ҽ

Ջիովաննիի նամակը հօրը՝ Մասսիմոյին Ջիովաննիի նամակը հօրը՝ Մասսիմոյին   Պատմութիւնը

Ջիովաննին երկնքի յաւիտենականութեան մէջ:

«Երեխայի կորուստը խորը եւ մութ անդունդ է, որում յայտնւում է ողջ ընտանիքը: Անհնարին է այս բացակայութեանը որեւէ բացատրութիւն գտնելը». Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի խօսքերը ճշգրիտ բնորոշումն են մարդու այն կերպարի, ով անցնում է ցաւի կրակի միջով, ցաւ, որն այդպէս էլ չի ամոքուի: Ջիովաննին վախճանուել է մօտաւորապէս ութ տարի առաջ՝ հիւանդութեան պատճառով: Այս պատմութիւնը Ջիովաննիի հօր՝ Մասսիմոյի մասին է: Սա պատմութիւն է սիրոյ, հաւատքի եւ որդիների մասին, ովքեր վերստին միաւորւում են Հայրերի տօնի օրը:

Բենեդէտտա Կապելլի – Վատիկան

«Երեկ Հայրերի տօնն էր: Վաղ առաւօտեան երկու դուստրերիցս շնորհաւորանքներ ստացայ, սակայն ամբողջ օրը անդադար մտածում էի որդուս՝ Ջիովաննիի մասին: Տուն վերադառնալուն պէս, սկսեցի փորփրել նրա իրերի մէջ՝ մի բան, որը երբեւէ չէի արել այն օրից ի վեր, ինչ նա հեռացել էր մեզանից: Գտայ շնորհաւորական բացիկներ ընկերներից, նրա սիրելի թիմի ինքնակպչուն պիտակներ, լուսանկարներ... ապա, նաեւ թղթի մի կտոր՝ գրուած Ջիովաննիի կողմից: Գրութիւնը սկսւում էր այսպէս. «Սիրելի՛ հայրիկ...»: Այսպիսով, Մասսիմօ Ռայմոնդին մտքում վերստին պատկերում է իր համար առանձնայատուկ այդ հայրերի տօնը: Մասսիմոն բարի աչքերով, սակաւախօս մարդ է, խօսում է միայն այն դէպքում, երբ հարց են տալիս, գործի մարդ, ով պատրաստ է անխոնջ աշխատանքի, իսկ նրա կեանքը լուռ աշխատանքի, սիրոյ ծառայութեան եւ շարունակ ողորմածութեան գործեր անելու լուսաւոր վկայութիւն է: Երկար տարիներ է, ինչ նա աշխատում է Հռոմի Քարիթասի կենդրոնում: Նրա գրասենեակը գտնւում է Բարեսիրութեան Միջնաբերդում, ուր անցեալ տարուայ դեկտեմբեր ամսին այցելութիւն կատարեց Ֆրանցիսկոս Քահանայապետը: Մասսիմոն դանդաղ է խօսում, մտազբաղ է, լաւ գիտի, որ խօսքերն արժէքաւոր են, այդ իսկ պատճառով, սոցիալական ցանցերում շատ առանձնայատուկ այս օրուայ պատմութիւնը ներկայացնելը խորը իմաստ ունի:

Ջիովաննի Ռայմոնդի
Ջիովաննի Ռայմոնդի

Նամակը

Այսօր 2019 թուականի մարտի 20-ն է: Ջիովաննին եօթ տարի առաջ հեռացել է կեանքից: Մասսիմոյի կինը՝ Աննան սփոփանք է գտնում այն դպրոցի երեխաների կողքին, որտեղ աշխատում է: Արդէն եօթ տարի է, ինչ Մասսիմոն եւ Աննան ապրում են իրենց առօրեայ պարտականութիւններով, օգնում իրենց երկու դուստրերին՝ Անտօնելլային եւ Ալեսսանդրային, ինչպէս նաեւ միասին մասնակցում են ամենօրեայ պատարագներին: Այսպիսով, նրանք զգում են Ջիովաննիի ներկայութիւնը, ի դէպ, նրա ընկերները՝ նոյնպէս: Ընկերների հետ ամէն տարի՝ յունիս 23-ին, Սուրբ Յովհաննէսի տօնին, Ջիովաննին սովորութիւն ունէր պիցցա ուտելու եւ բաժակաճառ ասելու «Frusta»-ի համար, մականուն, որ ընկերներն էին նրան տուել: Եւ, այդ ամէնից զատ, նաեւ նամակը, որ գտնում է Մասսիմոն այդքան տարի անց:

«Սիրելի՛ հայրիկ, գիտեմ, որ սա կարող է քեզ տարօրինակ թուալ, բայց այս նամակը ես եմ գրել: Ամէն անգամ, երբ այս ընտանիքը դժուար կացութեան մէջ էր լինում, դու միշտ ինքդ քեզ էիր մեղադրում, գուցէ այն պատճառով, որ դու չէիր նկատում քո կատարած բոլոր բարի գործերը: Ես կարող էի հատ առ հատ թուարկել դրանք, բայց մի ամբողջ գրքոյկի կարիք կը լինէր...»

 

Հայրի՛կ, մի պահ կանգ առ եւ մտածիր

Այս նամակի ամէն մէկ բառ մխրճւում է Մասսիմոյի սրտի մէջ, եւ այս տողերը կարդալով՝ կրկին մտատանջւում է նոյն հարցով: Ջիովաննին պատմում է ընտանիքին պատկանող խանութի անյաջողութեան մասին. «Մի իրավիճակ, որը կարող էր կործանել ցանկացած մարդու», բայց, նաեւ հօր կամքի ոյժը՝ վերադարձնելու իր ընտանիքի ունեցուածքը: «Բայց դու երբեք դադար չառար, որպէսզի մտորես այն հարցի շուրջ, - գրում է Ջիովաննին, - թէ արդիւնքում ի՞նչ ստեղծեցիր: Չնայած ստեղծուած իրավիճակին, դու հաւատում էիր քո սկզբունքներին»: Այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են՝ վստահութիւնը Աստուծոյ սիրոյ եւ հաւատը Աստուածային Նախախնամութեան նկատմամբ, յարգանքն ուրիշների հանդէպ՝ նոյնիսկ այն դէպքում, երբ, շատ յաճախ, փոխադարձ յարգանք չես ստանում, սրտաբաց ընդունելութիւն ցուցաբերել բոլորին, ընտանիք դառնալ բոլոր նրանց համար, ովքեր ընտանիք չունեն՝ ինչպէս օրինակ, փոքրիկ Դանիէլը, ում մայրը բանտում էր, եւ Մասսիմոն, Աննան, Ջիովաննին, Անտօնելլան ու Ալեսսանդրան դարձել էին նրա իտալացի ընտանիքը: «Մի օր, Հռոմի Ռեբիբբիա ուղղիչ կենդրոնի հոգեւոր հովիւը կանչեց ինձ (ես իմ կամաւոր ծառայութիւնն էի մատուցում այնտեղ), - պատմում է Մասսիմոն, - եւ խնդրեց փոքրիկ մի տղայի եւ նրա մօրը ուղեկցել տեսակցութիւնների սենեակ: Իւրաքանչիւր շաբաթ օր, գնում էի այն կրօնական համայնք, որտեղ ապրում էր փոքրիկը, ուղեկցում նրան տեսակցութեան, այնուհետեւ՝ ետ բերում: Աւելի ուշ, ես հասկացայ, որ այս երեխան կարիքն ունէր աւելին ստանալու»: Սկզբնական շրջանում Դանիէլը մի քանի ժամ անցկացնում էր Մասսիմոյի տանը եւ խաղում երեխաների հետ, երբեմն մնում էր գիշերելու, եւ, ի վերջոյ, երեխային տեղաւորում են Մասսիմոյի տանը, որը դարձաւ նրա հիւրընկալ ընտանիքը: Այսօր, Դանիէլը դարձել է ընտանիքի հայր եւ ապրում է Հռոմից հեռու, սակայն նրա սիրտը շարունակում է ամուր կապերով կապուած մնալ Ռայմոնդիներին:

Ջիովաննիի ընկերների որմանկարը՝ յարգանքի տուրք նրա յիշատակին
Ջիովաննիի ընկերների որմանկարը՝ յարգանքի տուրք նրա յիշատակին

Դու ձախողակ չես

«Ինչո՞ւ այսպէս պատահեց: Որովհետեւ դու ձախողա՞կ ես». հարց, որը շատ յաճախ յայտնւում է Մասսիմոյի կեանքում: Այս նոյն հարցն է առաջ գալիս, երբ նա գործազուրկ է, երբ մեկնում է Մոզամպիք եւ ականատեսը լինում ծայրայեղ աղքատութեան, երբ արթնանում է առաւօտեան ժամը 4-ին՝ Հռոմի ռեստորաններ գինի առաքելու համար, երբ սասանւում է նրա հաւատքը: Ջիովաննին պարզ պատասխան է տալիս այս հարցին. «Գուցէ այն պատճառով, որ դու քո մէջ այնպիսի ոյժ ունես, որը կարող էր ամբողջ աշխարհը հաշտեցնել»: Ահա՛ ճշմարտութիւնը: Այս վեհանձն հոգին է, որ նոյնիսկ իր համար ծանր իրավիճակներում չի դադարում օգնել ուրիշներին՝ տալով այն քիչը, որ մնացել է իրեն: Աստուածային Նախախնամութեան նկատմամբ ունեցած այս անկոտրում հաւատքն է, որ նրա առջեւ նոր դռներ է բացում. նախ, բանուորի աշխատանք Վիլլա Գլորիում՝ իր հետ տանելով նաեւ Ջիովաննիին, ապա՝ աշխատանք Քարիթասում:

Աստուած սիրում է մեզ

Հիւանդութիւնն ի յայտ է գալիս շատ անսպասելիօրէն: Մի օր Ջիովաննին արթնանում է եւ այլեւս չի կարողանում քայլել: Սա սկիզբն էր ախտորոշումների, հիւանդանոցում անցկացրած օրերի եւ միշտ անպատասխան հարցերի անվերջանալի շղթայի: Այս ծանր շրջանից մնում է միայն Ջիովաննիի երկու քոյրերի անհուն սէրն ու նուիրուածութիւնն իրենց եղբօրը, Խաչի զօրութեանն ապաւինելու ոյժը եւ ընտանիքի համախմբուածութիւնը: «Ջիովաննիի մահը, - ասում է Մասսիմոն, - մեզ միաւորեց հաւատքի շնորհիւ: Յուղարկաւորութեան օրը հաւատքն էր, որ ինձ ասում էր, թէ սա Տիրոջ փորձութիւնն է՝ ինչին ի պատասխան ասացի, որ դա անհնարին է, քանի որ Տէրը, ում ես սիրում էի եւ հիմա էլ շարունակում եմ սիրել, Հայրը՝ ով բազմիցս ինձ դուրս է բերել ամէն տեսակ փորձութիւնից, չէր կարող ինձանից խլել իմ որդուն: Իմ որդուն՝ ո՛չ»:

Մասսիմոն եւ Աննան
Մասսիմոն եւ Աննան

Նա մեզ հետ է

«Ես համոզուած եմ, որ որդիս երկնքում է եւ սպասում է մեզ: Բայց ես զգում եմ նրա կենդանի ներկայութիւնը, ես նրան տեսնում եմ խոհանոցում, պատշգամբում, պատկերացնում եմ, թէ ինչպէս է ծաղիկներ մշակում»: Ջիովաննին ճախրում է երկնքում, ինչպէս այն արծիւը, որը նրա սիրելի ֆութպոլային թիմի՝ Լացիոյի խորհրդանշանն է: Ջիովաննին սրարշաւ ընթացքի մէջ է, լցնում է բոլոր նրանց կեանքը, ովքեր ճանաչել են նրան եւ, այսօր, առաւել քան երբեւէ, ժպտում է Նիքոլային՝ Մասսիմոյի թոռանը, որ ծնուել է մի քանի ամիս առաջ եւ, ով ներկայացնում է երբեք չմեռնող կեանքի ներկան ու ապագան:

«Սիրելի՛ հայրիկ, սրտանց եմ ասում, եթէ այս պատմութեան մէջ կայ որեւէ մէկը, ով յաղթել է, ապա՝ դա դու ես»:

Եզրափակելով խօսքը, Մասսիմոն ասում է. «Այս նամակը երկնքի պարգեւն է՝ ամենամեծ նուէրը, որ ցանկացած հայր կարող է փափաքել»:

Թարգմանեց՝ Հրանուշ Սարգսեանը

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

24/03/2020, 07:42