ҽ

Գերապայծառ Ֆիլիփփօ Եաննոնէ Գերապայծառ Ֆիլիփփօ Եաննոնէ 

Օրէնսդրական Գրքերի Քահանայապետական խորհուրդը:

Սուրբ Աթոռի գերատեսչութիւնների պատմութիւնը, նպատակը եւ «առաքելութեան պիւտճէն». հայեացք ներսից: Ինչպէ՞ս են գործում Սրբազան Քահանայապետի գործունէութեանը աջակցող գերատեսչութիւնները: Օրէնսդրական Գրքերի Քահանայապետական Խորհուրդի գործունէութիւնը ներկայացնում է Նախագահ՝ Գերապայծառ Ֆիլիփփօ Եաննոնէն:

Սալվատորէ Չէրնուցիօ – Վատիկան

Աւելի քան մէկ դար է, ինչ կանոնական նորմերի մասնագէտներն իրենց ծառայութիւնն են մատուցում գերագոյն օրէնսդիրին՝ Սրբազան Քահանայապետին: Այս տարիների ընթացքում Գերատեսչութեան կողմից իրականացուող աշխատանքի կարեւորութիւնն անփոփոխ է մնացել՝ շարունակելով բարեփոխել լատին եւ արեւելեան Օրէնսգրքերի բնագրերը, որոնք Ընդհանրական Եկեղեցւոյ օրէնսդրութեան սիրտն են:

2018 թուականից ի վեր, Գերապայծառ Ֆիլիփփօ Եաննոնէն ղեկավարում է այս Գերատեսչութիւնը, որի առաքելութեան պիւտճէն՝ համաձայն Սուրբ Աթոռի 2021 թուականի պաշտօնական տուեալների, մաս է կազմում Վատիկանի երեք տասնեակ գերատեսչութիւններին եւ հաստատութիւններին յատկացուած 21 միլիոն կազմող պիւտճէի:

Օրէնսդրական Գրքերի Քահանայապետական Խորհուրդի լիազօրութիւնները եւ գործունէութեան բնոյթը սահմանուած են Հռոմէական Կուրիայի «Pastor Bonus» Առաքելական Սահմանադրութեան մէջ, որը հրապարակուել է 1988 թուականին՝ Սուրբ Յովհաննէս Պօղոս Բ. Քահանայապետի կողմից, եւ այժմ գտնւում է բարեփոխման գործընթացի մէջ: Գերատեսչութիւնը՝ որպէս յանձնաժողով, ստեղծուել է 1917 թուականի կանոնական օրինակարգման համատեքստում՝ պարտականութիւն ունենալով Ընդհանրական Եկեղեցւոյ օրէնքների մեկնաբանութիւնը: Այն դէպքերում, երբ որեւէ նորմի իմաստը պարզ չէ բոլորի համար կամ կարող է տարընթերցումների առիթ հանդիսանալ, հետեւաբար նաեւ՝ տարբեր գործադրութիւններ ունենալ, ապա, յանձնաժողովը՝ մասնագէտ խորհրդատուների օգնութեամբ ուսումնասիրում է խնդիրը եւ առաջարկում լուծում, որը ներկայացւում է Սրբազան Քահանայապետի հաստատմանը:

Գերատեսչութիւնն այսպէս է գործել տասնամեակներ շարունակ: Նոյնիսկ 1983 թուականին Կանոնական Իրաւունքի նոր Օրէնսգրքի հրապարակումից յետոյ, Լատին Եկեղեցւոյ Օրէնսգիրքը, որոշ դէպքերում նաեւ օրէնքների բնագիրները ենթարկուել են փոփոխութիւնների՝ ելնելով դաւանաբանական կամ կարգապահական անհրաժեշտութիւնից: Աւելի ուշ, երբ հաստատուեց Արեւելեան Եկեղեցիների Օրէնսգիրքը՝ նոյն գործելակերպը կիրառուեց նաեւ օրէնսդրական այս բնագրի համար: Ժամանակի ընթացքում, Յանձնաժողովը դարձաւ Քահանայապետական Խորհուրդ:

Անցեալ յունիսին, Սրբազան Քահանայապետը բարեփոխեց Կանոնական Իրաւունքի Օրէնսգրքի քրէական պատիժներին վերաբերող VI գիրքը, որի վրայ Գերատեսչութիւնն աշխատել էր աւելի քան 10 տարի: Աշխատանքներին իրենց մասնակցութիւնն են ունեցել տարբեր երկրների Եպիսկոպոսական Համաժողովները, Հռոմէական Կուրիայի գերատեսչութիւնները, ինչպէս նաեւ կանոնական իրաւունքի մասնաճիւղերի, որոնք գործում են « in Urbe et in Orbe »:

Գերապայծառ Եաննոնէ
Գերապայծառ Եաննոնէ

Գերատեսչութիւնը կապի մէջ է Եկեղեցւոյ տարբեր հաստատութիւնների, մասնաւորապէս՝ Հռոմէական Կուրիայի Գերատեսչութիւնների եւ Եպիսկոպոսների Համաժողովների հետ, ինչը թոյլ է տալիս պարզել նորմերի հնարաւոր փոփոխութիւնների անհրաժեշտութիւնը կամ ընդունել նոր նորմերի վերաբերեալ առաջարկութիւնները: Ինչպէս ասւում է յայտնի ասացուածքում՝ «օրէնքը հետեւում է կեանքին»: Գերատեսչութիւնը աշխատում է ընդհանրական օրէնսդրութեան վրայ, որն ընդհանուր է համայն Եկեղեցւոյ համար, իսկ Եպիսկոպոսների Համաժողովների եւ, յատկապէս, թեմական Եպիսկոպոսների պարտքն է կիրառել ընդհանրական օրէնքը՝ համաձայն տարբեր վայրերի եւ մշակոյթների որոշակի կարիքների:

Հետեւաբար, Քահանայապետական Խորհուրդը պէտք է հաւաստիանայ, որ եպիսկոպոսների կամ համաժողովների կողմից ներկայացուած օրէնքները համապատասխանում են ընդհանրական օրէնքին: Միեւնոյն ժամանակ, անհրաժեշտութեան դէպքում, շահագրգիռ կողմերը կարող են Գերատեսչութեան առջեւ վիճարկել տեղական նորմերը, որոնք հակասում են Սրբազան Քահանայապետի կողմից ընդունուած նորմերին: Այս նպատակով, Օրէնսդրական Գրքերի Քահանայապետական Խորհուրդին է վստահուած ուսումնասիրել եպիսկոպոսների կողմից հրապարակուած որոշումները եւ ստուգել դրանց համապատասխանութիւնը Եկեղեցւոյ ընդհանրական օրէնքին: Այսօր, աւելի քան երբեւէ, զգացւում է ապակեդրոնացման կարիք՝ նոյնիսկ իրաւական ոլորտում, սակայն այն պէտք է իրականացուի պահպանելով Եկեղեցւոյ միասնութիւնը: Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոսն իր «Evangelii gaudium» առաջին առաքելական յորդորագրի մէջ խօսում է առողջ «ապակեդրոնացման» մասին:

Գերատեսչութեան իւրաքանչիւր պաշտօնեայ պէտք է ունենայ կանոնական իրաւունքի ակադեմիական որակաւորում: Բացի լատիներէնից, պահանջւում է նաեւ ժամանակակից լեզուների որոշակի իմացութիւն, որպէսզի կարողանան պատասխանել տարբեր երկրներից ստացուող խորհրդատուութեան խնդրագրերին:

Որպէս Հռոմէական Կուրիայի Գերատեսչութիւն, Քահանայապետական Խորհուրդը կազմաւորուած է համաձայն « Pastor Bonus » Առաքելական Սահմանադրութեան նորմերի: Գերատեսչութիւնը ղեկավարւում է նախագահի կողմից, ում աջակցում են քարտուղարը եւ օգնական-քարտուղարը: Գերատեսչութեան անդամները ընտրւում են Քահանայապետի կողմից՝ ամբողջ աշխարհի կարդինալներից եւ եպիսկոպոսներից: Ի տարբերութիւն այլ Միաբանութիւնների, այս գրասենեակի աշխատակիցների թիւը մեծ չէ, սակայն կան մեծ թուով խորհրդատուներ, կանոնական կամ եկեղեցական իրաւունքի փրոֆեսորներ եւ մասնագէտներ ամբողջ աշխարհից, ովքեր հեռավար կերպով համագործակցում են Գերատեսչութեան հետ եւ իրենց կարծիքն են յայտնում ամենաբարդ հարցերի վերաբերեալ:

Գերատեսչութեան գործունէութիւնը կարելի է որակել որպէս ծառայութիւն Կաթողիկէ Եկեղեցւոյ կեդրոնական վարչութիւններին, առանձին Եկեղեցիներին եւ հոգեւորականներին, ինչպէս նաեւ եկեղեցական այլ հաստատութիւններին, եթէ վերջիններիս կողմից նման խնդրագիր է ստացւում: Հետեւաբար, այս ծառայութիւնը լիովին անվճար է: Գերատեսչութեան ծախսերը հոգում է Սուրբ Աթոռը: Ինչպէս գիտենք, Սուրբ Աթոռն իր պահպանութիւնն իրականացնում է նաեւ համաշխարհային եկեղեցական համայնքների տնտեսական աջակցութեան շնորհիւ: Եկեղեցական այս համայնքները շատ լաւ գիտեն, որ Գերատեսչութեան ծառայութիւնը նպաստում է Սրբազան Քահանայապետի առաքելութեան իրականացմանը՝ ի նպաստ Ընդհանրական Եկեղեցւոյ եւ իւրաքանչիւր առանձին Եկեղեցու, հետեւաբար, պարտաւորուած են զգում համագործակցել իրենց հնարաւորութիւնների սահմաններում:

Գերապայծառ Եաննոնէ
Գերապայծառ Եաննոնէ

Իրականում, աշխատանքի մեծ մասը կազմում են առանձին դէպքերի վերաբերեալ թեմական եպիսկոպոսների, եկեղեցական ատեանների եւ կրօնական առաջնորդների կողմից Գերատեսչութեանն ուղղուած հարցերին պատասխանելը: Գերատեսչութիւնը ստանում է առարկայական հայցեր, որոնք վերաբերում են ոչ թէ ուղղակիօրէն կանոնների իրական մեկնութեանը, այլ՝ առօրեայ կեանքում հանդիպող առանձին դէպքերի նկատմամբ դրանց կիրառմանը: Քահանայապետական Խորհուրդը փորձում է հնարաւորինս արագ պատասխանել ներկայացուող հայցերին, ի հարկէ, մանրակրկիտ ուսումնասիրելով գործը եւ հաշուի առնելով Հռոմէական Կուրիայի կողմից հաստատուած գործընթացին:

Իրաւական վերջին բարեփոխումները, ինչպիսիք են՝ ամուսնական գործընթացի եւ կանոնական քրէական իրաւունքի վերաբերեալ բարեփոխումները, վերադաս պաշտօնեաներին պարտաւորեցրին աւելի մեծ ուշադրութիւն դարձնել այս ոլորտում աշխատող հոգեւորականների եւ աշխարհականների կրթութեանը: Սա թոյլ տուեց եւս մէկ անգամ բացայայտել օրէնքի անհրաժեշտութիւնը Եկեղեցւոյ կեանքում: Այս անհրաժեշտութեան մասին խօսել են Վատիկանի Բ. Տիեզերաժողովին յաջորդող ժամանակաշրջանի բոլոր Քահանայապետերը՝ սկսեալ Սուրբ Պօղոս Զ. Պապից մինչեւ Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը:

Կանոնական իրաւունքը, որ սովորեցնում է, թէ ինչպէս մեկնաբանել եւ ճիշտ կիրառել Եկեղեցւոյ օրէնքը՝ հիմնուած է բնական իրաւունքի եւ աստուածային օրէնքի վրայ, որոնք արդարադատութեան չափորոշիչներն են, եւ, որոնց պէտք է հետեւեն եկեղեցական իշխանութիւնները: Հետեւաբար, կանոնական իրաւունքը՝ այս լիազօրութիւններն իրականացնողներին տալիս է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպէսզի կարողանան օրէնքի խստութիւնն ու պահանջները յարմարեցնել որեւէ առանձին դէպքի արդարադատութեան իրականացմանը, այսինքն՝ օրէնքի գործադրման ժամանակ չմոռանալ գթասրտութեան եւ ողորմածութեան պահանջները: Ինչպէս ասել է Պենետիկտոս ԺԶ. Քահանայապետը. «Օրէնքը սիրոյ նախապայման է»:

Սուրբ Թովմասն ասում էր. «Ողորմածութիւնը՝ առանց արդարութեան, կործանման սկիզբն է, իսկ արդարութիւնն առանց ողորմածութեան՝ անգթութիւն»: Ողորմածութիւնը չի գործում ընդդէմ արդարութեան, այլ՝ իրագործւում է արդարութեան միջոցով: Հետեւաբար, գթասրտութիւնն ու ողորմածութիւնը ողջամիտ բնորոշումն են Եկեղեցւոյ արդարադատութեան:

Ըստ Կանոնական իրաւունքի օրէնսգրքի՝ «հաւատացեալներն իրաւունք ունեն արդար դատաքննութեան՝ համաձայն օրէնքի դրոյթների» (Կանոն 221, 2): Սուրբ Յովհաննէս Պօղոս Բ. Քահանայապետն ասել է. «Ճշմարիտ ողորմածութիւնը արդարութեան ամենախորը ակունքն է» (Dives in Misericordia, n° 14):

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

22/03/2022, 10:26