ҽ

2021.06.14 Dicastero Laici Famiglia Vita

Աշխարհականների, Ընտանիքի եւ Կեանքի Վերատեսչութիւնը

Աշխարհականներու կենսական ուժը արթնացնելու առաքելութիւնը: «Praedicate Evangelium» առաքելական սահմանադրութեան հրապարակմամբ՝ փոփոխութեան են ենթարկւում Վատիկանի որոշ գերատեսչութիւնների կառուցուածքները եւ անուանումները:

Ալեսսանտրօ Տէ Քարոլիս – Վատիկան

Արդէն հինգ տարի է, որ աշխարհական եւ ընտանեկան կեանքը այս գերատեսչութեան հոգածութեան ներքոյ է: Գերատեսչութեան ստեղծման նպատակը եղել է բոլոր մշակոյթների եւ աշխարհագրական ծագման, ինչպէս նաեւ տարբեր պայմաններում ապրող տղամարդկանց եւ կանանց իր յարկի տակ ընդունելը: Աշխարհականների, Ընտանիքի եւ Կեանքի Գերատեսչութեան աշխատակիցների մեծ մասը աշխարհականներ են: Գերատեսչութեան առաքելութեան պիւտճէն կազմում է երկու միլիոն եւրոյ (2021 թուականին) եւ, ինչպէս Կառավարիչ Կարդինալ Քեվին Ճոզէֆ Ֆարրէլլն է մեկնաբանում. «այն յանձնառութիւն ունի հոգ տանելու ընտանիքի բոլոր անդամների բարօրութեան մասին՝ ոչ միայն ամուսինների, այլեւ՝ երեխաների, երիտասարդների, մեծ ծնողների եւ հաշմանդամութիւն ունեցողների, միեւնոյն ժամանակ, խրախուսում է ամէն տեսակ մտածողութիւն՝ մարդաբանական, բարոյական, փիլիսոփայական, ինչպէս նաեւ ամէն տեսակ գործողութիւն՝ քաղաքական, տնտեսական, բարոյագիտական, որոնք կարող են նպաստել եւ պաշտպանել մարդկային կեանքի արժանապատուութիւնը»:

Վերատեսչութիւնը հիմնուել է Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի կողմից՝ 2016 թուականի օգոստոսին՝ մէկ հաստատութեան մէջ միաւորելով աշխարհականների, ընտանիքի եւ կեանքի վերաբերեալ իրաւասութիւնները: Միմեանցից տարբեր այս բնագաւառները միաւորող տարրը՝ կարմիր թելի նման, երեւում է Եկեղեցու մէջ աշխարհական հաւատացեալների չափազանց կարեւոր դերակատարութեամբ: Հաւատացեալ աշխարհականները կոչուած են ոչ միայն քրիստոնէական կեանքի համար նախապատրաստելու աշխարհիկ այլ անձանց, այլեւ՝ իրենց համայնքներում եւ թեմերում ստանձնելու աւելի մեծ պատասխանատուութիւն:

Աշխարհականները՝ մասնաւորապէս երիտասարդները, կոչուած են ստեղծագործ եւ «հեռանկարային» գաղափարներով իրենց ներդրումը բերելու Եկեղեցուն եւ միսիոնարներ դառնալու իրենց հասակակիցների համար: Ամուսնացեալ աշխարհականները, առաւել քան ուրիշները, կարող են պատասխանատուութիւն ստանձնել այլ զոյգերի ամուսնութեան պատրաստութեան եւ աջակցութեան հարցում: Աշխարհական հաւատացեալները պէտք է իրենց ներկայութիւնն ունենան քաղաքականութեան մէջ, որպէսզի կառավարութիւններին ուղղորդեն կեանքի պաշտպանութեանն ուղղուած համապատասխան միջոցներ ձեռնարկելու՝ ի նպաստ ընտանիքների, տարեցների, երիտասարդների, հաշմանդամութիւն ունեցող անձանց կամ բոլոր նրանց, ովքեր այլ խոցելի խմբերի են պատկանում:

Սրբազան Քահանայապետի ցանկութիւնն է, որ այս Վերատեսչութիւնը լինի Սուրբ Աթոռի այն հաստատութիւններից մէկը, որ աշխարհականներին առաջ է մղում բոլոր բնագաւառներում՝ քաղաքացիական եւ եկեղեցական, յաղթահարելով կղերականութեան կամ էլիտարիզմի անօգուտ ձեւերը, որոնք դեռեւս պահպանւում են որոշ երկրներում: Նորին Սրբութեան ցանկութիւնն է՝ պատասխանատուութեան այս զգացումն արթնացնել հասարակութեան բոլոր խաւերին պատկանող աշխարհականների մէջ:

Կարդինալ Ֆարրէլլն իր գրասենեակում:
Կարդինալ Ֆարրէլլն իր գրասենեակում:

Աշխարհականների նկատմամբ Վերատեսչութեան գործունէութիւնը, նախ եւ առաջ, միտուած է Եկեղեցու մէջ եւ աշխարհում նրանց կոչման եւ առաքելութեան խրախուսմանը՝ ոչ միայն որպէս անհատներ, այլեւ՝ որպէս միաբանութիւնների, շարժումների կամ համայնքների անդամներ: 2017 թուականի հոկտեմբեր 30-ին՝ Գերատեսչութիւն կատարած այցի ժամանակ, Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսը ցանկութիւն էր յայտնել, որպէսզի այստեղ աշխատողների գերակշռող մասը լինեն աշխարհականներ, ովքեր պէտք է ծառայեն աշխարհիկ միւս մարդկանց: Հետեւաբար, առանձնայատուկ ուշադրութիւն է յատկացւում տարբեր բնագաւառներում աշխարհականների կրթութեանը:

Աշխարհականների կրթութիւնը կենսունակ է պահում Վերատեսչութեան աշխատանքը: Իրականում, երիտասարդների, ընտանիքների, եկեղեցական շարժումների հետ իրականացուած աշխատանքը ներառում է աշխարհականների կրթութեան հիմնական ոլորտները. հաւատք եւ հոգեւոր կեանք, առաքելութիւն, հասարակութեան, մշակոյթի եւ քաղաքականութեան մէջ քրիստոնէական վկայութեան պատրաստութիւն:

Վերատեսչութիւնը ստեղծել է laityinvolved.org կայքէջը, որտեղ ներկայացուած են այն նախաձեռնութիւնները եւ աշխարհի տարբեր կողմերում գոյութիւն ունեցող աշխարհական հաւատացեալների աւետարանման, ուսուցման եւ զարգացման «արդիւնաւէտ փորձը», որն օգտակար է եղել որեւէ երկրում եւ առաջարկւում է կիրառել նաեւ այլ երկրներում: Այսպիսով, սա մի միջոց է, որ Վերատեսչութիւնը տրամադրում է հովուական գործունէութեամբ զբաղուողներին, աշխարհական շարժումներին եւ բոլոր նրանց, ովքեր ցանկութիւն ունեն ներգրաւուելու աշխարհականների կրթութեան ապահովման այս կենսական ոլորտի մէջ:

Աշխարհական գործունէութեան այս ոլորտում կան նաեւ երկու առանձին գրասենեակներ, որոնք թէեւ չունեն մեծ ճանաչում, սակայն ունեն շատ կարեւոր հովուական նշանակութիւն. «Կանանց գրասենեակը», որի նպատակն է խորացնել Եկեղեցու եւ հասարակութեան մէջ կնոջ ինքնութեան եւ առաքելութեան վերաբերեալ եկեղեցու մօտեցումը, եւ, «Եկեղեցին եւ մարզանքը» գրասենեակը, որը միտում ունի լինելու մարզանքի աշխարհի այն դիտակէտը, որը տեղական եկեղեցիներում կը խթանի մարզանքային շրջանակների նկատմամբ հովուական հոգածութեան նորացուած տրամադրուածութիւնը:

Նկատի առնելով աշխարհականների մեծ թիւը՝ յատուկ տեղ է վերապահուած երիտասարդներին: Այսպիսով, երիտասարդների նկատմամբ Եկեղեցու հովուական հոգածութիւնը իրականացւում է Վերատեսչութեան միջոցով: Համաշխարհային Երիտասարդաց Օրերի կազմակերպման համար Վերատեսչութիւնից պահանջւում է էներգիայի եւ աշխատանքի մեծ ներդրում:

Վերատեսչութեան իրաւասութեան ներքոյ գտնուող յաջորդ կարեւոր ոլորտը ընտանիքն ու կեանքն են, որի ուշադրութեան կենդրոնում է ընտանիքի նկատմամբ հովուական հոգածութիւնը, ընտանիքի արժանապատուութեան պաշտպանութիւնը եւ բարօրութիւնը՝ հիմնուած ամուսնութեան սուրբ խորհուրդի վրայ: Միեւնոյն ժամանակ, խրախուսւում են նաեւ ընտանիքի իրաւունքները եւ պատասխանատուութիւնը՝ ինչպէս Եկեղեցու, այնպէս էլ քաղաքացիական հասարակութեան մէջ: Վերատեսչութիւնը կազմակերպում եւ անցկացնում է ընտանիքին նուիրուած միջազգային համաժողովներ եւ միջոցառումներ: Այն հետեւում է նաեւ ազգային եւ միջազգային եկեղեցական հաստատութիւնների, միաբանութիւնների եւ շարժումների, ինչպէս նաեւ կաթողիկէ կազմակերպութիւնների գործունէութեանը՝ նպատակ ունենալով ծառայել ի բարօրութիւն ընտանիքի:

Վերատեսչութիւնը նպաստում է ամուսնութեան եւ ընտանիքի հոգեւոր կողմի ուսումնասիրութեանը, առաջարկում է նշանադրուած եւ երիտասարդ զոյգերի համար նախատեսուած ուղղորդող ծրագրեր, աջակցում է ընտանիքներին՝ երիտասարդների հոգեւոր, եկեղեցական եւ քաղաքացիական կեանքի պատրաստութեան գործում, յատուկ ուշադրութիւն դարձնելով միջսերնդային երկխօսութեանը, ինչպէս նաեւ աղքատներին եւ հասարակութիւնից դուրս մղուած մարդկանց: Ի վերջոյ, Վերատեսչութիւնը խրախուսում է երեխաներ որդեգրելու եւ դաստիարակելու, ինչպէս նաեւ տարեցների մասին հոգ տանելու ընտանիքների պատրաստակամութիւնը:

Վերատեսչութիւնը աջակցում եւ համակարգում է բոլոր այն նախաձեռնութիւնները, որոնք միտուած են պաշտպանելու մարդկային կեանքը՝ սկզբնաւորումից մինչեւ բնական մահ, հաշուի առնելով մարդու բոլոր կարիքները՝ իր զարգացման տարբեր փուլերում: Այն աջակցում եւ խրախուսում է նաեւ կազմակերպութիւններին եւ միաւորումներին, որոնք օգնում են կանանց եւ ընտանիքներին՝ ընդունելու եւ արժեւորելու կեանքի շնորհը, մասնաւորապէս՝ բարդ յղիութիւնների դէպքում, նաեւ կանխելու յղիութիւնների արհեստական ընդհատումները, օժանդակելու բոլոր այն ծրագրերին եւ նախաձեռնութիւններին, որոնք նպատակ ունեն օգնելու կանանց, ովքեր յղիութեան արհեստական ընդհատում են կատարել:

Համաշխարհային Երիտասարդաց Օրերի նախապատրաստական աշխատանքները պահանջում են կազմակերպչական եւ համակարգման մեծ ջանքեր՝ Սուրբ Աթոռի, տեղական կազմակերպչական յանձնախումբի եւ տարբեր ցամաքամասերի թեմերի միջեւ: Գործնականում սա նման է «շարունակական շրջափուլի»: Տարիների ընթացքում, ՀԵՕ-ն դարձել է համաշխարհային ճանաչում վայելող իրադարձութիւն ոչ միայն եկեղեցական տեսանկիւնից, այլեւ՝ սոցիալական, յատկապէս՝ կազմակերպիչ երկրների համար:

ՀԵՕ միջազգային հանդիպումները սովորաբար տեղի են ունենում իւրաքանչիւր երեք տարին մէկ անգամ, իսկ առանձին թեմերի Եկեղեցիներում՝ նման հանդիպումներ կազմակերպւում են ամէն տարի: Վերատեսչութեան նպատակն է ՀԵՕ-ն դարձնել երիտասարդների կրթութեան, աւետարանման եւ ուղղորդման շարունակական գործընթաց, որպէսզի այս օրերը չվերածուեն պարզապէս յագեցած եւ գրաւիչ հանգստի, որը սակայն որեւէ հետք չի թողնում երիտասարդների կեանքում, այլ՝ սա լինի աստիճանական եւ համապարփակ մի գործընթաց, որը թոյլ կը տայ երիտասարդներին տարեցտարի հասակ առնել, հասունանալ եւ պտուղներ տալ:

Այդ իսկ պատճառով, երիտասարդների հետ եւ երիտասարդների համար իրականացուող այս «շարունակական ճանապարհորդութիւնը» եւ թեմական երիտասարդական օրերի կազմակերպումը խրախուսելու համար՝ Վերատեսչութեան կայքէջում տարբեր լեզուներով արդէն իսկ հասանելի է «Թեմական Եկեղեցիներում Համաշխարհային Երիտասարդաց Օրերի կազմակերպման եւ անցկացման հովուական ուղեցոյց» վերտառութեամբ փաստաթուղթը:

Տարիների ընթացքում, «Ընտանիքների Համաշխարհային Օրեր» հանդիպումը նոյնպէս դարձել է շատ կարեւոր մի իրադարձութիւն, որը պահանջում է հիւրընկալ թեմի հետ փոխգործակցութեան երկարատեւ եւ աշխատատար նախապատրաստական գործընթացի իրականացում: Վերատեսչութիւնը մասնաւորապէս զբաղւում է Միջազգային աստուածաբանական-հովուական համաժողովի պատրաստութեամբ, որը տեղի է ունենում միջոցառման առաջին օրերին, մասնակցութեամբ՝ ընտանիքի եւ կեանքի հովուական հոգածութիւնը ստանձնած եպիսկոպոսների, Եպիսկոպոսական համաժողովների եւ թեմերի կողմից պատուիրակուած ամուսնական զոյգերի, փորձագէտների, ընտանեկան շարժումների եւ միաւորումների ներկայացուցիչների, ինչպէս նաեւ բոլոր այն ընտանիքների, ովքեր ցանկութիւն ունեն այս օրերն ապրելու բարեկամական, ուրախ եւ աղօթական միջավայրում՝ կիսելով փորձառութիւնը եւ ձեռք բերելով նոր գիտելիքներ:

Վերատեսչութեան ժողովների սրահը:
Վերատեսչութեան ժողովների սրահը:

Վերատեսչութեան աշխատանքի կարեւոր մասը հովուական գործունէութիւնն է, որը իրականացւում է աշխարհականների խմբերի հետ մշտական երկխօսութեամբ, ինչպէս նաեւ ընտանիքի եւ երիտասարդութեան հովուական հոգածութեան պատասխանատուների հետ սերտ համագործակցութեամբ: Ուստի, կարելի է ասել, որ Վերատեսչութեան հիմնական ներուժը այն անձինք են, ովքեր այստեղ աշխատում են: Նրանց շնորհիւ է, որ հնարաւոր է կենսունակ պահել փոխյարաբերութիւնների այս ցանցը, որը կենսական նշանակութիւն ունի: Նրանց հմտութիւնների շնորհիւ է, որ հնարաւոր է արդիւնաւէտ կերպով իրականացնել այս աշխատանքը:

Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին՝ Վերատեսչութիւնը միաւորումներից կամ հիմնադրամներից որոշ նուիրատուութիւններ է ստանում, որոնք օգնում են մասամբ հոգալ իրականացուող նախաձեռնութիւնների ծախսերը: Վերատեսչութեան հիմնական ծախսերը կազմում են՝ վարձակալութիւնը, պաշտօնեաների եւ անձնակազմի միւս անդամների աշխատավարձերը: Վերատեսչութիւնն իր տնօրինութեան տակ ունի նաեւ «Համերաշխութեան հիմնադրամ», որը գործում է ՀԵՕ-ի մասնակցութեան համար գրանցուելիս՝ որպէս ներդրում երիտասարդների կողմից կատարուած վճարների շնորհիւ: Ֆինանսական այս միջոցները օգտագործւում են օգնելու այն երիտասարդներին, ովքեր բաւարար միջոցներ չունեն ՀԵՕ-ի մասնակցութեան համար ճանապարհորդութեան եւ կեցութեան ծախսերը հոգալու:

2021 թուականի մարտ 19-ին՝ Սուրբ Յովսէփի տօնի եւ առաքելական յորդորագրի հրապարակման հինգերորդ տարեդարձի առթիւ, Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսի կողմից տրուեց Amoris Laetitia – Ընտանիքի տարուայ մեկնարկը՝ նպատակ ունենալով հասնել աշխարհում ապրող իւրաքանչիւր անձի եւ իւրաքանչիւր քրիստոնեայ ընտանիքի, ազդարարել, թէ ինչպիսի անգին նուէր է ամուսնութիւնը եւ խրախուսել աւետարանման գործում ընտանիքների պատասխանատուութիւնը:

2021 թուականի յուլիսին, առաջին անգամ, նշուեցին «Տարեցների համաշխարհային օր» միջոցառումը եւ ակադեմիական բնոյթի մի շարք այլ նախաձեռնութիւններ՝ համագործակցութեամբ համալսարանների եւ ընտանեկան կենդրոնների՝ նպաստելով քաղաքացիական հասարակութեան մէջ ամուսնութեան եւ ընտանիքի մշակոյթի զարգացմանը: Տարեցները ոչ միայն աշխարհական կաթողիկէների կարեւոր մասն են կազմում, այլեւ՝ կենդրոնական անձինք են Եկեղեցու մէջ: Ընտանիքի տարին եզրափակուեց Հռոմում՝ 2022 թուականի յունիս 22-26-ը կայացած Ընտանիքների Համաշխարհային 10-րդ հաւաքով՝ որպէս բնաբան ունենալով «Ընտանեկան սէրը. կոչում եւ սրբութեան ճանապարհ»։

Կարդինալ Ֆարրէլը՝ Վերատեսչութեան մատուռում:
Կարդինալ Ֆարրէլը՝ Վերատեսչութեան մատուռում:

Կանանց գրակարդացումի եւ սպասաւորութեան կարգերը շնորհելու հնարաւորութիւնը ինքնին չի լուծում Եկեղեցու մէջ նրանց ներկայութեան հարցը: Այնուամենայնիւ, Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Պապի ցանկութիւնն էր, որ այս նախաձեռնութիւնը՝ բացի նրանից, որ յաղթահարում է աստուածաբանական որեւէ հիմնաւորում չունեցող խտրականութիւնը, նաեւ՝ ուշադրութիւն գրաւի Եկեղեցու մէջ կնոջ դէրի արժեւորման նկատմամբ. ոչ որպէս օգնականի, ով որոշակի աշխատանք է կատարում, այլ, որպէս սեփական եկեղեցական կոչման կրողի՝ շնորհիւ մկրտութեան եւ համաձայն կնոջը տրուած շնորհների, որոնք նրան դարձնում են առաքեալ եկեղեցական եւ ոչ եկեղեցական միջավայրերում, որտեղ ապրում եւ աշխատում է:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

02/01/2023, 13:44