ҽ

Աւանդավէպ. աջ կողմում Այկուն է՝ իր կնոջ, դստեր եւ Գերապայծառ Լաֆոնի հետ, 18 մարտի, 2017 թուական Աւանդավէպ. աջ կողմում Այկուն է՝ իր կնոջ, դստեր եւ Գերապայծառ Լաֆոնի հետ, 18 մարտի, 2017 թուական   Պատմութիւնը

Ամերիկացի հնդկացի Այկուն, ով ուզում է սարկաւագ ձեռնադրուել

Սա պատմութիւն է դաւանափոխութեան, բայց նաեւ՝ պատմութիւն Ֆրանսական Կուիանայի աւետարանացման: Այկումալէ Ալեմինը պատկանում է Ուայանա էթնիկ հնդկացիական ցեղախմբին: Նա ընդունել է կաթողիկէ դաւանանքը եւ հետեւելով հաւատքի իր ճանապարհին՝ կրթութիւն է ստանում, որպէսզի սարկաւագի կոչում ստանայ: Որոշում, որն ամենեւին էլ դիւրին չէր այնպիսի մի տարածաշրջանում, որը համարւում է բողոքականների անկլաւ եւ գտնւում նրանց տիրապետութեան տակ:

Քսավիէ Սարտր – Վատիկան

Կուիանայում գետերը մեծ քաղաքների գլխաւոր ասֆալթապատ մայրուղիների եւ ճանապարհների նման հիմնական հաղորդակցման ուղիներն են, որոնք միմեանց են միացնում այս մեծ տարածաշրջանի՝ ինչպիսին Իրլանտա կղզին է, ամենամեկուսի գիւղերն ու համայնքները: Ամբողջապէս կամ գրեթէ լիովին ծածկուած լինելով ամազոնեան անտառներով՝ այստեղ ամէն ինչ անհամաչափ է: Մարիպասուլան, որն այսպիսով հանդիսանում է Ֆրանսայի ամենամեծ անդրծովեան համայնքը՝ իր մակերեսով անհամեմատ գերազանցում է մայրաքաղաքային վարչա-տարածքային ստորաբաժանումներին: Մինչդեռ, այստեղ բնակւում են տասներկու հազար բնակչից փոքր-ինչ աւելին՝ սփռուած Ամազոնիայի կանաչ քօղի ներքոյ թաքնուած տարբեր գիւղերում:
Անհրաժեշտ է պիրագուայով (ամերիկեան հնդկացիների նեղ նաւակ) երկու ու կէս ժամ ճանապարհ անցնել Իպոկան Էուտէ, որն աւելի յայտնի է Freedom City անուամբ, հասնելու համար: Արդէն վեց տարի է, ինչ Այկումալէ Ալեմինը, ում մտերմաբար անուանում են Այկու, հիմնել է այս գիւղը: Չորս երեխաների հայր, քառասուներեքամեայ Այկուն սերում է Ուայանա էթնիկ հնդկացիական ցեղախմբից, որը Կուիանայի վեց բնիկ ժողովուրդներից մէկն է: Նա ծագումով Անտեկումէ Պատա գիւղից է, որը հիմնուել է 1961 թուականին՝ մի լիոնցու կողմից: Նրա ծնողները բողոքական քրիստոնեաներ են, սակայն այս փաստն ամենեւին էլ չէր խանգարում նրան, որպէսզի կարողանար հաւատալ անտառների եւ ջրերի ոգուն, քանզի սրանք այս տարածաշրջանի երկու անքակտելի տարրերն են:

Աւանդավէպ. Իպոկան Էուտէի մօտ գտնուող Մարոնի գետը
Աւանդավէպ. Իպոկան Էուտէի մօտ գտնուող Մարոնի գետը

Հիւանդութիւն, որին յաջորդեց ապաքինումը՝ Աստուածաշունչն ընթերցելուց յետոյ

Աւելի քան տասը տարի առաջ Այկուն հիւանդանում է եւ նրան ոչ մի կերպ չի յաջողւում վերստին ոտքի կանգնել՝ թէ՛ ֆիզիքապէս, եւ թէ՛ բարոյապէս: «Քանի որ ամէն բան ինձ համար դարձել էր բացասական եւ ամէն բան խաւարի մէջ էր, ուստի, ինքս ինձ ասացի, որ անհրաժեշտ է ապաւինել աներեւոյթ մի բանի», - խոստովանում է Այկուն: «Իմ ողջ գիտակցական կեանքի ընթացքում առաջին անգամ բացեցի ամերիկացի հոգեւորականների կողմից ուայանա լեզուով թարգմանուած Աստուածաշունչը, - շարունակում է նա, - որը պատկանում էր հորս եւ մէկ շաբաթուայ ընթացքում ծայրէ ծայր կարդացի այն: Սա ինձ մեծ թեթեւութիւն բերեց: Ես վերագտայ իմ հոգեկան հանգստութիւնը, վերականգնուեցի ֆիզիքապէս, նորից սկսեցի ժամանակ անցընել երեխաներիս հետ, կամաց-կամաց մոռանալ այն ամէնը, ինչ կատարուել էր ինձ հետ»: Այսպիսով, Այկուն լիովին ապաքինուեց:
Պատահականութիւն էր, թէ Աստուծոյ նախախնամութիւն՝ մէկ շաբաթ անց Քայեննայի եպիսկոպոս Գերապայծառ Էմմանուէլ Լաֆոնն այցելում է Անտեկումէ Պատա: Առաջին անգամը չէ, որ նա հասնում է ջունգլիներում կորսուած այս վայր: Թէեւ սա ամենեւին էլ բնական չէ, սակայն կաթողիկէ հոգեւորականներն այնքան էլ լաւ ընդունուած չէին գետափնեայ այս տարածաշրջանում: «2004 թուականին ինձ առաջին անգամ այստեղ հրաւիրեցին իմ կոմունիստ ընկերները, ովքեր դպրոցի ուսուցիչներ էին եւ, որոնց հետ ծանօթացել էի Փարիզում: Նրանք ինձ ծանօթացրեցին Այկուի հետ, ով աշխատում էր բժշկական կենդրոնում: Փոքր-ինչ զննեցինք եւ գնահատեցինք միմեանց, ճանապարհն այնքան էլ հեռու չէր», - վերյիշում է Գերապայծառ Լաֆոնը: Այնուհետեւ, Ուայանայի եւ Քայեննայի բնակիչների ուղիները կրկին կը հատուին՝ առանց կրօնական հարցերի քննարկման:
Երբ եպիսկոպոսը վերադառնում է ապաքինումից յետոյ՝ այս նոր հանդիպումը սկսւում է փոքր-ինչ թշնամական տրամադրուածութեամբ. նրան կծում է ամերիկացի հնդկացու շունը, մի պատմութիւն, որն այսօր ժպիտ է առաջացնում երկուսի դէմքին էլ: Այկուն սկսում է խնամել մէկին, ով ինչ-որ ժամանակ Հարաւային Ափրիկէում եղել է «fidei donum» քահանայ, հրաւիրում է իր տուն ճաշի եւ, այդպիսով, բացայայտում հիւրի պաշտօնը: «Ես նրան խնդրեցի մեկնաբանել Աստուածաշունչը», - պատմում է Այկուն: Գերապայծառ Լաֆոնն իր Աստուածաշունչը նուիրում է Այկուին, ով մինչ օրս ընթերցում եւ վերընթերցում է այն:

Աւանդավէպ. Գերապայծառ Լաֆոնը Անտեկումէ Պատայում 2012 թուական
Աւանդավէպ. Գերապայծառ Լաֆոնը Անտեկումէ Պատայում 2012 թուական

Դարձի երկար ճանապարհ

Մէկ տարի անց Այկուն Քայեննայի եպիսկոպոսին հրաւիրում է արեւադարձային անտառներում տասը օր իր ընտանիքի հետ անցկացնելու: Սա պատեհ առիթ էր մտքերի փոխանակման: «Երեկոները նրանց խնդրում էի ուայանա ժողովրդին բնորոշ որեւէ աւանդավէպ պատմել, իսկ ես նրանց պատմում էի աստուածաշնչեան պատմութիւններ: Այկուի կինը խօսում էր ուայանա լեզուով, իսկ ամուսինը՝ թարգմանում», - վերյիշում է Գերապայծառ Լաֆոնը: Կարճ ժամանակ անց Այկուն Կուիանայի Կաթողիկէ Բարեգործական ընկերութեան կողմից հրաւիրուեց մասնակցելու 2009 թուականին Պրազիլի Պելեմ քաղաքում անցկացուող Սոցիալական Համաժողովին՝ որպէս ամերիկացի հնդկացիների ներկայացուցիչ: 2010 թուականին եպիսկոպոսը Այկուին եւ նրա կնոջը, ինչպէս նաեւ ուրիշ տեղաբնիկների հրաւիրում է Կուիանայի թեմական Եկեղեցու սիւնհոդոսին՝ թէեւ նա մկրտուած չէր: «Ես նրան երբեւէ չեմ հարցրել, թէ արդեօք կը ցանկանար մկրտուել», - ասում է Գերապայծառ Լաֆոնը:
Ժամանակի ընթացքում դաւանափոխութեան միտքն իր ճանապարհն է հարթում Այկուի հոգում: «Իմ կեանքը փոխուեց», - խոստովանում է ուայանացին, երբ մտաբերում է իր ապաքինմանը յաջորդող օրերը: Նախ, նա դիմում է բողոքականներին, որոնց ներկայութիւնը գերակշռող էր այս տարածաշրջանում, սակայն այստեղ նրան չեն ընդունում: Ապա, Այկուն քայլերն ուղղում է դէպի Կաթողիկէ Եկեղեցի եւ դիմում մկրտութիւն ստանալու խնդրանքով: Նա իր կնոջն առաջարկում է իրեն ուղեկից լինել դաւանափոխութեան այս ճանապարհին: Վերջինս աւելի մօտ էր կանգնած բողոքականներին, քանի որ նրանց հետ միասին երգում էր կիրակնօրեայ ժամերգութիւններին՝ թէեւ նոյնպէս մկրտուած չէր: Ի վերջոյ, նա համաձայնում է ամուսնու հետ միասին անցնել այս ճանապարհը:
«Բաւական արտասովոր օրեր ապրեցինք», - պատմում է Գերապայծառ Լաֆոնը: 2012 թուականի դեկտեմբերի 24-ին նա վերստին բռնում է արեւադարձային անտառ տանող ճանապարհը: «Այդ նոյն առաւօտ Այկուն եւ նրա կինը ամուսնացան քաղաքապետարանում, կէսօրից յետոյ ես նրանց մկրտեցի, իսկ երեկոյեան Այկուի տանը կէսգիշերային պատարագ մատուցեցի, որին ներկայ էին եօթ-ութ մարդ: Յաջորդ օրը, պատարագի ընթացքում, Այկուն խնդրեց իրենց պսակադրել եկեղեցական ծիսակարգով»: Սուրբ Ծննդեան բացառիկ մի տօն Այկուի, նրա ընտանիքի եւ եպիսկոպոսի համար:

Աւանդավէպ. Այկուն Իպոկան Էուտէում՝ իր կառուցած մատուռում
Աւանդավէպ. Այկուն Իպոկան Էուտէում՝ իր կառուցած մատուռում

Դէպի սարկաւագական ձեռնադրութիւն

Դաւանափոխութեան այս ուղին ամենեւին էլ դիւրին չէ անցնելը: Նոյն ընտանիքի ներսում կողք կողքի կարող են համագոյակցել տարբեր կրօններ: Այկուի աւագ որդին, ով 25 տարեկան է, ադվենտիստ է: Նա ընդունել է իր կնոջ հաւատքը: Այնուամենայնիւ, միշտ չէ, որ մի հաւատքից միւսին անցնելը հեշտութեամբ է տրւում: Այկուն անցաւ այդ փորձութեան միջով: «Մեր ձեռնարկած քայլը ոգեւորութեամբ չընդունուեց, քանի որ այս տարածաշրջանում առաջին անգամն էր, որ կաթողիկէ համայնք էր հիմնուել: Այս ամէնը տեւեց մէկ եւ կէս տարի: Բողոքականները եւ Եհովայի վկաները պնդում էին, որ Կաթողիկէ Եկեղեցին սատանայական է: Նրանք հետապնդում էին Մարիպասուլայի գիշերօթիկ դպրոցի երիտասարդներին, ովքեր որոշել էին հետեւել ինձ: Սուրինամում գտնուող նրանց ղեկավարը՝ ամերիկացի մի հոգեւոր հովիւ, կտրեց անցավ գետը վերջիններիս կանգնեցնելու համար, քանի որ անիմաստ էր իրենց եղբայրներին հալածելը»:
Ի վերջոյ, Այկուի ընտանիքում ծնողները եւս ընդունեցին կաթողիկէ դաւանանքը: «Այժմ, ամէն կիրակի նրանք յաճախում են մեր մատուռ», - նկատում է նա: Այդ ժամանակից ի վեր Այկուն լքում է Անտեկումէ Պատան եւ հիմնում մէկ ուրիշ գիւղ, որտեղ էլ կառուցեց պաշտամունքի մի վայր, որը բաց է բոլորի համար: Նրա հաւատքի ճանապարհը չաւարտուեց մկրտութեամբ: Նա շարունակում է քրիստոնէականի դասեր առնել եւ զգում է, որ անհրաժեշտ է աւելի մեծ ջանքեր գործադրել Եկեղեցու կեանքում ներգրաւուելու համար: Ուստի, սարկաւագ ձեռնադրուելու նպատակով կրթութիւն է ստանում: Այս ամէնի մէջ նրան միշտ աջակցում է կինը, չնայած բոլորովին էլ հեշտ չէ: Այկուն պէտք է Քայեննա մեկնի, իսկ այնտեղ հասնելու համար պահանջւում է ժամեր շարունակ ճանապարհորդել պիրագուայով եւ ինքնաթիռով՝ Ամազոնիային շատ բնորոշ մի արկածախնդրութիւն:
Սա շատ երկար ճանապարհի վերջում բացուող մի նոր շաւիղ է: «Դէպքերի ընթացքը չի արագացուել», - Այկուի դաւանափոխութեան մասին խօսելիս ընդգծում է Գերապայծառ Լաֆոնը: «Տերը շատ առանձնայատուկ կերպով՝ Այկուի կրած ցաւի եւ տառապանքի այդ օրերի միջոցով դիպաւ նրա հոգուն եւ, Աստուծոյ Խօսքը խաղաղութեան աղբիւր դարձաւ»:
Այս պատմութիւնը եւս մէկ ապացոյց է այն բանի, թէ ինչպէս է աւետարանացւում Ամազոնիան. համբերութեամբ, հանդիպումների միջոցով եւ հաւատքի վկայութեամբ: Կամաց-կամաց Կաթողիկէ Եկեղեցին լողում է գետերի հոսանքն ի վեր՝ ներթափանցելով այս տարածաշրջանի ժողովրդի սրտերի մէջ:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

15/01/2020, 08:26