ҽ

Հայր Ֆիրաս Լուֆթի, Ֆրանչիսկեան կրօնաւոր Սուրբ Երկրից Հայր Ֆիրաս Լուֆթի, Ֆրանչիսկեան կրօնաւոր Սուրբ Երկրից   Պատմութիւնը

Ֆրանչիսկեան կրօնաւորը պատերազմի ժամանակ

Հայր Ֆիրաս Լուֆթին սուրիացի է, Սուրբ Երկրի Ֆրանչիսկեան կրօնաւոր, նախարար Սուրբ Պօղոսի Տարածաշրջանի, որի մէջ են ընդգրկուած Սուրիան, Լիբանանը եւ Յորդանանը: Չնայած պատերազմին, նա մնաց Սուրիայում՝ իր ժողովրդի կողքին: Վատիկան Նիուզին տուած հարցազրոյցում Հայր Ֆիրասը պատմում է բռնութեան, աւերածութիւնների եւ մահուան ինը տարիների մասին, եւ, թէ ինչպէս է այսօր օգնում երեխաներին վերագտնելու իրենց ժպիտը:

Սիլվոնեյ Պրոց

«Երբ հեռատեսիլ ես դիտում, ռատիօ լսում կամ լրագրեր ընթերցում, թւում է, թէ պատերազմը Սուրիայում աւարտուել է: Լրատուամիջոցներն այլեւս դրա մասին չեն խօսում կամ գրեթէ չեն խօսում»,- ափսոսանք է յայտնում Հայր Ֆիրաս Լուֆթին, ով Սուրբ Երկրի Ֆրանչիսկեան կրօնաւոր է, բայց, ամէն ինչից առաւել սուրիացի է: Նա առանձնապէս ընդգծում է այս վերջին հանգամանքը, քանի որ որոշեց պատերազմի այս տարիներին մնալ իր հայրենիքում: «Ճիշտ է, որոշ շրջաններում մարտերը դադարել են, սակայն պէտք է հաշուի առնենք մի իրականութիւն. պատերազմը տեւեց ինը տարի: Զանգուածային աւերածութիւններ, քանդուած տներ, ամբողջովին աւերակների վերածուած թաղամասեր, վերանորոգման ենթակայ եկեղեցիներ… Մինչ պատերազմը Սուրիայի բնակչութեան թիւը կազմում էր 23 միլիոն, այժմ՝ եթէ հաշուի առնենք մահացութիւնները, փախստականներին եւ մարդկանց տարհանումները, բնակչութեան կէսն այլեւս չկայ»:

Հայր Ֆիրասն այսպէս է նկարագրում իր երկրի ներկայիս վիճակը: Ժողովրդագրութիւնը եւ տնտեսութիւնը անկում են ապրում, կեանքը դարձել է դժուար, երիտասարդները լքել են իրենց հայրենիքը, կանայք եւ երեխաները, ովքեր մնացել են կամ ժամանակաւորապէս բնակութիւն են հաստատել փախստականների ճամբարներում՝ այսօր տառապում եւ խորը հոգեբանական ցնցում են ապրում: Տնտեսական պատժամիջոցները եւ արտահանման ու ներմուծման արգելքը, «որ Արեւմուտքը դժբախտաբար շարունակում է կիրառել Սուրիայի նկատմամբ՝ միտում ունենալով հարուած հասցնել այս պատերազմի մեղաւորներին», իրականում պատուհասում են հասարակ մարդկանց, անմեղներին, երեխաներին եւ ամենակարիքաւորներին: Այսօր Հայր Լուֆթին ոչ միայն գոյութեան պայքար է մղում, այլեւ պայքար՝ աղքատութեան դէմ: Նա իր շուրջը մեծ ամայութիւն է տեսնում, թէեւ տարածաշրջանի մեծ մասը ազատագրուել է ժիհատականների ձեռքից, ովքեր «այստեղ էին եկել աշխարհի տարբեր կողմերից՝ աւելի քան 60 երկրներից»: Վերջին ծայրայեղականները հանգրուանել էին Իտլիպում՝ իրենց վերջին յենակէտում: «Սրանք անցանկալի օտարներ են իրենց իսկ ծագման երկրներում, որոնք չեն ուզում թոյլ տալ նրանց վերադարձը»: Ֆրանչիսկեան կրօնաւորի վերլուծութիւնը սարսափեցնող է. «Դժբախտաբար, Սուրիայի պատերազմը դարձել է միջազգային շահերի բախման առարկայ: Սա այլեւս պայքար չէ ընդդէմ վարչակարգի, սա այլեւս պայքար չէ յանուն ժողովրդավարութեան, խօսքի եւ խղճի ազատութեան, այլ՝ միջազգային պատերազմ է, որում ներքաշուած են ռուսները, ամերիկացիները, եւրոպացիները, ինչպէս նաեւ Իրանը, Թուրքիան եւ Պարսից ծոցի երկրները՝ իւրաքանչիւրն իր դաշնակիցների հետ միասին»: Հայր Ֆիրասն այս պատերազմը որակում է որպէս «ցունամի», քանի որ այն ամէն ինչ իր ճանապարհին սրբեց տարաւ: «Սուրիան դեռեւս շարունակում է արիւնահոսել», - ասում է Հայր Լուֆթին՝ արցունքն աչքերին: Սուրիան փրկութեան է սպասում, այսինքն՝ ողջախոհ մարդկանց միջամտութեանը, ովքեր ձեռնամուխ կը լինէին խաղաղութեան հաստատմանը: Բոլորովին վերջերս, մի երիտասարդ նրան ասաց, որ այլեւս ուժ չունի պայքարելու, որ այլեւս չի ապրում, այլ՝ գոյատեւում է՝ չը համարձակուելով նոյնիսկ աչքերը յառել դէպի հորիզոնը:

Հայր Ֆիրաս Լուֆթին
Հայր Ֆիրաս Լուֆթին

Խնդրի լուծման փնտռտուքի մէջ

Որպէս Եկեղեցի եւ որպէս Ֆրանչիսկեան կրօնաւոր՝ Հայր Ֆիրասը երբեք չը լքեց իր երկիրը: Ի հարկէ, երբեմն նրան թւում էր, թէ ամէն ինչ խորտակուել է եւ այլեւս ոչինչ հնարաւոր չէ անել: Այնուամենայնիւ, Ֆրանչիսկեան կրօնաւորի սիրտը չի կարող համակերպուել այս ամէնի հետ: Ուստի, նա սկսեց այս իրավիճակի համար հնարաւոր լուծումներ փնտռել: «Ինչպէ՞ս կարող եմ օգնել իմ ժողովրդին», - յաճախ ինքն իրեն հարցնում էր Հայր Լուֆթին: Համաշխարհային Ֆրանչիսկեան միաբանութիւնը բազմիցս օգնութիւն էր տրամադրել:  Շնորհիւ համերաշխութեան եւ բազմաթիւ բարերարների՝ հնարաւոր եղաւ բաժանել սնունդի փաթեթներ եւ խմելու ջուր, քանի որ պատերազմի ժամանակ, շատ յաճախ, ջուրը առաջին անհրաժեշտութիւնն է: Միեւնոյն ժամանակ փող է տրամադրուել միկրո-ծրագրերին՝ երիտասարդ ամուսնացած զոյգերին ընտանիք կազմելու գործում առաջին քայլերն անելու համար: «Այս ծրագրերն այն վկայութիւններն են, որոնք Տէրը տուեց մեզ եւ շարունակում է տալ»:

Այս ողբերգութեան եւ աղէտալի դէպքերին զուգընթաց Հայր Ֆիրասը սեփական ձեռքերով զգաց Աստուծոյ հրաշագործ ներկայութիւնը, իսկ Եկեղեցին միշտ եղել է տառապեալ ժողովրդի կողքին: Որոշ հոգեւորականներ, պատերազմի շարունակական ճնշման ներքոյ, ստիպուած եղան լքել երկիրը, սակայն եպիսկոպոսների եւ քահանաների մեծամասնութիւնը, ինչպէս նաեւ բազմաթիւ կրօնական միաբանութիւններ որոշում կայացրեցին մնալ Սուրիայում: Որպէս օրինակ նա ներկայացնում է իր երկու Ֆրանչիսկեան գործընկերներին, ովքեր այսօր ապրում են երկրի հիւսիսում՝ Թուրքիային սահմանակից շրջաններից մէկում՝ նշանաւոր եւ պատմական Անտիոքից մի քանի քայլ հեռաւորութեան վրայ. «Նրանք ապրում են ոչ թէ Ասատի վարչակարգի վերահսկողութեան ներքոյ, այլ՝ ժիհատականների: Եւ ինչո՞վ են նրանք այնտեղ զբաղուած: Նրանք պահպանում են քրիստոնեաների այն փոքրիկ հօտը, որը մնացել է»: Երկու հոգեւորականների հետ միասին կան մօտաւորապէս 200 քրիստոնեաներ, ովքեր իրենց ԴՆԹ-ի մէջ ոչ միայն կրում են քրիստոնէութիւնը, այլեւ դիմանում են ամէն տեսակ տառապանքի, որպէսզի պահպանեն ողջ քրիստոնէական ժառանգութեան իրական ու պատմական ներկայութիւնը եւ Անտիոքի 2000 տարուայ պատմութիւնը, երբ քրիստոնեաներն առաջին անգամ արժանացան «Քրիստոսի հետեւորդներ» կոչուելու իրաւունքին:

Այսօր, չնայած բազմաթիւ դժուարութիւններին, նրանք միշտ այստեղ են՝ Սուրբ Երկրի Պահապան այս երկու Ֆրանչիսկեան եղբայրների կողքին՝ անդադար վկայելու Քրիստոսի սէրը, բարութիւնը, ողորմածութիւնը եւ այս փոքրիկ հօտի նկատմամբ ունեցած գորովանքը:

Հայր Ֆիրաս Լուֆթին եւ Բուժական Արուեստ ծրագրի երեխաները
Հայր Ֆիրաս Լուֆթին եւ Բուժական Արուեստ ծրագրի երեխաները

Վերստին ժպիտ տեսնել երեխաների դէմքին

Սուրիացի երեխաների համար ներկայումս իրականացւում է երկու ծրագիր. առաջին ծրագիրը՝ Հալէպում, որտեղ Հայր Ֆիրասն ապրել է պատերազմի ընթացքում: Ծրագիրը կոչուում է «Բուժական Արուեստ»: Այս անուան ետեւում թաքնուած է մարդկանց եւ մասնագէտների մի ողջ անձնակազմ, ովքեր անում են հնարաւոր ամէն բան, որպէսզի երեխաներին օգնեն յաղթահարել այն հոգեբանական ցնցումը, որը խորը հետք է թողել նրանց վրայ: Ահա, թէ ինչպէս է Ֆրանչիսկեան կրօնաւորը ներկայացնում այս ծրագիրը. «Սա մի մեծ կենդրոն է, որտեղ երեխաները կարող են զբաղուել երաժշտութեամբ, մարզանքով եւ լողով: Մենք նախատեսել ենք նաեւ մի գեղեցիկ լողաւազան, քանի որ պատերազմի ընթացքում մեծ էր սպաննուելու վտանգը, ուստի երեխաները չէին կարող ո՛չ խաղալ, ո՛չ դուրս գալ իրենց տներից եւ ո՛չ էլ շարունակել կրթութիւնը»:

Այս ամառ շուրջ հազար երեխայ յաճախել է կենդրոն: Բոլորը՝ թէ՛ անձնակազմը, եւ թէ՛ հոգեբանները ջանք ու եռանդ չեն խնայել, որպէսզի կարողանան օգնել երեխաներին գտնելու իրենց կեանքի եւ գոյութեան իմաստը:

Կայ նաեւ մէկ այլ՝ շատ հետաքրքիր ծրագիր. «Միայն մահմետականներն էին ապրում եւ այսօր էլ ապրում են Հալէպի արեւելեան հատուածում: Պատերազմի ընթացքում նրանց հողերը բռնագրաւուել էին ժիհատականների կողմից, ովքեր դաժան վերաբերմունք էին ցուցաբերում այս մարդկանց նկատմամբ, բռնութեան էին ենթարկում կանանց, իրականացնում էին երեխաների զանգուածային սպանութիւններ: Երեխաները ականատես են եղել ծայրահեղականների կողմից իրականացուող խոշտանգումների եւ կտտանքների ողբերգական տեսարաններին»: Ապա, Հայր Լուֆթին խօսում է սուրիացի կանանց հետ ժիհատականների բռնի ամուսնութիւնների եւ այդ միութիւններից ծնուած երեխաների մասին, որոնց գոյութիւնը ապօրինի է, քանի որ նրանց ծննդեան փաստը քաղաքացիական կացութեան գրանցում չի ստացել: Նրանք գոյութիւն ունեն, ֆիզիկապէս ապրում են, բայց օրէնքի տեսանկիւնից գոյութիւն չունեն: Երբ 2017 թուականին ժիհատականները լքեցին Հալէպը՝ իրավիճակը, որ փաստում էր Հայր Ֆիրասը, զարհուրելի էր. «4 կամ 5 տարեկան երեխաներն ապրում էին իրենց մայրերի, երբեմն էլ՝ մեծ մայրերի հետ, քանի որ ծնողներն այլեւս այստեղ չէին: Որոշ երեխաներ մնացել էին առանց ծնողական հոգածութեան, երբեք դպրոց չէին յաճախել: Աւելորդ է անգամ խօսելը այն հոգեբանական ողբերգութեան, ահագնացող վախերի եւ սարսափների մասին, որոնց ենթարկուել են այս երեխաները մարտերի ժամանակ»:

Հայր Ֆիրաս Լուֆթին հալէպցի երեխաների հետ
Հայր Ֆիրաս Լուֆթին հալէպցի երեխաների հետ

Հիմնուել են երկու կենդրոններ, որոնցից իւրաքանչիւրը կարող է ընդունել 3-ից 4 եւ մինչեւ 16 տարեկան 500 տղաների ու աղջիկների: Ծրագիրը, որն արդէն իսկ իրականացւում էր իր վանքում՝ Հալէպի «Սուրբ Երկիր» վարժարանում, ընդլայնուել է: Ֆրանչիսկեան վանականն ընդգծում է (ինչը շատ կարեւոր է), որ երկու կենդրոններն էլ ծնուել են մահմետականների հետ բարեկամութիւնից. «Հալէպի Մուֆթին մեր շատ սիրելի բարեկամներից մէկն է, - ասում է Հայր Ֆիրասը, - եւ Լատինների առաքելական Փոխանորդի՝ Սուրիայի լատին համայնքի եպիսկոպոսի հետ լաւ բարեկամութիւնը ծնուել էր դեռեւս պատերազմից առաջ եւ ամրապնդուեց դրա ընթացքում: Այս բարեկամութեան առաջին պտուղը սերտ համագործակցութիւնն է, որը միտուած է անմեղ երեխաների փրկութեանը»:

Այս ծրագիրը եւ մահմետականների հետ համագործակցութիւնը մեծ կարեւորութիւն ունեն Հայր Ֆիրասի համար: Սա ապացոյցն է այն բանի, որ հնարաւոր է խորապէս իմաստաւորել կեանքն ու մարդկային գոյութիւնը եւ, որ երբեք ուշ չէ բարիք գործելու եւ տարածելու համար: Այնուհետեւ աւելացնում է. «Միայն սեղանի շուրջ չէ, որ հնարաւոր է երկխօսութիւն ունենալ: Կարելի է երկխօսել նաեւ միասին աշխատելով՝ ձեռք ձեռքի տուած եւ ի սրտէ: Եւ հէնց սրանում է կայանում Սուրիայի իսկական վերածնունդը, որն անպայման մի օր տեղի կունենայ: Գուցէ դրա համար պահանջուի 30, գուցէ՝ 50 տարի, սակայն երկրի իրական վերականգնումը նրա վերակառուցուող շինութիւնների մէջ չէ, երկիրը վերստին կնորոգուի, երբ մեր մէջ վերածնուի մարդը»:

Սուրիան որպէս առաքելութիւն

Երբ Հայր Լուֆթիին հարցնում են, թէ ինչու չը լքեց Սուրիան, նա պատասխանում է. «Որովհետեւ ես Ֆրանչիսկեան կրօնաւոր եմ, հաւատացեալ եւ, երբ Տէրն ինձ կեանք պարգեւեց՝ տուեց նաեւ յատուկ առաքելութիւն, որպէսզի լինեմ Նրա դէմքը, ձեռքերը, ոտքերը, որպէսզի լինեմ մէկը, ով կդառնայ կրողը Աստուծոյ աւետիսի, բարութեան եւ ողորմածութեան»:

Նա կարծում է, որ «կոչուած» լինելով Հայր Ֆիրաս՝ նաեւ կանչուած է Աստուծոյ կողմից, որպէսզի ապրի այս իրականութիւնը՝ «իր» Սուրիայի իրականութիւնը, որքան էլ որ այն ողբերգական լինի: Կեանքին ասուած նրա «այո»-ն պատճառաբանուած եւ հիմնաւորուած «այո» է, որն օգնում է յաղթահարել դժուարութիւնները, քանի որ Սուրիայում ամէն օր մարդիկ տանջւում եւ մահանում են: Եզրափակելով խօսքը՝ Հայր Ֆիրաս Լուֆթին ասում է. «Սա նման է ցորենի հատիկին. «Եթէ ցորենի հատիկը հողի մէջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնայ, իսկ եթէ մեռնի, բազում արդիւնք կտայ», - ինչպէս Յիսուսն է ասում Աւետարանի մէջ»:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

18/12/2019, 10:07