ҽ

Կաթողիկէ Դաստիարակութեան Ժողովի կառավարիչ՝ կարդինալ Ճուզեփփէ Վերսալտին:  Կաթողիկէ Դաստիարակութեան Ժողովի կառավարիչ՝ կարդինալ Ճուզեփփէ Վերսալտին:  

Կաթողիկէ Դաստիարակութեան Ժողովը:

Սուրբ Աթոռի գերատեսչութիւնների պատմութիւնը, նպատակը եւ «առաքելութեան պիւտճէն». հայեացք ներսից: Ինչպէ՞ս են գործում այն գերատեսչութիւնները, որոնք աջակցում են Սրբազան Քահանայապետի գործունէութեանը: Կարդինալ Ճուզեփփէ Վերսալտին ներկայացնում է Կաթողիկէ Դաստիարակութեան Ժողովը:

Գաբրիէլլա Չէրազօ – Վատիկան

Մի կողմից՝ աշխարհի դպրոցական համակարգերից դուրս մնացած տասնեակ միլիոնաւոր երեխաների «կրթական աղէտն» է, միւս կողմից՝ Սրբազան Քահանայապետի առաջարկած «համաշխարհային կրթական պայմանագիրը», որի նպատակն է օգնել բուժել մարդկային այս խորը վէրքը, որն աւելին է, քան սոցիալական խնդիրը: Այս ամէնի կենդրոնում մօտ երեք տասնեակ մարդկանց աշխատանքն է, ովքեր հետեւում, ղեկավարում, վերահսկում եւ ապահովում են աշխարհում գործող կաթողիկէ հաստատութիւնների դպրոցական եւ համալսարանական կրթութիւնը: Կարդինալ Ճուզեփփէ Վերսալտին ներկայացնում է Կաթողիկէ Դաստիարակութեան Ժողովի առաքելութիւնը: Գերատեսչութեան պիuտճէն, Սուրբ Աթոռի 2021 թուականի պաշտօնական հաշուեկշռում, մաս է կազմում Վատիկանի մօտ երեք տասնեակ գերատեսչութիւններին եւ հաստատութիւններին յատկացուած 21 միլիոնի:

Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսն իր քահանայապետութեան սկզբից՝ հետեւելով իր նախկին հովուական սովորոյթին, բազմիցս անդրադարձել է բոլորի, եւ յատկապէս՝ երիտասարդ սերունդի տաղանդը ընդգծելու անհրաժեշտութեանը, ինչը կը նպաստի նոր համաշխարհային համերաշխութեան եւ աւելի հիւրընկալ հասարակութեան ստեղծմանը: Կրթական պայմանագրի մեկնարկով՝ Քահանայապետը վերստին նորոգեց միաւորուելու կոչը, որը թոյլ կը տայ համընդհանուր համաձայնութիւն գտնել կրթութեան ոլորտում, ինչը կարող է միաւորել բոլոր մարդկանց՝ հնարաւորութիւն ընձեռելով լուծում գտնել արդի ժամանակաշրջանի խնդիրներին, առանց վախի նախաձեռնել փոփոխութեան գործընթացներ եւ յոյսով նայել դէպի ապագայ: Այս կոչն ուղղուած էր բոլորին՝ ուսուցիչներին, աշակերտներին, ծնողներին, քաղաքացիական հասարակութեանը: Սա կոչ էր գործի դնելու գիտութեան բոլոր ճիւղերը, ինչպէս նաեւ մտաւոր, գիտական, ստեղծագործական, մարզական, քաղաքական, տնտեսական եւ ձեռնարկատիրական տարբեր դրսեւորումները ի նպաստ երիտասարդների:

̸ատուռը
̸ատուռը

Կաթողիկէ Դաստիարակութեան Ժողովը սկսեց հետեւել եւ իւրացնել կաթողիկէ դպրոցների եւ համալսարանների, ինչպէս նաեւ աշխարհի տարբեր երկրներում գործող բազմաթիւ կրթական հաստատութիւնների նշանակալի փորձը՝ յանձնառութիւն ունենալով աջակցել այս ծրագրի իրականացմանը, ինչպէս նաեւ ապահովել մի շարք համաժողովների եւ միջոցառումների կազմակերպմանը, որոնց նպատակն է զարգացնել կրթական պայմանագրի հիմնական դրոյթները, որոնք իրականացուեցին 2019 թուականի սեպտեմբերի 12-ի Սրբազան Քահանայապետի առաջին ուղերձից անմիջապէս յետոյ: Հաշուի առնելով առաջիկայ տարիներին նախաձեռնութիւնների թուի աճը եւ դրանց շարունակական զարգացման հեռանկարը՝ «Gravissimum educationis» Քահանայապետական հիմնադրամի, «Lumsa» համալսարանի եւ «Sacré-Cœur» կաթողիկէ համալսարանի հետ համատեղ ստեղծուեց Յանձնախումբ, որը մշակեց գործնական ձեռնարկ ուսուցիչների եւ ուղեցոյց համալսարանների համար:

Եթէ առաջին ձեռնարկը զարգացնում է պայմանագրի նպատակները՝ այնպէս, ինչպէս նախանշուած էր Սրբազան Քահանայապետի կողմից, ապա, ուղեցոյցը ներկայացնում է այն հինգ թեմատիկ ոլորտները, որտեղ պայմանագիրը կարող է համապատասխան արտայայտում գտնել ակադեմիական, գիտական եւ մշակութային նախաձեռնութիւնների համար. արժանապատուութիւն եւ մարդու իրաւունքներ, եղբայրութիւն եւ համագործակցութիւն, տեխնոլոգիաներ եւ ընդհանուր բնապահպանութիւն, խաղաղութիւն եւ քաղաքացիութիւն, մշակոյթներ եւ կրօններ:

Քանի որ կրթական պայմանագրի առաջարկը նպատակ ունի «ընդհանուր տան» մէջ համաշխարհային համաձայնութիւն գտնել Երկիր մոլորակի բնակիչների համար, ինչպէս նաեւ խաղաղութիւն եւ արդարութիւն սերմանող միասնութիւն ստեղծել՝ նպաստելով բոլոր ժողովուրդների եւ կրօնների միջեւ երկխօսութեանը եւ միմեանց ընդունելուն, ապա՝ Գերատեսչութեան աշխատանքը իրականացւում է Սուրբ Աթոռի միւս վարչութիւնների հետ արդիւնաւէտ համագործակցութեան շնորհիւ:

Ժողով
Ժողով

Գերատեսչութիւնը յանձնառութիւն ունի ամրապնդելու, զարգացնելու եւ տարածելու կաթողիկէ դաստիարակութեան հիմնարար սկզբունքները, որոնք սահմանուած են Եկեղեցու ուսմունքով՝ ինչպէս Աստouծոյ ժողովրդի, այնպէս էլ քաղաքացիական հասարակութեան համատեքստում: Այս իմաստով, Գերատեսչութիւնը պարտաւորւում է ապահովել այնպիսի պայմաններ, որպէսզի հաւատացեալ ժողովուրդը այս ոլորտում կարողանայ կատարել իր պարտաւորութիւնները, իսկ քաղաքացիական հասարակութիւնը հաւասարապէս ճանաչի եւ պաշտպանի նրանց իրաւունքները: Այս համատեքստում, կարեւոր նշանակութիւն ունի կառուցողական երկխօսութիւնը պետական հաստատութիւնների եւ միջազգային կազմակերպութիւնների հետ:

Գերատեսչութիւնը սահմանել է հրահանգների ուղեցոյցներ կաթողիկէ դպրոցների համար, որոնցից շատերը ստեղծուել եւ ղեկավարւում են կրօնական միաբանութիւնների կողմից: Գերատեսչութիւնն աջակցում է նաեւ թեմական եպիսկոպոսներին՝ վերահսկելու այս դպրոցների կողմից մատուցուող ծառայութիւնների որակը, հետեւելու ուսուցիչների կրթութեանը, ինչպէս նաեւ աշակերտների հոգեւոր դաստիարակութեանը եւ հովուական խնամքին: Բացի դպրոցներից, Գերատեսչութիւնը վերահսկողութիւն է իրականացնում նաեւ կաթողիկէ համալսարանների գործունէութեան նկատմամբ՝ օգնելով եպիսկոպոսներին, որպէսզի «Ex corde Ecclesiae» Սահմանադրութեան կիրառման նորմերը մշակելիս կարողանան աջակցել ակադեմիական այս հաստատութիւններին՝ խորացնելու տարբեր գիտական ճիւղերը՝ հաշուի առնելով քրիստոնէական ոգին, եւ խրախուսելու համալսարաններում հովուական խնամքի տարբեր դրսեւորումները:

Գերատեսչութեան իրաւասութեան մէջ են մտնում նաեւ եկեղեցական կրթական հաստատութիւնները եւ համալսարանները: Կիրառելով «Veritatis gaudium» Առաքելական Սահմանադրութիւնը (հաստատուած Սրբազան Քահանայապետի կողմից՝ 2017 թուականի դեկտեմբերի 8-ին)՝ Գերատեսչութիւնը վաւերացնում է այս հաստատութիւնների կարգավիճակը, բարձր իշխանութիւն գործադրում դրանց նկատմամբ եւ վերահսկում, որպէսզի դաւանաբանական ուսմունքի մէջ ապահովուած լինի որակը եւ պահպանուած լինի կաթողիկէ հաւատքի ամբողջականութիւնը: Աշխարհում գործում են մօտաւորապէս 217.000 կաթողիկէ դպրոցներ, ուր յաճախում են աւելի քան 60 միլիոն աշակերտներ: Գործում են 1.360 կաթողիկէ համալսարաններ եւ 487 եկեղեցական համալսարաններ եւ ֆակուլտետներ՝ իրենց կից հաստատութիւններով: Բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում սովորում են մօտ 11 միլիոն ուսանողներ:

Գերատեսչութիւնում աշխատում են 29 աշխատակից 12 տարբեր երկրներից: Նրանց աշխատանքը բաշխուած է դպրոցների եւ համալսարանների կառավարման գրասենեակների, միջազգային կազմակերպութիւնների վարչութիւնների եւ այլ ծառայութիւնների միջեւ, ինչպիսիք են՝ տնտեսվարութեան, արարողակարգի, արխիւների, մատենադարանի, տեղեկատուական տեխնոլոգիաների եւ յանձնակատարի գրասենեակները: Ամենաառաջնային հարցը աշխատակազմի ծախսերն են, որոնց պէտք է աւելացնել նաեւ տեղեկատուական ծառայութիւնները, որոնք բոլորովին վերջերս դարձել են խիստ անհրաժեշտ՝ աշխարհում գործող ուսումնական հաստատութիւնների աշխատանքին աջակցելու գործում:

Յաջորդը տպագրական ծախսերն են (Գերատեսչութեան պարբերաթերթը եւ զանազան փաստաթղթեր), ինչպէս նաեւ ներդրումը խորհուրդի աշխատանքների համար, որը վստահուած է խորհրդականների խմբին: Յատուկ իրադարձութիւնների, ինչպէս օրինակ՝ տարբեր հանգամանքներում կազմակերպուած ժողովների, ուսումնական սեմինարների կամ համաժողովների ծախսերը մասամբ ծածկւում են Գերատեսչութեան կողմից, մասամբ՝ արտաքին ներդրումների օժանդակութեամբ: Արդէն վեց տարի է, ինչ Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի կողմից հիմնուած «Gravissimum educationis» Քահանայապետական հիմնադրամը, որի նպատակն է աջակցել կրթական ոլորտում հետազօտական աշխատանքներին եւ նոր ծրագրերին՝ գործում է Գերատեսչութեան կազմի մէջ եւ ունի չորս աշխատակից:

Արխիւ
Արխիւ

Գերատեսչութիւնը համագործակցում է ոչ միայն դպրոցների, կաթողիկէ համալսարանների, ծնողների եւ նախկին ուսանողների բազմաթիւ միջազգային ընկերակցութիւնների հետ, այլեւ սերտ կապ է պահպանում միջազգային այնպիսի կազմակերպութիւնների հետ, ինչպիսիք են՝ ԻՒՆԷՍՔՕ-ն, Եւրոպայի Խորհուրդը եւ Եւրոպական Միութիւնը, ինչպէս նաեւ սերտօրէն համագործակցում է Պետական Քարտուղարութեան հետ: Մշտական փոխյարաբերութիւնները երաշխաւորուած են՝ շնորհիւ այս կազմակերպութիւնների մէջ Սուրբ Աթոռի դիտորդների, որոնցից Գերատեսչութիւնը տեղեկատուութիւն է ստանում մշակուած ռազմավարութիւնների, ուսումնասիրուած թեմաների եւ իրականացուած միջոցառումների վերաբերեալ:

2003 թուականի սեպտեմբերին՝ Պոլոնիայի գործընթացի մաս կազմող երկրների համալսարանների ներկայացուցիչների պարբերաբար իրականացուող ժողովներից մէկի ժամանակ, Սուրբ Աթոռը նոյնպէս միացաւ այս նախագծին եւ ընդունուեց համագործակցութեան այս կարեւոր գործընթացի մէջ, որն ի սկզբանէ մեկնարկել էր եւրոպական երկրների շրջանակում եւ, այժմ, տարածում էր գտնում միւս ցամաքամասերում: Այս գործընթացի նպատակն է դիւրացնել դասախօսների եւ բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների ուսանողների միջազգային շարժունութիւնը՝ ընդունելով մի շարք չափորոշիչներ, որոնք թոյլ են տալիս ճանաչել համալսարանական կրթութիւնը գործընթացի մաս կազմող երկրների միջեւ:

Պոլոնիայի գործընթացի նպատակներից մէկն էր անդամ երկրների մէջ ստեղծել կրթութեան որակը վերահսկող գրասենեակներ: 2007 թուականին՝ Պենետիկտոս ԺԶ Քահանայապետը հիմնեց նմանատիպ մի գրասենեակ՝ «Avepro»-ն, որի պարտականութիւնն էր ոչ միայն գնահատում իրականացնելը, այլեւ եկեղեցական կրթութեան զարգացմանը եւ որակի բարձրացմանը նպաստելը: «Avepro»-ն, որը գործում է Գերատեսչութիւնից անկախ, հինգ տարին մէկ անգամ իրականացնում է կրթական հաստատութիւնների արտաքին գնահատում եւ ներկայացնում վերջնական զեկոյց:

Համաճարակը էլ աւելի արագացրեց եւ սաստկացրեց ի յայտ եկող արտակարգ իրավիճակները, մասնաւորապէս՝ կրթական ոլորտում: «Կրթական ճգնաժամի» պատճառով, մօտաւորապէս տասը միլիոն երեխայ ստիպուած եղաւ թողնել դպրոցը, իսկ դպրոցական տարիքի 250 միլիոն երեխայ դուրս մնաց կրթական գործընթացից: Արտակարգ այս իրավիճակին դիմակայելու համար անմիջապէս ստեղծուեցին առցանց կրթական հարթակներ, սակայն տեխնոլոգիական խիստ անհաւասարութիւնը, ինչպէս նաեւ այլ թերութիւնները էլ աւելի արտայայտիչ դարձրեցին կրթական անջրպետը:

Այս իրավիճակում, որը կարճ ժամանակում չի կարող լուծում գտնել, Գերատեսչութիւնը առաջարկում է տեխնոլոգիական միջոցների գործադրմամբ եւ ուսուցիչների վերապատրաստմամբ հնարաւորինս արագ արձագանգել ստեղծուած արտակարգ իրավիճակին եւ կրթութեան միջոցով աջակցել հասարակութիւնից դուրս մղուած անձանց: Անհրաժեշտ է ջանք գործադրել՝ մշակելու նոր մշակութային մոդել, որը կարող է կտրուկ փոխել արդի զարգացման ձեւը եւ ընդունել մանկավարժական նոր հայեցակէտեր, որոնք կը պաշտպանեն մարդկային արժանապատուութիւնը եւ համաշխարհային եղբայրութեան տեսլականով կը նպաստեն սոցիալականացման համապատասխան գործընթացներին եւ կ’ապահովեն բազմակողմանի գիտելիքներ՝ դաստիարակելով նոր սերունդներին՝ որպէս համընդհանուր բարիքի պաշտպանների:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

08/04/2022, 07:50