ҽ

«ԱՓՍԱ»-ի նախագահ՝ Գերապայծառ Նունցիօ Կալանթինօ «ԱՓՍԱ»-ի նախագահ՝ Գերապայծառ Նունցիօ Կալանթինօ 

Առաքելական Աթոռի Կալուածքների Վարչութիւնը:

Սուրբ Աթոռի գերատեսչութիւնների պատմութիւնը, նպատակը եւ «առաքելութեան հաշուեկշիռը». հայեացք ներսից: Ինչպէ՞ս են գործում այն գերատեսչութիւնները, որոնք աջակցում են Սրբազան Քահանայապետի գործունէութեանը: Գերապայծառ Նունցիօ Կալանթինոն ներկայացնում է Առաքելական Աթոռի Կալուածքների Վարչութիւնը («ԱՓՍԱ»-ն):

Ալեսսանտրօ Տէ Քարոլիս – Վատիկան

Գերատեսչութիւնն առաջնորդւում է առաւելագոյն թափանցիկ աշխատանքի սկզբունքով: Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի կողմից իրականացուած բարեփոխումից ի վեր՝ մասնաւորապէս այս վերջին տարիներին, այսպէս կարելի է բնորոշել Սուրբ Աթոռի կալուածքները կառավարող գերատեսչութեան ամենօրեայ աշխատանքը: «ԱՓՍԱ»-ն այս ուղեգծին է հետեւում 2020 թուականի ֆինանսական հաշուետուութեան հրապարակումից յետոյ: Հաշուետուութեան փաստաթղթում արձանագրուած է, որ գործառնական արդիւնքը կազմել է 21,99 միլիոն, այսինքն՝ 2019 թուականի համեմատութեամբ, շահոյթը կազմել է նուազ 51,2 միլիոն եւրոյից: Այս արդիւնքների վրայ իրենց ծանր ազդեցութիւնն են ունեցել Քովիտի համաճարակի հետեւանքները: «ԱՓՍԱ»-ի նախագահ Գերապայծառ Նունցիօ Կալանթինոյի կարծիքով, ամէն բան ուղղուած է «վստահելի կառավարում» իրականացնելու նպատակին՝ «օրինակելի ոճով եւ համաձայն Եկեղեցու առաքելութեանը»:

Համաձայն 2020 թուականի դեկտեմբերի «Motu proprio»-ի՝ «ԱՓՍԱ»-ն ստանձնեց ռեսուրսների կառավարումը, որը նախկինում տնօրինում էր Պետական Քարտուղարութիւնը: Ինչ վերաբերում է տեղի ունեցած փոփոխութիւններին, ապա, անշուշտ, աւելացել են Գերատեսչութեան նախագահի, քարտուղարի եւ ամբողջ անձնակազմի պարտականութիւնները: Բոլորը պէտք է հետեւեն թափանցիկ, պատշաճ եւ արդիւնաւէտ կառավարմանը՝ թէ՛ որակապէս, եւ թէ՛ քանակապէս:

Սրբազան Քահանայապետը շարունակում է յորդորել «ԱՓՍԱ»-ին եւ Վատիկանի այն բոլոր գերատեսչութիւններին, որոնք ընդգրկուած են վարչական կառավարման ոլորտում, որդեգրել օրինակելի գործելաոճ՝ համաձայն Եկեղեցու առաքելութեանը: Նորին Սրբութիւնն այս ամէնը պահանջում է, քանի որ աւետարանման գործընթացը իրականացւում է նաեւ շնորհիւ վստահութեան եւ բոլոր նրանց հեղինակութեան, ովքեր կոչուած են տարածելու եւ վկայելու Աւետարանը: Եթէ Եկեղեցին վստահութիւն չի ներշնչում, ապա, չի կարող նաեւ ընդունելի դարձնել Աստծոյ խօսքը: Աւելին, մաս կազմելով սոցիալական իրավիճակի՝ Եկեղեցին պարտաւոր է հետեւել բոլոր այն օրէնքներին, որոնք կանոնակարգում են սոցիալական եւ տնտեսական կեանքը:

«Սուրբ Պետրոսի գանձանակ». սա տեղական եկեղեցիների ներդրումն է՝ աջակցելու Սրբազան Քահանայապետի առաքելութեանը եւ բարեգործական ձեռնարկներին: Ինչպէս Եկեղեցւոյ մէջ, այնպէս էլ աշխարհում, Սրբազան Քահանայապետի կողմից իրականացուող գործունէութեանն աջակցելու համար անհրաժեշտ են գերատեսչութիւններ, որոնց ծախսերը պէտք է հոգալ, եւ, անձինք, ովքեր պէտք է վարձատրուեն իրենց մասնագիտական աշխատանքի համար: Եկեղեցին իր առաքելութեան հետ կապուած գործերն իրականացնում է նուիրատուութիւնների միջոցով եւ իրեն պատկանող կալուածքներից ստացուող եկամուտներով:

Սուրբ Աթոռը վճարում է նիւթական բարեգործութեան եւ աւետարանացման ծախսերը, աշխատակիցների աշխատավարձերը, հոգում է նաեւ հոգեւոր, մտաւոր եւ սոցիալական բարեգործութեան ծախսերը: Գերատեսչութիւնների առաքելութիւնն է ապահովել եկեղեցական հաղորդութիւնը աշխարհի մէջ, ներկայացնել Եկեղեցւոյ իշխանութիւնը, իրականացնել արդարադատութիւն եւ կատարել բարեգործութիւն:

Այսպիսով, «Սուրբ Պետրոսին գանձանակէն»՝ ստացուող այն եկամուտներից մէկն է, որը նպաստում է Հռոմէական Կուրիայի գերատեսչութիւնների միջոցով Սրբազան Քահանայապետի կողմից իրականացուող գործունէութեան երկու ուղղութիւնների (առաքելական եւ բարեգործական) ապահովմանը: Այս գերատեսչութիւնների գործունէութեան հետ կապուած ծախսերը՝ ի թիւս որոնց Վատիկանի 5000 աշխատակիցների աշխատավարձերը, վճարւում են այս նուիրատուութիւններից եւ Սուրբ Աթոռին պատկանող կալուածքներից ստացուող եկամուտներից:

Իտալիայում «ԱՓՍԱ»-ի կողմից կառավարուող անշարժ գոյքը կազմում է մօտաւորապէս 1,5 միլիոն քառակուսի մեթր, որը տեղաբաշխուած է հետեւեալ կերպ. 14%-ը (մակերես) ազատ շուկայում, 8%-ը վարձակալութեան վճարների դրամական օժանդակութիւն (աշխատակիցների, թոշակառուների եւ աջակցութեան այլ տեսակների համար), իսկ մնացեալ 78%-ը բաժին է ընկնում համակարգային նպատակներին, որոնք անվճար փոխատուութեամբ տրամադրւում են դպրոցներին, համալսարաններին, վանքերին եւ ճեմարաններին:

Իտալիայում անշարժ գոյքի ֆոնտը (մակերես) հիմնականում բնակելի է (27%), կառավարման-առեւտրային-արտադրական (17%), պարագծային (11%), իսկ մնացեալ մասը (45%) գործածւում է տարբեր նպատակների համար (դպրոցներ, գրադարաններ, թանգարաններ, հիւանդանոցներ, ինքնաշարժների կայանատեղիներ, օժանդակ շինութիւններ):

Այս տարիների ընթացքում, հիմնական նպատակը եղել եւ շարունակում է մնալ անշարժ գոյքի սպասարկման եւ օգտագործման պայմանների բարելաւումը, ինչպէս նաեւ իրականացուող աշխատանքների վերահսկողութեան եւ թափանցիկութեան դիւրացումը: Վարձակալութեան վճարներից ստացուած եկամուտի մի մասը վերստին ներդրւում է շէնքերի պահպանութեան եւ յարմարեցման ծախսերը հոգալու համար, իսկ մնացեալ եկամուտը հոգում է Սուրբ Աթոռի ծախսերը՝ նպաստելով Սրբազան Քահանայապետի գործունէութեանը:

Իհարկէ, Սուրբ Աթոռի պիւտճէն չի կարող համեմատուել որեւէ ձեռնարկութեան պիւտճէի հետ: Իրականում, խօսքը վերաբերում է «առաքելութեան հաշուեկշռին»: Գերատեսչութիւններից իւրաքանչիւրը որեւէ ծառայութիւն է մատուցում, եւ, իւրաքանչիւր ծառայութիւն ունի իր ծախսերը, եւ, ոչ միշտ է, որ կարող է եկամտաբեր լինել: Եղել են տարիներ, երբ ծախսերը աւելի քիչ են եղել, քան հասոյթը: Այդ իսկ պատճառով, ստեղծուեց պահուստային ֆոնտ, որը մինչ օրս տնօրինւում է Պետական Քարտուղարութեան կողմից: Վերջին տարիներին, գումարներ պահուստաւորելու հնարաւորութիւն չի եղել:

Տնտեսական տեսանկիւնից, 2020 թուականի ֆինանսական տարին բնորոշուել է Քովիտ-19 համաճարակի կործանարար տնտեսական հետեւանքներով, որոնք բացասական ներգործութիւն են ունեցել ԱՓՍԱ-ի տարբեր ոլորտների գործունէութեան արդիւնքների վրայ։

Բոլորովին վերջերս, Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հիմնեց Կաթողիկէ առողջապահութեան հիմնադրամը, որը Սուրբ Աթոռին կապուած հաստատութիւն է եւ գործում է որպէս ԱՓՍԱ-ի գործնական կառոյց: Այս Հիմնադրամի կառավարումը վստահուած է Առաքելական Աթոռի Կալուածքների Վարչութեանը, եւ, Սրբազան Քահանայապետի կողմից նախագահ է նշանակուած Գերապայծառ Նունցիօ Կալանթինոն:

Կաթողիկէ առողջապահութեան հիմնադրամը պէտք է ծառայի որպէս ուղեցոյց եւ աջակցի Կաթողիկէ առողջապահական հաստատութիւններին, յատկապէս նրանց, որոնք առանձնակի դժուարութիւնների են բախւում, որպէսզի, հաւատարիմ մնալով հիմնադիրների խարիզմայի ոգուն, այդ հաստատութիւնները շարունակեն մնալ նմանատիպ կառոյցների ցանցի մէջ եւ ծառայութիւն մատուցել՝ ներշնչուելով Եկեղեցու սոցիալական ուսմունքից: Շատ յաճախ, սրանք մասնագիտական եւ գիտական բարձր չափանիշներով առաջնորդուող առողջապահական հաստատութիւններ են: Մեր պարտքն է ամէն ջանք գործադրել, որպէսզի իւրաքանչիւր ոք կարողանայ շարունակել օգտուել տարիներ ի վեր այս հաստատութիւնների կողմից մատուցուած գովելի եւ արդիւնաւէտ ծառայութիւններից:

ԱՓՍԱ-ն կազմուած է գրասենեակներից եւ ծառայութիւններ մատուցող բաժիններից, որոնք ունեն գործունէութեան երեք հիմնական ոլորտներ.

Տնօրէնութիւն՝ 4 անձ

Անշարժ գոյքի ոլորտ՝ 26

Եկամուտների կառավարման գրասենեակ՝ 9

Տեխնիկական կառավարման գրասենեակ՝ 13

Արխիւային եւ գրանցամատեանի ծառայութիւն՝ 4

Շարժական գոյքի ոլորտ՝ 11

Արժէթղթերի վերլուծութեան եւ առք ու վաճառքի գրասենեակ՝ 4

Ներդրումների կառավարման գրասենեակ՝ 4

Գանձումների եւ վճարումների գրասենեակ՝ 3

Այլ գործունէութիւն՝ 54

Կառավարման վերահսկման գրասենեակ՝ 2

Գնումների գրասենեակ՝ 7

Հաշուապահական գրասենեակ՝ 12

Իրաւաբանական գրասենեակ՝ 4

Արխիւների/արձանագրութիւնների գրասենեակ՝ 5

Օժանդակ անձնակազմ՝ 17

Սուրբ Պետրոսի աթոռի ուխտագնացութիւն՝ 7

Այլ ցուցանիշներ, որոնք կապուած չեն վերոյիշեալ ոլորտների հետ՝ 8

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

31/05/2022, 08:05