւ այս առաքելութեան իրականացմանը, երբ տեսաւ, որ կանանց գրեթէ 50%-ը, ովքեր իրենց պատիժը կրելուց յետոյ ազատ էին արձակւում՝ կրկին յայտնւում էին յանցաւորութեան մէջ եւ ստիպուած էին լինում վերադառնալ բանտ: Այս թիւը 9%-ով կտրուկ նուազեց այն կանանց մօտ, ովքեր Հիմնադրամի կողմից ստացել էին սոցիալական, հոգեբանական, հոգեւոր եւ տնտեսական աջակցութիւն:

Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսի խօսքն ուղղուած Ջանեթին. «Շնորհակալութիւն ձեր բոլոր հոգսերը մեզ հետ կիսելու եւ ներում խնդրելու քաջութիւն ունենալու համար: Մենք շատ բան ունենք սովորելու ձեր խիզախութեամբ եւ խոնարհութեամբ ամբողջացող կեցուածքից»:
Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսի խօսքն ուղղուած Ջանեթին. «Շնորհակալութիւն ձեր բոլոր հոգսերը մեզ հետ կիսելու եւ ներում խնդրելու քաջութիւն ունենալու համար: Մենք շատ բան ունենք սովորելու ձեր խիզախութեամբ եւ խոնարհութեամբ ամբողջացող կեցուածքից»:

Դէմ առ դէմ Սրբազան Քահանայապետի հետ

Սանթիակոյի Կանանց Բանտի կալանաւորների ցանկութիւնն էր, որպէսզի Ջանեթ Զուրիտան իրենց անունից հանդէս գայ Նորին Սրբութեան այցելութեան ժամանակ, եւ այս որոշումն ընդունուեց գրեթէ միաձայն: Նա, ում կեանքը դարձի գալու իսկական վկայութիւն է, կարողացաւ Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսին փոխանցել դատավճռի իրականացման ողբերգական պատկերը, յատկապէս այն կանանց դէպքում, ովքեր մանկահասակ երեխաներ ունեն:
«Մենք ներողութիւն ենք հայցում բոլոր նրանցից, ովքեր տուժել են մեր գործած յանցանքների պատճառով», - իր մէջ ուժ գտնելով ասում է Ջանեթը: Նորին Սրբութիւնը համակ ուշադրութեամբ լսում է նրան: «Մենք գիտենք, որ Աստուած կը ների մեզ, բայց ուզում ենք նաեւ ներում խնդրել հասարակութիւնից: Մենք ներում ենք հայցում»: Այս խօսքերն ուժեղ հնչեղութիւնից զատ իրենց արձագանքն են գտնում Չիլիի իշխանութիւնների շրջանում, եւ, Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի այցելութիւնից օրեր անց, ազատութիւն շնորհուեց այն կանանց, ովքեր իրենց պատժի կէսն արդէն կրել էին եւ ունէին մինչեւ երեք տարեկան երեխաներ:
Ելոյթից յետոյ Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը ջերմօրէն գրկեց Ջանեթին եւ նրա միջոցով՝ նաեւ այնտեղ ներկայ գտնուող 400 կանանց, ովքեր, ինչպէս իր խօսքում ընդգծեց Նորին Սրբութիւնը. «զրկուած են ազատութիւնից, բայց ոչ արժանապատուութիւնից»: «Անձնապէս ինձ համար՝ իմ սրտի եւ հոգու վրայ սա մեծ ազդեցութիւն ունեցաւ: Իմ մէջ դրոշմուել է Սրբազան Քահանայապետի կողքին անցկացրած այդ պահը, երբ գրկեցի նրան: Ես լսում էի նրան եւ նրա խօսքերը, այն ամէնն, ինչ ասում էր ինձ՝ մեծ ազդեցութիւն ունեցան նաեւ իմ ընտանիքի վրայ», - ասում է Ջանեթը:
Այդ հանդիպումից ի վեր, նա քայլում է իր դարձի ճանապարհով՝ այն գիտակցմամբ, որ պէտք է հատուցի պատճառած վնասի համար: Այդ իսկ պատճառով, թմրանիւթերի առուվաճառքը եւ սպառումը կանխելու նպատակով, նա յայտնում է բազմաթիւ դէպքերի մասին: Բացի այդ, նա ամէնայն պատասխանատուութեամբ է մօտենում իր ուսմանն ու աշխատանքին: Սակայն, ամէն ինչից առաւել, Ջանեթը օգտւում է իւրաքանչիւր ակնթարթից, որպէսզի կարողանայ վերականգնել բաց թողնուած ժամանակը, որն իրեն հեռացրել էր որդուց եւ, որպէսզի կարողանայ ամրապնդել յարաբերութիւնները 12-ամեայ որդու հետ, ում տեսակցում է ամէն կիրակի, քանի որ ամէն շաբաթ դուրս գալու իրաւունք է ստացել: Որդու գիտակցական տարիքի հասնելուն պէս, Ջանեթը նրան պատմել է այն սխալների մասին, որ գործել էր եւ, թէ ինչու էր պարտաւոր վճարել դրանց հետեւանքների համար: Նա ասել է նաեւ, որ որդու հանդէպ սէրը եղել է այն հիմնական շարժիչ ոյժը, որը թոյլ է տուել հաստատակամօրէն առաջ շարժուել:
Այս տարի, ամէնայն հաւանականութեամբ, Զուրիտային ներում կը շնորհուի եւ, նա ազատ կ՛արձակուի իր պատժաժամկէտի աւարտից հինգ տարի շուտ: Անշուշտ, նա մեծ խանդավառութեամբ է սպասում այս իրադարձութեանը, բայց, սպասում է համբերատարութեամբ եւ վստահութեամբ՝ ակնկալելով աստուածային միջամտութիւնը: «Աստուած այս ամէնն արեց, քանի որ ուզում է, որ ես փոխուեմ, որ դառնամ մէկ այլ մարդ, ահա՛ թէ ինչու եմ միշտ ասում, որ ես «օրհնուած» եմ, քանզի Տէրն ինձ է տալիս իր օրհնութիւնը: Աստուած իր պատգամների միջոցով ինձ ցոյց է տալիս ճշմարիտ ճանապարհը: Ես զգում եմ, որ Նա ինձ պատրաստում է ինչ-որ առանձնայատուկ բանի համար», - խօսքը եզրափակում է Ջանեթը, ում ձայնի ելեւէջներում կարելի է զգալ թէ՛ երախտագիտութիւն, եւ թէ՛ յոյս:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը
08.01.2020

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

08/01/2020, 09:41